Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ կին դիրիժորը «հայտարարեց» կարիերայի սկիզբը

Ապրիլ 10,2023 13:00

Կանանց դիրիժորությունն այսօր արդիական եւ մոդայիկ թեմա է, գրեթե թրենդ։ Բոլոր նվագախմբերը, մեծ հաշվով, գոնե մեկ անգամ հանդես են եկել «մաեստրայի» ղեկավարությամբ։ Նրանցից շատերը հաջողությամբ ղեկավարում են երաժշտական փառատոներ, օպերային թատրոններ ու մեծ նվագախմբեր։ Այդուհանդերձ, կանանց դիրիժորական թիմը մեծ լիգաներում ընդգրկված չէ, դիրիժորական թոփ տասնյակն էլ այսօր զբաղեցնում են տղամարդիկ։ Իհարկե, կազմվել է 21-րդ դարի կին դիրիժորների թոփ, որի վերին հինգ հորիզոնականները զբաղեցնում են Մարին Օլսոպը (ԱՄՆ), Միրգա Գրաժինետե-Տիլան (Լիտվա), Սիմոնա Լանգը (Ավստրալիա), Սյան Չժանը (Չինաստան), Սուսաննա Մելկկին եւ այլն։ Վերջին տարիներին Հայաստանում գործունեություն ծավալած ընդամենը երկու կին սիմֆո-դիրիժորներին՝ Վարդուհի Մինասյան եւ Նատալի Գալստյան, միացավ Աննա Կնյազյանը, ով վերջերս ղեկավարեց Վանաձորի պետական կամերային նվագախումբը։ Ներկա գտնվելով համերգին, կարող ենք փաստել, որ այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ինչու ոչ, գուցե հենց կին դիրիժորի ղեկավարելու հանգամանքով։ Հնչեցին Կոմիտասի, Բախի եւ Մոցարտի թեեւ հայտնի ստեղծագործություններից, բայց մեկնաբանություններում ակնհայտ էր կնոջ ձեռքը։ Մենակատարների դերում էին սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը եւ այդ նվագախմբի ջութակահարներ Մերի Արզումանյանն ու Մանե Մկրտումյանը։

Ալ. Սպենդիարյանի անվան կվինտետը, 2016թ.

 

Առաջին մասնագիտությամբ Աննա Կնյազյանը ջութակահար է։ Նրա անունը քաջածանոթ է մասնագետների շրջանում։ Որպես ջութակահար կարիերան սկսել է Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում՝ հանդիսանալով նվագախմբի կոնցերտմայստեր եւ շուրջ 20 տարի է՝ Ազգային օպերային թատրոնի նվագախմբի արտիստ է։ Հանդես է եկել նաեւ մենահամերգներով, ինչպես նաեւ տարբեր կազմերով կամերային անսամբլներում։ Ջութակահարի ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իր եւ ընկերների հիմնած Ալ. Սպենդիարյանի անվան կվինտետը, որը ցանկալի հյուր էր երեւանյան եւ մարզային տարբեր միջոցառումներում։

Մեզ հետ զրույցում երաժիշտը անուն առ անուն հիշեց կոնսերվատորիայի իր պրոֆեսորներին՝ ջութակահարներ Արտաշես Մկրտչյանին, Վիկտոր Խաչատրյանին,  որն, ի դեպ, ժամանակին հիմնել էր «Իկար» կամերային նվագախումբը, որն իսկապես բուռն գործունեություն էր ծավալում։ Իսկ թե ինչու կոնսերվատորիական ուսում ստանալուց հետո միայն տարիներ անց նրան ձգեց դիրիժորական արվեստը, մեր զրուցակիցն ասաց. «Դժվար է կոնկրետ պատասխան տալ, գուցե ինչ-որ ներքին մղում է… Բայց որ ցանկությանս «բաժակը լցվել էր»՝ վստահեցնում եմ։ Միանգամից դիմեցի ճանաչված դիրիժոր, դոցենտ Ռուբեն Ասատրյանին, որը մեր կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկանն է, ում ղեկավարությամբ բազմիցս մասնակիցն եմ եղել օպերային թատրոնի ներկայացումներին, իհարկե՝ նվագախմբի կազմում։ Մաեստրոյի մոտ ուսումնառության տարիներին ծանոթացա, ուսումնասիրեցի, ընկալեցի, ինչու ոչ՝ հմտացա սկսած դիրիժորական այբուբենից մինչեւ կոմպոզիտորական արվեստի՝ հայ եւ համաշխարհային, ստեղծագործությունների ղեկավարման գաղտնիքների մեջ»։

Լուսանկարներ՝ վանաձորյան համերգից։

Զրույցի ընթացքում Աննա Կնյազյանն անկեղծացավ, որ Վանաձորի պետական կամերային նվագախմբի հետ իր առաջին բեմելը մաեստրո Ասատրյանի շնորհիվ է կայացել ու տպավորված է ե՛ւ նվագախմբի երաժիշտների բարյացակամ վերաբերմունքից, ե՛ւ լեփ-լեցուն դահլիճի ոգեւորող արձագանքներից։ Հետաքրքրվեցինք՝ մտադի՞ր է դիմել մաեստրո Կարեն Դուրգարյանին՝ օպերային թատրոնում որեւէ ներկայացում ղեկավարելու նպատակով կամ՝ գուցե նման քայլ  արդեն արե՞լ է։ Դիրիժորը պատասխանեց. «Առաջին քայլն արել եմ. մաեստրո Դուրգարյանին խնդրել եմ տրամադրել Խաչատրյանի «Գայանե» բալետի պարտիտուրը, ինչը սիրահոժար արել է։ Մաեստրո Ասատրյանի հետ էլ, ով մշտապես ինձ ժամանակ է տրամադրում, պատրաստել եմ։ Մնում է երկրորդ քայլը՝ «Գայանե»-ով ներկայանամ մաեստրո Դուրգարյանին (ժպտում է-Ս. Դ.)»։

Դիտարկմանը՝ հայաստանյան մշակութային կյանքում այնպես չէ, որ կին դիրիժորները հաճախ են երեւում…, մեր զրուցակիցը համեստորեն նշեց, թե ինքը լավատես է ու վստահ, որ պետական նվագախմբերի գեղարվեստական ղեկավարները բարյացակամ կլինեն ոչ միայն կին դիրիժորների, այլեւ ընդհանրապես կին արվեստագետների նկատմամբ։ Հազիվ լսելի ձայնով էլ հավելեց. «Իմ հույսն իմ պրոֆեսիոնալիզմն է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930