Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն դեպքում բժշկական սխալը պետք է տարանջատել դեպքից». փորձագետ

Ապրիլ 10,2023 13:30

Ապրիլի 7-ը ոչ միայն Մայրության եւ գեղեցկության օրն է, այլեւ` Առողջության համաշխարհային օրը: Այս օրն առողջապահության համաշխարհային օրացույցի ամենակարեւոր իրադարձություններից է, նվիրված է ամբողջ աշխարհում հանրային առողջության իրազեկման բարձրացմանը։ Տոնը ստեղծվել է 1950թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:

Ամեն տարի ԱՀԿ-ն ընտրում է հատուկ թեմա եւ կարգախոս, այս տարվա կարգախոսն է՝ «Առողջությունը բոլորի համար»: Առողջության պահպանման սահմանադրական երաշխիքների, առկա իրավական խնդիրների մասին զրուցել ենք առողջապահական իրավունքի ոլորտում մասնագիտացած «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության իրավական հարցերով փորձագետ Արա Երեմյանի հետ։

– Պարոն Երեմյան, Հայաստանում առողջության պահպանման համար բավարար օրենսդրական հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։

– «Առողջություն» հասկացությունը չի սահմանափակվում միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայությամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնադրության համաձայն՝ «Առողջությունը լիակատար ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական բարեկեցության վիճակ է»: Երեւույթի նկատմամբ այս ելակետային ընկալումը եւ մոտեցումը ընդունվել է նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով։ Դա նշանակում է, որ Հայաստանում առողջության պահպանման օրենսդրական հիմքերը ներառում է ոչ միայն այդ ոլորտի օրենսդրությունը, այլեւ այն ամբողջը, ինչ վերաբերում է մարդկային զարգացմանն ընդհանրապես։

Կան առաջնահերթություններ, որոնց իրականացմանը ուղղված է առողջապահության բնագավառի Հայաստանի օրենսդրությունը։ Դրանցից գլխավորը յուրաքանչյուր մարդու առողջության պահպանության իրավունքն է եւ դրան առնչվող պետական երաշխիքների ապահովումը։ Մնացածը, ինչպես օրինակ, պացիենտների իրավահավասարությունը, պացիենտի շահերի առաջնահերթությունը, երեխաների առողջության պահպանման առաջնահերթությունը, բժշկական օգնության մատչելիությունն ու որակը, բժշկական օգնություն տրամադրելուց հրաժարվելու անթույլատրելիությունը, բժշկական գաղտնիքի պահպանումը, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները ծառայում են գլխավոր առաջնահերթությանը։ Դրանց գումարվում են նաեւ գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացը, բժշկական միջամտության նոր մեթոդները, միջոցները, գործիքները, սարքերը, տեխնոլոգիաները, նոր ձեւերը (օրինակ՝ հեռաբժշկությունը), որոնք հանգեցնում են բժշկության ոլորտում ռիսկերի փոփոխությունների, այդ թվում եւ hիվանդի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու ռիսկերի փոփոխման։ Հարց է ծագում՝ որքանո՞վ են տեղեկացված առողջապահության ոլորտի ներկայացուցիչները իրենց, պացիենտների եւ բժշկական կազմակերպությունների իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության շրջանակի մասին։ Լավատեղյա՞կ են, արդյոք, բուժաշխատողները, թե ինչպես կարելի է նվազեցնել կամ չեզոքացնել սեփական իրավաբանական ռիսկերը եւ հանգիստ զբաղվել մասնագիտական բժշկական գործունեությամբ։

Այժմ անդրադառնանք այն հարցին, թե Հայաստանում առողջության պահպանման համար բավարար օրենսդրական հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Դատեք ինքներդ։

Հայաստանում գործում են բժշկական ուղղվածության ընդհանուր կարգավորման օրենքներ («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» եւ «Դեղերի մասին» օրենքներն են)։ Ձեւավորվել է նաեւ բժշկական ուղղվածության հատուկ կարգավորման օրենսդրություն (օրինակ, «Հոգեբուժական օգնության մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ այլ)։ Իսկ «բժշկական» օրենքներին ուղեկցող փոխկապակցված օրենքներն ամբողջացնում են այդ համակարգը (դա վերաբերում է, օրինակ, աշխատանքային, քաղաքացիական, վարչական եւ քրեական հարաբերություններին, գործունեության լիցենզավորմանը, տեղեկատվության ազատությանը եւ միաժամանակ անձնական տվյալների պաշտպանության ու բժշկական գաղտնիքի պահպանությանը, պացիենտ-սպառողների իրավունքների պաշտպանությանը, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությանը ու բազմաթիվ այլ իրավահարաբերությունների)։ Այս ամենը ստանում է իր կարգավորումը նաեւ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությանը եւ սպասարկմանը, դեղերի շրջանառությանը, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շրջանառությանը, կլինիկական փորձարկումներին, բժշկական լաբորատոր գործունեությանը, առողջապահության ոլորտում որակի կառավարման ներդրմանը եւ այլ խնդիրների լուծմանը։ Առողջապահության նախարարի կարգավորման իրավասությունը նույնպես ընդգրկուն է եւ որոշիչ։ Այդ իրավական ակտերը սահմանում եւ շատ դեպքերում անգամ կանխորոշում են բժշկական պրակտիկան (ընդհանուր կարգավորող հրամանները, կլինիկական ուղեցույցները, պացիենտի վարման գործելակարգերը, բժշկական օգնության տրամադրման ընթացակարգերը)։

Ինչպես նկատում եք, Հայաստանում առողջության պահպանման համար բավարար օրենսդրական բազա է ստեղծվել, բայց այն կատարյալ դժվար է համարել։ Ինչեւէ։ Յուրաքանչյուրը՝ լինի պացիենտ, հիվանդ կամ առողջ մարդ, բժիշկ, բուժաշխատող, կառավարիչ կամ այլ դերակատար, թող ինքն իրեն հարցնի. արդյոք այս ամենը բավարար չափով ապահովո՞ւմ է գլխավոր խնդրի լուծումը՝ յուրաքանչյուր մարդու առողջության պահպանության իրավունքի իրացումը եւ դրան առնչվող պետական երաշխիքների ապահովումը։ Արդյոք յուրաքանչյուր մարդ բավարարվա՞ծ է իրեն տրամադրվող բժշկական օգնությունից, դրա ծավալներից, դրա որակից։ Արդյոք որակյալ բժշկական օգնությունը, այդ թվում բարձրտեխնոլոգիական բժշկական միջամտությունը մատչելի կամ հասանելի՞ են բոլորի համար։ Արդյոք իրականում եւ գործնականում չի՞ չարաշահվում պացիենտի կախվածությունը բժշկական հաստատությունից եւ կոնկրետ բժշկից։ Արդյոք պացիենտի իրավունքների պետական երաշխիքներն ապահովում են բուժօգնության հարցում բոլորի հավասար հնարավորությունները։ Արդյոք ԱՀԿ-ի «Առողջությունը բոլորի համար» կարգախոսը հասանելի է բոլորին… Կարծում եմ՝ առողջության պահպանման օրենսդրությունում բազում անելիքներ ունենք։

– Սահմանադրության մեջ առողջության պահպանմանն ուղղակիորեն առնչվում է 85-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Արդյոք սահմանադրի նշած այս իրավունքը հռչակագրային բնույթ չունի՞, այսինքն՝ պետությունը ինչպե՞ս է ապահովում այս իրավունքի իրացումը։ Նույն հոդվածի շարունակությունում ասվում է, որ օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը եւ մատուցման կարգը: Բայց արդյոք պետության կողմից սահմանված պետպատվերով ծառայությունները, դրանց որակը բավարա՞ր են, որ մեր առողջության պահպանման իրավունքը իրացնենք։

– Առողջության պահպանման իրավունքին վերաբերող սահմանադրական կարգավորումը, անշուշտ, պարունակում է հռչակագրային որոշ տարրեր։ Միաժամանակ, այն ստեղծում է այնպիսի կառուցակարգ, որում հաշվի են առնվում պետության եւ հասարակության վերաբերմունքն առողջության պահպանման հիմնախնդրին եւ ստեղծվում է այն մշտապես վերանայելու հնարավորություն։ Փաստացի՝ իշխանություններն են որոշում, թե ինչ ծավալով կարող են իրականացնել առողջության պահպանումն անվճար։

– Օրենսդրական կարգավորումներից անդին՝ իրականության մեջ, շարքային քաղաքացիներն առողջության պահպանման հարցում մեծ խոչընդոտներ են ունենում, առաջին հերթին սոցիալական եւ ֆինանսական հարցերն են, երբ բավարար նյութական ապահովվածություն չունեցող անձը չի կարողանում ստանալ պատշաճ որակի բուժծառայություն։

– Կարծում եմ՝ առողջապահության համակարգում հենց այս եւ բազմաթիվ այլ հրատապ հարցերի լուծմանն է ուղղված ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 2-ի N 133-Լ որոշմամբ հաստատված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»-ը։ Լայն իմաստով առողջության ապահովագրությունն իրենից ներկայացնում է բոլորի համար բժշկական ծառայությունների երաշխիք եւ բոլորի համար բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ։ Սակայն այս ոլորտում բազում խնդիրներ կան, որոնց ես անդրադարձել եւ անդրադառնում եմ, դա այլ քննարկման թեմա է։

– Պարոն Երեմյան, նույնիսկ ֆինանսական ապահովվածության պայմաններում հաճախ քաղաքացիները բախվում են անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ բժշկական գործունեության հետ։ Այս առումով պետության կողմից հսկողությունը բավարար համարո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Վերահսկող մարմինների գործունեության արդյունքում անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ բժշկական գործունեություն ծավալողները ենթակա են կարգապահական եւ վարչական պատասխանատվության։ Նրանք կարող են, օրինակ, ժամանակավորապես զրկվել գործունեություն իրականացնելու իրավունքից։ Վարչական տույժերը զգալի են առողջապահությանը վերաբերող օրենսդրությունը խախտող բուժհիմնարկների եւ բուժաշխատողների համար։ Իսկ այն բուժաշխատողները, ում անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ բժշկական գործունեության արդյունքում վնաս է հասցվել մարդու առողջությանը կամ կյանքին, ենթակա են քրեական եւ քաղաքացիական պատասխանատվության։ Այս հարցում, իհարկե, կան բազմաթիվ նրբություններ: Ասեմ ավելին. այժմ բժշկական հաստատության աշխատողի կողմից կատարած հանցանքի համար քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել ոչ միայն այդ բուժաշխատողը, այլեւ բուժհիմնարկը։ Նման իրավիճակներից խուսափելու համար պետք է կանխել այդպիսի միջադեպերը։ Եկել է գործելաոճի փոփոխության ժամանակը. օրենքների ճշգրիտ կատարումը դրա գրավականն է։

– Որքանո՞վ են գործող կառուցակարգերը եւ մեխանիզմները բավարար քաղաքացու առողջության պահպանման ոտնահարված իրավունքը պաշտպանելու համար։ Մեզանում շատ բարդ է ապացուցել բժշկական սխալը, այդ սխալի համար պատասխանատվության օրինակներն էլ շատ չեն։

– Քաղաքացուն պաշտպանելու կառուցակարգեր կան, իսկ դրանք կատարելագործելը միշտ էլ մնում է ժամանակի հրամայական։ Ամեն դեպքում բժշկական սխալը պետք է տարանջատել դեպքից, անցանկալի ելքը կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հանգամանքներով։ Անշուշտ, կան վիճելի հարցեր։ Այսպես, բժշկական նույն սխալը տարբեր հանգամանքների բերումով կարող է դասվել ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներին (օրինակ, երբ հիմնական հիվանդությունն ունենում է ատիպիկ ընթացք եւ հատկանիշները քողարկվում են)։ Բայց կան նաեւ բարդ խնդիրները հաղթահարելու իրավական կառուցակարգեր:

Հարցազրույցը վարեց

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930