Լրահոս
Օրվա լրահոսը

Աբու Դաբիի ռազմական ցուցահանդեսի հայկական ցուցանմուշների ոդիսականն ավարտվել է. ԲՏԱՆ-ը խոստովանում է, որ նախկինում ստել է. «Հետք»

Ապրիլ 10,2023 11:05

«Հետք». 2021 թ. փետրվարին Աբու Դաբիում տեղի ունեցած «IDEX-2021» ռազմական ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանից ուղարկված ցուցանմուշները, որոնք այդպես էլ տեղ չէին հասել, ի վերջո, 2022-ի ամռանը Ռուսաստանից վերադարձվել են մեր երկիր:

Հիշեցնենք, որ 23 նմուշները մնացել էին Երեւան-Մոսկվա-Աբու Դաբի ճանապարհի կեսին՝ Մոսկվայում, քանի որ ՌԴ մաքսավորները խնդիրներ էին գտել ու արգելել դրանց տեղափոխումը Արաբական Միացյալ Էմիրություններ, որը կազմակերպում է «IDEX» միջազգային ցուցահանդեսը:

1993-ից ԱՄԷ մայրաքաղաքում անցկացվող «IDEX»-ը (International Defence Exibition and Conference) պաշտպանական ոլորտի միջազգային ցուցահանդես ու կոնֆերանս է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ: Ցուցահանդեսը բավականին մեծ ճանաչում ու հարգանք ունի աշխարհում. այստեղ ներկայացվում են ռազմարդյունաբերական ոլորտի օդային, ծովային ու ցամաքային սեգմենտների տարատեսակ ցուցանմուշներ, ձեռք բերվում գործարար կապեր, հնարավորություն ստեղծվում նոր պատվերների ու ներդրումների համար:

2021 թ. պետությունն այս ցուցահանդեսին մասնակցելու համար ծախսել էր 144 մլն դրամ, սակայն հայկական տաղավարը մնացել էր դատարկ՝ հիմնականում բրոշյուրների հույսին: Սա խայտառակություն էր մի ամբողջ երկրի համար, չնայած այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն ամեն կերպ փորձում էր իրավիճակն այլ տեսանկյունից մեկնաբանել ու մատուցել:

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվող նմուշները ռազմական կամ երկակի (այսինքն՝ կարող են կիրառվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով) նշանակության արտադրանք են: Նման բեռ տեղափոխելու համար անհրաժեշտ են համապատասխան ուղեկցող փաստաթղթեր: Ռազմարդյունաբերության ոլորտում մեր աղբյուրները փոխանցել էին, որ ռազմական նշանակության արտադրանքին ուղեկցող փաստաթղթերի բացակայությունն է պատճառ դարձել, որ երկար ժամանակ հայկական ցուցանմուշները դուրս չէին գալիս Ռուսաստանի տարածքից. ԲՏԱՆ-ն էլ «Հետքին» փոխանցել էր, որ ռուսական կողմը փորձաքննություն է նշանակել:

Իսկ բեռի տեղափոխումը հենց ռուսական ավիաընկերությանը, այս դեպքում՝ «Աէրոֆլոտին» պատվիրելը պայմանավորված է եղել նրանով, որ ցուցանմուշների մեջ եղել են այնպիսիք (մեր աղբյուրը հայտնել էր, որ խոսքը ԱԹՍ-ի մասին է, որը եղել է Հ. Արշակյանի հպարտության առարկան), որոնք չեն համապատասխանել արաբական «flydubai» ընկերության օդանավի բեռնախցիկի դռան չափերին, ինչի հետեւանքով ընտրվել է համապատասխան օդանավ ունեցող «Աէրոֆլոտը» (ԲՏԱՆ-ը մեզ հայտնել էր, որ այդպիսի ցուցանմուշները եղել են մի քանիսը):

Բայց դա էլ ամենը չէր: «Հետքի» աղբյուրը փոխանցել էր, որ եթե 2019-ին ցուցահանդեսին մասնակցելու աշխատանքները համակարգել էր ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեն, որն այն ժամանակ ենթարկվում էր ՊՆ-ին, ապա 2021-ին կոմիտեի աշխատակիցների փոխարեն, որոնք բավարար փորձ ունեին այդ գործում, ներգրավել էին ԲՏԱ նախարարության շուկայի զարգացման վարչության աշխատողներին:

Խայտառակվելուց հետո նախարարությունում ծառայողական քննություն էր նշանակվել, եւ ԲՏԱՆ-ի 3 աշխատակից կարգապահական տույժ էր ստացել. երկուսը՝ «նկատողություն», մեկը՝ «խիստ նկատողություն»: Ըստ էության, սրանք եղել են վերը նշված վարչության աշխատակիցներ:

Փաստորեն, բարձիթողի, փնթի վերաբերմունքը ձախորդությունների մի ամբողջ շղթա էր դարձել. նախ՝ որոշվել էր մեծ չափերով ցուցանմուշներն ամեն գնով տեղափոխել Աբու Դաբի, ինչի արդյունքում արաբական ավիաընկերությունների («flydubai», «Air Arabia») փոխարեն ընտրվել էր ռուսական «Աէրոֆլոտը», որը պիտի Երեւանից մեկներ Մոսկվա, հետո նոր՝ ԱՄԷ: Ցուցահանդեսին մասնակցելու աշխատանքները համակարգել էր ոչ թե այդ ոլորտի առանցքային կառույցը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն, այլ նախարարության վարչություններից մեկը: Սրա հետեւանքով ռազմական բեռն ուղեկցող փաստաթղթերի հանդեպ անփույթ մոտեցումը հանգեցրել էր ՌԴ մաքսավորների կողմից հայկական բոլոր 23 ցուցանմուշների տեղափոխության արգելակմանը:

Կարող է ծիծաղելի թվալ, բայց մինչեւ ցուցանմուշները Հայաստան վերադարձվեցին, ԲՏԱՆ-ում 3 նախարար փոխվեց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930