Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլիտար» իմունիտետը՝ 100 տարի ապրելու բանալի՞

Ապրիլ 10,2023 09:30

Մարդիկ, որոնք ապրել են 100 և ավելի տարի, կիսվելով իրենց կենսափորձով, 100 և ավելի կանոններով են փորձել բացատրել իրենց երկարակեցությունը․ ոմանք դա կապել են առողջ ապրելակերպի ոսկե օրենքները պահպանելու հետ, իսկ մյուսներն էլ իրենց մեկդարյա կյանքի գաղտնիքը համարել են իրենց սրտի ուզածը կատարելու համարձակությունը։ Սակայն մինչ օրս ո՛չ երկարակյացները, ո՛չ էլ գիտնականները չեն կարողացել գտնել այն հստակ բանաձևը, որը կիրառելի կլինի բոլորի դեպքում։

1900 թ․-ից ի վեր մարդու կյանքի միջին տևողությունն ավելի քան կրկնապատկվել է՝ 1900 թ․-ին 31 տարեկանից հասնելով 73,2 տարեկանի՝ 2023 թ․-ին, և սպասվում է, որ 2050 թ․-ին այն կհասնի 77,1-ի։ Համապատասխանաբար կավելանա այն մարդկանց թիվը, որոնք ապրել են 100 և ավելի տարի։ Հետազոտողների տվյալներով, 2015 թ․-ին ամբողջ աշխարհում հաշվվում էին մոտ 450 000 երկարակյացներ, և կանխատեսումների համաձայն՝ 2050 թ․-ին նրանց թիվը կհասնի մինչև 3,7 միլիոնի։

2000-ական թթ․ սկզբին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում 100 և ավելի տարի ապրող մարդկանց թիվը 2005-2030 թթ․ միջակայքում կավելանա ավելի քան 5 անգամ։

Թեև մինչ օրս հայտնի չէ, թե ինչու են որոշ մարդիկ ապրում մինչև 100 տարի, իսկ մյուսները՝ ոչ։

Թաֆթսի բժշկական կենտրոնի ու Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունն օգնում է գտնել այդ հարցի պատասխանը՝ բացահայտելով, որ երկարակյացներն օժտված են իմունային բջիջների բացառիկ կազմությամբ ու ակտիվությամբ, ինչի շնորհիվ նրանք ունեն բարձր արդյունավետությամբ օժտված իմունային համակարգ, որի շնորհիվ էլ ավելի երկար են ապրում։

Մասնագետները գտնում են, որ այդ արդյունքները մեծ պոտենցիալ ունեն ծերացման առողջ թերապիայի մշակման հարցում։
Հետազոտությունը հրապարակվել է Lancet eBioMedicine ամսագրում։

Իմունային համակարգը տարիքի հետ փոփոխվում է

Տարիքի հետ մարմնի բոլոր հատվածները ենթարկվում են փոփոխությունների, այդ թվում և իմունային համակարգը։
Դոկտոր Սքոթ Կայզերի խոսքով՝ 2 հիմնական հայեցակարգ կա, թե ինչպես է փոխվում իմունային համակարգը տարիքի հետ․

«Դրանցից մեկը իմունիտետի ծերացումն է, և դա իմունային դիսֆունկցիայի տարիքային գործընթացն է»։
«Ուստի մեր իմունային համակարգի բաղադրության ու գործունեության փոփոխությունները ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել տարեց մարդկանց իմունային համակարգի վատթարացման։ Եվ դա սերտորեն կապված է մարդկանց՝ ինֆեկցիաների, աուտոիմունային հիվանդությունների ու անգամ քաղցկեղի որոշ տեսակների նկատմամբ խոցելիության հետ», -ասել է նա։

«Նաև կա բորբոքման խնդիրը։ Դա ռիսկի ուժեղ գործոն է ամեն տեսակի հիվանդությունների համար, ներառյալ՝ նեյրոդեգեներատիվ գործընթացների, ինչպիսինի, օրինակ, Ալցհայմերի հիվանդությունն է», -ասել է դոկտոր Կայզերը։

«Ուստի իմունային համակարգի տեսանկյունից ուշադրության արժանի շատ բաներ կան, և նաև այն, որ մեր իմունային համակարգը, տարիքային փոփոխություններ կրելով, մեզ կարող է կամ ավելի խոցելի դարձնել, կամ պաշտպանել», -ավելացրել է նա։

«Էլիտար» իմունիտետի ուսումնասիրությունը

Հիշյալ հետազոտության հեղինակ դոկտոր Տանյա Կարագիանիսի խոսքով, իր թիմի հետ միասին նա որոշել է ուսումնասիրել երկարակյացների իմունիտետը, քանի որ տարիքի հետ իմունային համակարգը փոփոխություններ է կրում, այդ թվում՝ բջիջների բաղադրության և գործառույթների տեսանկյունից, և դա կարող է հանգեցնել ծերացման հետ կապված հիվանդությունների զարգացման։
«Շատ երկարակյացների մոտ ծերացման հետ կապված հիվանդությունների զարգացումն ուշանում է, և դա խոսում է «էլիտար» իմունիտետի առկայության մասին, որը շարունակում է բարձր արդյունավետություն պահպանել անգամ խորը ծերության շրջանում», -ասել է նա։

«Մենք վերցրել ենք նույն տիպի բջիջներ և ուսումնասիրել գեների արտահայտման տարբերությունները՝ կախված տարիքից՝ երկարակյացների գեների արտահայտման տարբեր մոդելները հայտնաբերելու համար», – հավելել է դոկտոր Տանյա Կարագիանիսը։

Հետազոտողների անցկացրած անալիզը հաստատել է նախորդ դիտարկումները, որոնց համաձայն՝ երկարակյացների բջիջներում բացառիկ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ապահովում են նորմալ իմունային պատասխան՝ տարիքի հետ։

«Մեր արդյունքները կարող են ծերացման առողջ թերապիայի հիմք դառնալ, ինչպես նաև օգնել երկարակեցության պաշտպանիչ գործոններն ավելի լավ տարբերակելու հարցում»։

Դոկտոր Կայզերը այս հետազոտությունը հետաքրքիր է համարում, քանի որ այն ուսումնասիրում է մարդկանց, որոնց հաջողվել է մարտահրավեր նետել ծերությանը։

«Պարզելով, թե ինչպիսին է նրանց իմունային համակարգը, մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչպես է դա տեղի ունենում և ինչպես այն կդառնա պոտենցիալ բուժման միջոց այլ մարդկանց համար, որպեսզի նրանք էլ վայելեն երկարակեցության հաճույքը»,-ասել է դոկտոր Կայզերը։

Լուսանկարներում ամերիկացի հայտնի գործարար, ինտերիերի ձևավորող և նորաձևություն կերտող Այռիս Էպֆելն է, որը, այս տարի դառնալով 101 տարեկան, շարունակում է իր ակտիվ գործունեությունն ու ոգեշնչում հազարավոր մարդկանց։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930