Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ստամբուլի հայկական համայնքի հետ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ապրիլ 10,2023 16:12

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության Ստամբուլ կատարած եռօրյա այցի ընթացքում տեղի հայկական հայրենակցական միություններին ու մարզական ակումբներին ներկայացրել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներն ու դրանց ընթացքը։

Տարիներ շարունակ սփյուռքը ամուր պահել ու  հայությանը համախմբել են նաև  նման  կենտրոնները։ Այստեղ հայերեն գրել- կարդալ սովորելուց ավելի կարևորում  են ազգային ավանդույթները սերմանելն ու պահպանելը, միմյանց ճանաչելն ու կողք-կողքի լինելը։

ՀԽՀԿ պատվիրակության հերթական կանգառը «Շիշլիի» մարզական ակումբն էր, որտեղ  բացի ակումբի անդամներից ներկա էին նաև պոլսահայ լրատվամիջոցների ներկայացուցիչները։  Շրջայցից հետո ատենապետ Ալէն Թէքպըչաքը և վարչության անդամները հյուրերին ներկայացրել են Ակումբի հարուստ տարեգրությունն ու ձեռքբերումները։

Այնուհետև կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանել է ակումբի անդամների ու լրագրողների հարցերին։

«Նկատի ունենալով նախորդ խաղերում պոլսահայերի ակտիվ մասնակցությունն ու ոգևորվածությունը՝ այս տարի ևս ակնկալում ենք մեծ թվով մասնակցություն։  Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները երկու շաբաթ անմոռանալի օրեր են անցկացնում հայրենիքում և հայտերից ստացված վիճակագրությունը փաստում է, որ մասնակիցների 80-90 տոկոսն առաջին անգամ է լինում Հայաստանում»,- ասել է Իշխան Զաքարյանը։

Պատվիրակության հաջորդ այցելությունը Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու թաղային նորաստեղծ  խորհուրդ էր։ Այստեղ ևս քննարկվող հարցերը Համահայկական խաղերի շրջանակում էին։

Պոլսի «Սեբաստիա» հայրենակցական  միությունը համախմբում է ծննդով ու արմատներով սեբաստացիներին։ Միությունում շատ ջերմ ու բարեկամական մթնոլորտում Սեբաստիայի, Մալաթիայի մեր հայրենակիցների հետ քննարկվել են  Համահայկական խաղերին նրանց ներգրավվածության մասին հարցեր։ «Սեբաստիա» հայրենակցական  միության անդամները նշել են, որ նման հետևողականությամբ կազմակերպվող  խաղերը սփյուռքահայ երիտասարդներին համախմբելու,  հայրենիքի հետ նրանց  կապը սերտացնելու լավագույն միջոցներից է։

Ստամբուլյան այցի երկրորդ օրն ամփոփվեց «Սասուն Մոտքի» հայրենակցական  միություն այցելությամբ։ Այն համախմբում է Պոլսում բնակվող արմատներով սասունցիներին։ 2011 թ. համահայկական ամառային 5-րդ խաղերին Սասունի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց խաղերին՝ դառնալով Համահայկականի հայտնությունն ու ամենահամախմբված պատվիրակությունը։

«Ես շատ ուրախ եմ նման համախմբման համար, հենց այսպիսի միությունների շնորհիվ է, որ Սփյուռքը կա ու գոյատևում է և մենք դրանով է, որ ուժեղ ենք»,- նշել է Իշխան Զաքարյանը՝ հավելելով, որ այսօր այն ինչ տեղի է ունենում աշխարհում մեզ պարտավորեցնում է լինել առավել քան ուժեղ և համախմբված, ամրապնդել մեր կապերը հայրենիքի հետ թե՛ մշակութային, թե՛ սպորտային և թե՛ տնտեսական ուղղություններով ու բիզնեսում։

Զաքարյանը միության անդամներին հիշեցրել է, որ նախորդ երկու խաղերում Համահայկականի ջահերից մեկը վառվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, մյուսն էլ՝ Մուսա Լեռան  հայկական մնացած  միակ գյուղի՝ Վագըֆի, Սուրբ Աստվածածին եկեղեցում։

«Սա նշան է այն բանի, որ մենք արժևորում ենք Սփյուռքը և անում ամեն ինչ, որպեսզի այստեղի հայությունը իր թիկունքում զգա հայրենիքը»։

Պոլսահայերն իրենց երախտիքն են հայտնել Իշխան Զաքարյանին՝ Հայաստանի հետ սփյուռք կապերի ամրապնդումը խթանելու համար։

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930