Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր անդրադարձ կատարվեց արգելված վայրերում շինաղբ թափելու խնդրին։ Խորհրդակցությունը վարում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց՝ կազմակերպվել են վարչական շրջանների ղեկավարների հետ համատեղ շրջայցեր խրոնիկ վայրեր, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որպեսզի այլեւս այնտեղ որեւէ մեքենա չներթափանցի․ «Նույն աշխատանքը կատարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, երկկողմանի փակվել է ամբողջությամբ ստորին Հրազդանի ջրանցքի երկայնքով՝ Դալմայի այգիներից՝ Իսակովի պողոտայից եւ Կուրղինյան խաչմերուկից։ Այդ բոլոր հատվածները վերցվել են հսկողության տակ։ Նույն միջոցառումը, այս շաբաթ պայմանավորվել եմ պարոն Մկրտչյանի հետ, կանենք Շենգավիթ վարչական շրջանում։ Այնտեղ էլ է խնդիրը շատ սրված։ Միակ ճանապարհը տարածքի արգելափակումն է»:
Արեյանի փոխանցմամբ՝ վարչությունների եւ պարեկային ծառայության հետ քննարկել են խնդիրը․ «Շարունակելու ենք ամենօրյա այցերն ու ռեյդերը»։
Արեյանի խոսքով՝ խնդիր կա նշված տարածքում համապատասխան նշաններ տեղադրելու կապակցությամբ։ Ասաց, առաջիկայում այդ նշանների ձեւակերպումների հարցը կներկայացնի փոխքաղաքապետին։
Կարդացեք նաև
Ավինյանն էլ արձագանքելով ասաց՝ այդ կերպ քաղաքապետարանը պայքարում է հետևանքների դեմ, մինչդեռ պետք է անդրադառնալ սկզբնաղբյուրներին. «Սկզբնաղբյուրը շինհրապարակներն են եւ շինարարներն են, որոնք համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ շինաղբից ավելի էժան ձերբազատվելու համար»։
Ավինյանը դիմելով քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանին, ասաց՝ քննարկել ենք, որ այսուհետ շինարարությունների ավարտական ակտերը պետք է կապենք նրա հետ, թե տվյալ շինարարը շինարարություն իրականացնելու ընթացքում արդյոք ստացել է համապատասխան փաստաթղթերը համապատասխան շինաղբավայրից․ «Եթե այդտեղ պետք է իրավական փոփոխություններ անել, եկեք դա էլ արձանագրենք որպես հանձնարարական, որ հետո չլինի՝ մենք դատարանի ճանապարհով գնում ենք ավարտական․․․Ավարտական ակտ մարդը չպետք է ստանա, եթե ինքն իր շինաղբը համապատասխան ձեւով չի տեղափոխել շինաղբավայրեր, որոնք շատ կոնկրետ տեղեր են։ Իրենք պետք է ստացական ունենան, որ իրենք այդ շինաղբը տեղափոխել են շինաղբավայր»։
Յակով Ասատրյանը պարզաբանեց, որ կոմունալ վարչության հետ քննարկել են, նախաձեռնելու են որոշման փոփոխություն, որով նախատեսվում է, որ ավարտական ակտերի փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնել վճարման անդորրագրերը՝ շինաղբը սահմանված վայր տեղափոխելու վերաբերյալ․ «Միաժամանակ ընթացիկ հսկողությունը բարձրացված է, ժամանակ առ ժամանակ ստուգայցեր կիրականացվեն»։
Փոխքաղաքապետ Ավինյանն էլ զգուշացրեց կառուցապատողներին․ «Նորից կրկնեմ՝ եթե շինարարները համապատասխան փաստաթղթեր չունեցան, որ շինաղբը շինաղբավայր են տեղափոխում, մեզ հետ խնդիր են ունենալու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ