Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ առաքելությունը վտանգի տակ է դրել ԵՄ- Ադրբեջան հարաբերությունները. Politico

Ապրիլ 10,2023 14:32

Ադրբեջանի գազն ու նավթը վճռորոշ նշանակություն ունեն Եվրամիության` ռուսական հանածո վառելիքը փոխարինելուն ուղղված ջանքերի համար, սակայն դա վտանգի տակ  հայտնվեց այն բանից հետո, երբ ԵՄ-ը սկսեց փորձեր ձեռնարկել պատերազմից տուժած Հարավային Կովկասում հզոր խաղացողի դերակատարություն ստանձնելու ուղղությամբ, գրում է Politico-ն:

ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել՝ երկու երկրների միջև լարված լեռնային սահմանի հայկական կողմում ոստիկաններին օգնելու համար, ինչը, ինչպես Ադրբեջանն է զգուշացնում, արտաքին միջամտություն է իր ներքին գործերին:

Մյուս կողմից, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը դատապարտող Եվրախորհրդարանի զեկույցը վրդովմունքի ոռնոց է առաջացրել այդ երկրում:

Այդ ամենը ստվեր է գցում մինչև 2027թ. գազի տարեկան մատակարարումները մինչև 20 միլիարդ խորանարդ մետր ավելացնելու ԵՄ և Ադրբեջանի միջև կնքված աղմկահարույց գործարքի վրա, կարծում է պարբերականը:

ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան, անանուն մնալու սկզբունքով, Politico-ին խորը ցավով փաստել է, որ դիտորդական առաքելությունը կարծես թե վատթարացրել է հարաբերությունները: «Մենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկային ծառայության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ մենք որևէ խնդիր չենք ուզում»,- ասել է դիվանագետը:

Մինչ Ռուսաստանը շեղված է Ուկրաինայի դեմ իր աղետալի պատերազմով, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով հարևան Հայաստանին՝ այդպիսով փորձելով հավասարակշռություն պահպանելել երկու հակառակորդ պետությունների միջև:

Սակայն Բաքուն այդպիսին չի դիտարկում 100 դիտորդներին, որոնց մասին Բրյուսելը հայտարարել էր հունվարին՝ անցյալ սեպտեմբերի երկօրյա պատերազմից հետո:

Անցյալ ամիս իր ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատեց Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ իր երկրի դիմակայության գործում արտաքին միջամտությունը: «Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված միջնորդները [փորձում են] ոչ թե լուծել խնդիրը, այլ սառեցնել այն»,- հայտարարեց նա՝ պնդելով, որ Բաքուն մերժում է «մեզ անիմաստ բանակցություններով հոգնեցնելու» ջանքերը։

«Ադրբեջանն ու Ռուսաստանը փաստացի նույն բանն են ասում, որ ԵՄ առաքելությունը ռազմահետախուզական գործողություն է՝ մոնիտորինգի քողի տակ,- ասել է ԵՄ պաշտոնյան։ – Նրանք հենց սկզբից փորձում են վարկաբեկել առաքելությունը, որը բացառապես քաղաքացիական է և անզեն, և մենք շատ բան չենք կարող անել այդ առումով»:

ԵՄ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիգովը Politico-ին ասել է, որ Ադրբեջանի հետ սահմանի մոտ դիտորդների ներկայությունը անհանգստացնում է Բաքվին։

«Սա երկկողմանի հարց է Հայաստանի և ԵՄ-ի միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային կետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված միջավայրում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և, Իրանի սահմանին ավելի մոտ, Իրանի ռազմական ուժեր: Հիմա ունենք նաև ԵՄ խաղաղապահներ։ Այսպիսով, մենք ունենք լեգիտիմ անվտանգության հարցեր»,- ասել է նա։

Սադիգովը զգուշացրել է, որ առաքելությունը կարող է դիտարկվել որպես Բրյուսելի կողմից տարածաշրջանում իր ներկայությունն ուժեղացնելուն ուղղված ջանքեր։

Բաքուն նաև սրերով ընդունեց անցյալ ամիս Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որը «դատապարտում է սեպտեմբերին Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական ագրեսիան», մեղադրում է Բաքվին խաղաղության գործընթացը խաթարելու մեջ և «ընդգծում է ԵՄ պատրաստակամությունը ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում»։ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևում նաև ասվում է, որ Ադրբեջանի «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը դեռևս շատ բացասական է և պետք է բարելավվի»:

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը պատասխան կրակ է բացել՝ պնդելով, որ ԵՄ որոշումից «կոռուպցիայի անտանելի հոտ է փչում»:

Մյուս կողմից, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը հանդարտեցնելու Բրյուսելի ջանքերը ձախողվում են:

Անցյալ ամիս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ քննարկելու իրավիճակը տեղում և «ընդգծելու ԵՄ պատրաստակամությունը՝ օգնելու… տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»: Այնուամենայնիվ, ընդամենը ժամեր անց Ադրբեջանը հաստատեց, որ իր զորքերը կրկին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի գոտի և արդյունավետ վերահսկողություն հաստատել ճանապարհի վրա, որը, ըստ նրա, օգտագործվում է հայերի կողմից զենք բերելու համար:

Ըստ Carnegie Europe վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալի՝ Բրյուսելը դեռ հույս ունի, որ կարող է միջնորդել՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը:

«ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում երկու կողմերի հետ՝ փորձելով վերսկսել խաղաղության գործընթացը։ Արտաքինից դա վտանգավոր է թվում, բայց երբ ներսից խոսում ես մարդկանց հետ, դեռ հույս կա, որ մենք դեռ չենք սպառել հնարավորությունները», – ասել է նա:

Դե Վաալի խոսքով, սակայն, եթե այդ ջանքերը տապալվեն, կարող են լինել արևմտյան երկրների կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման աճող կոչեր, ինչը կարող է դժվարություն առաջացնել ԵՄ-ի՝ Ադրբեջանը որպես ռուսական հանածո վառելիքի այլընտրանք օգտագործելու ջանքերի համար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930