Մարտի 2-ի գիշերը հարեւանի տնից գողություն կատարելու պահին բռնված պարեկը 44-օրյա պատերազմի մասնակից է, երկար տարիներ ծառայել է ՊՆ համակարգում՝ որպես սպա: Այս տեղեկությունը Aravot.am-ին հայտնեց պարեկի պաշտպանը՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Ունի որոշակի լուրջ խնդիրներ, որոնք բարձրաձայնման ենթակա չեն այն իմաստով, որ կատարված հանցագործությունների շարժառիթը չեմ կարող բացահայտել: Բայց կան սոցիալական խնդիրներ, որոնք, իհարկե, չեն մեղմում արարքը, բայց, այնուամենայնիվ, պատժի, պատասխանատվության համար ունեն էական նշանակություն»,- ասաց պարեկի պաշտպանը:
Վերջին գողության վայրից պարեկը ոչինչ, ըստ պաշտպանի, չի գողացել:
Րաֆֆի Ասլանյանը հաստատեց, որ իր պաշտպանյալը բռնվել է գողության վայրում հարեւանների կողմից, բայց ասաց՝ նրանց կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չկան. «Ծեծի ենթարկվելու տվյալներ գործով չկան»:
Կարդացեք նաև
Նախաքննության գաղտնիության շահերից ելնելով՝ փաստաբանը չհայտնեց տեղեկություններ իր պաշտպանյալին վերագրվող այլ վեց գողության վերաբերյալ. «Ամեն ինչ արել է նախաքննությանն օժանդակելու համար: Իր դատավարական վարքագծով դրսեւորել է ավելի քան պատշաճ դատավարական վարքագիծ եւ իր դատավարական վարքագծով ապացուցել է, որ առնվազն արժանի է մեղմ վերաբերմունքի»:
Փաստաբանի խոսքով, պարեկը շարունակում է մնալ կալանքի տակ: Նա ունի մանկահասակ երեխաներ եւ շատ անգամներ է լավ ծառայության համար խրախուսվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ