Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաբարձր մակարդակով հաստատվել ու հաստատվում է, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան». Սերգեյ Կոպիրկին

Ապրիլ 10,2023 13:48

«Ամենաբարձր մակարդակով հաստատվել ու հաստատվում է, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան»,-Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցած Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ճանապարհային ցուցանակների պաշտոնական բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը հայտնեց՝ այդ հարցերն այժմ մշակման փուլում են և շարունակեց. «Կարծում եմ, որ այդ մշակումների արդյունքում մենք բոլորս կիմանանք, թե ինչ որոշում է եղել: Միայն սա է, որ ես կարող եմ ձեզ ասել՝ ելնելով այն տեղեկությունից, որը ես ունեմ»:

Լրագրողները փաստեցին՝ շարունակվում է փակ մնալ Լաչինի միջանցքը և հարցրին՝ անվտանգային, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր քննարկվո՞ւմ են, դեսպանը պատասխանեց. «Ինչքան ինձ է հայտնի՝ քննարկվում է ամբողջ հարցերի համակարգը, որը վերաբերվում է տարածաշրջանում իրավիճակին և իրավիճակի բարելավմանը: Իսկ թե կոնկրետ ի՞նչ, ես պատրաստ չեմ պատասխանել այդ հարցերին, քանի որ կառավարության մամուլի քարտուղարը չեմ»:

Հարցին՝ արդյոք Ձեզ բավարո՞ւմ է հայկական կողմի պատասխանը՝ կապված Հռոմի ստատուտի հետ, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց, որ այդ հարցին արդեն պատասխանել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարեց՝ ՀԱՊԿ առաքելության տեղակայման ժամկետները կախված են Հայաստանից։

Դիտարկմանը՝ արդյոք կարելի՞ է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ չնայած տարատեսակ տարաձայնությունների և խնդիրների, նորմալ են, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց. «Ես ելնում եմ նրանից, որ մեր երկրների միջև կարող է լինել գնահատականների, դիրքորոշումների տարբերություն, դա նորմալ է, քանի որ մեր հարաբերությունների ծավալն այնպիսին է, որ իսկապես, կարող են հայտնվել հարցեր, որոնց վերաբերյալ դիրքորոշումները կարող են տարբերվել: Ես վստահ եմ՝ մեր հարաբերությունները եղել և մնում են բարեկամական»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930