Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 09.11.2020 թ. արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներին համապատասխան արարք․ ՀՀ պահեստազորի զինծառայողներ

Ապրիլ 10,2023 00:06

Հանցագործության մասին հաղորդում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության

տնօրեն՝ Ա. Աբազյանին

ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝

Ս. Միքաելյանին

2020 թ-ի նոյեմբերի 09-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ․ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը ստորագրել են հայտարարություն, որի բովանդակությունը իմպերատիվ ձևով համապասխանում է եռակողմ միջազգային պայմանագրին, որի իրավական կարգավորումները ամրագրված են ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքով, սակայն՝ ՀՀ Սահմանադրության 116 և 132 հոդվածների պահանջների համաձայն՝ ՀՀ վարչապետը չունի նման լիազորություն, ընդ որում իրավապահ մարմինները զերծ են մնում՝ ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ արարքին քրեաիրավական գնահատական տալուց՝ անտեսելով, որ այդ հայտարարության «Միջազգային պայմանագրի» հետևանքով էական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ միջազգային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից, իսկ նույն իրավանորմի 2-րդ կետի՝ հայկական կողմ՝ Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, այլ պետական մարմինների, որոնք իրենց գործունեությունը կարգավորող օրենքներով օժտված են միջազգային պայմանագիր կնքելու լիազորությամբ:

ՀՀ Սահմանադրության 116-րդ համաձայն՝

1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատությանը, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

2. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

ՀՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, իսկ 2-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Վերոնշյալը փաստում են, որ միջազգային պայմանագիրը վավերացնելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 09.11.2020 թ. արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ, 446-րդ, 460-րդ հոդվածների հատկանիշներին համապատասխան արարք:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով խնդրում եմ օրենքով սահմանված կարգով նախաձեռնել քրեական վարույթ:

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930