Սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ, ըստ որոնց՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում, Արամ Մանուկյանի արձանի շրջակայքը կիսաքանդ վիճակում է։ Օգտատերերը նշում են, որ այս հատվածում բարեկարգման աշխատանքները բավարար որակով չեն իրականացվել։
Այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այս խնդրի վերաբերյալ հարց ուղղեց շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանին․ «Հրապարակի վերեւի հուշարձանի հետ կապված՝ ասում են, որ աշխատանքը բավարար որակով չեք արել։ Դա այդպե՞ս է»։
Ի պատասխան հարցի՝ Գրիգորյանն ասաց․ «Դեռեւս անցյալ տարի գործակարգավարականի ժամանակ փաստվել է, որ որոշակի հատված ծավալաթերթում շինարարության մեջ ներառված չի եղել եւ դրա համար առանձին մրցույթ ենք հայտարարել: 12 միլիոնով շահող կազմակերպություն կա, որն այս պահին իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվողն հատվածի վերանորոգման աշխատանքները: Սա, կարծում եմ, մանիպուլյացիա է, որ իբր մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետեւ այդ հատվածում երբեք ոչ ծավալներով, ոչ նախագծերով ոչ մի շինարարական աշխատանք չի ձեռնարկվել»:
Գրիգորյանը հավելեց՝ նմանատիպ խնդիր կա նաեւ Հաղթանակ կամուրջի հետ կապված․ «Այնտեղ էլ իբր կատարողական ենք տվել ծավալների չհամապատասխանող։ Սա եւս սուտ է, որովհետեւ դեռեւս կատարողական չի տրված Հաղթանակ կամրջի շինարարության համար»։
Կարդացեք նաև
Ավինյանն էլ հավելեց․ «Մի բան առաջարկեմ ապագայի համար՝ երբ ինչ-որ տեղ անում ենք շինարարական բարեկարգման աշխատանքներ, տեղեր չթողնենք, որոնք ներառված չեն նախագծում: Եթե անում ենք, պետք է ամբողջական ու համալիր պետք է անենք, որ հետո չստացվի՝ մի հատված արեցինք, մի հատված բաց մնաց: Ես գիտեմ, որ հիմա այդպես ենք անում եւ սա նախկինից մնացած նախագիծ է։ Բայց, այնուամենայնիվ, այս հիշեցումը չի խանգարի, թե չէ ամեն մի տենց տեղում առիթ ենք ստեղծում մարդկանց գնալու եւ սելֆիներ անելու ջարդված քարերի հետ, որոնք նախագծում ներառված չեն եղել: Իրականում այնպես չէ, որ դա սխալ է, եթե մի գործ անում ենք, պետք է ամբողջական անենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ