Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ու հայրենիքը շատ մոտ ենք, պիտի չկորցնենք ո՛չ ես` իրեն, ո՛չ ինքը` ինձ»

Ապրիլ 10,2023 12:30

Ասում է երաժիշտ Նարեկ Կոսմոսը

Նրա ամբողջ երգադարանի հիմքում մանկության տպավորություններն են, ապրած եւ չապրած վայրկյանների շարանը։ Իսկ երգելը նրա համար սեփական դատողությունների հնչյունավորումն է, «ես»-ի երկատումն է բառի ու հնչյունի մեջ։ Երգելիս թեթեւանում է, բայց դրանից երգի ծանրությունը չի պակասում։ Նա «Ջրաներկ» խմբի հիմնադիր, հեղինակ-կատարող Նարեկ Կոսմոսն է (Նարեկ Հակոբյան)։ Ծնվել եւ ապրում է Գյումրիում, իր բնորոշմամբ` պոետիկ, միաժամանակ տրագիկոմիկ քաղաքում։ Այդ միջավայրում մեծացած Նարեկը բազմազբաղ է՝ կա՛մ բանաստեղծություն է գրում, կա՛մ երգ. «Իմ գիշերները ես եմ հորինում։ Ճիշտ է, անսովոր ոչինչ չկա, սովորական գիշեր  է, միայն մեկ տարբերությամբ՝ բոլորը քնում են իմ անքնության մեջ…»,- ասում է Նարեկը։

Նարեկի հիմնադրած «Ջրաներկ» խմբի հանրահայտ կատարումներից է «Դու իմն ես» երգը, որը հնչում է «Հատուկ դասարան» հեռուստասերիալում
(Դու իմ կիթառն ես, կիթառիս լարն ես,// Դու իմ երգերն ես, երգերիս գույներն ես…) եւ մեծ սեր վայելում երիտասարդների կողմից։

«Արի ու տես», «Կապույտ կարոտ», «Երեւի», «Իմ մասին», «Թղթե լուսին», «Լինեմ»… Շարքը շարունակելի է, որովհետեւ Նարեկը չի դադարում գրել, իր գրածը երգել, արվեստով շնչել։

– Նարեկ, որտե՞ղ է ապրում բանաստեղծությունը եւ որտե՞ղ՝ երաժշտությունը…

– Նույն տեղում` իմ մեջ, բայց տարբեր են կենսավարությունները, պահանջմունքները: Վերջին հաշվով, երկուսն էլ սպասում են ուշադրության։

– Նորարարական եւ միաժամանակ  տարբերվող լեզվամտածողության բնականոն միահյուսմամբ սեփական ոճ ես ստեղծել։ Ի՞նչն է քեզ գրավում եւ ի՞նչը՝ վանում…

– Վանում է, որ հիմա ամեն բան նման է իրար, եւ գրավում է, որ կարող ես մի այլ բան ստեղծել, որն էլ, արի ու տես, նման է մի այլ բանի: Վանում է շատ բաների գրավելն ինձ ու երբեմն էլ՝  հակառակը:

– Երաժշտություն ես գրել նաեւ «Միզերի» եւ «Բովանդակություն» ներկայացումների համար, եւ այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեցիր «Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում։ Շարունակելո՞ւ ես ստեղծագործել թատրոնի համար։

– Թատրոնից այլեւս անբաժան կլինեմ, գիտեմ` պատասխանատու հայտարարություն է, բայց չեմ վիճում եւ չեմ փախչում:

– «Ես գրում եմ բանաստեղծություններ, որ չուշանամ ինձնից». սա քո նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ ես ասել։ Վախենո՞ւմ ես քեզնից ուշանալուց, կորցնելու ի՞նչ ունես։

– Կորցնելու շատ բան կա, հավասարապես այնքան, ինչքան գտնելու բան կա։ Փորձում եմ գտնել չկորցնելունս:

– Վերջին շրջանում ամենաշատն ինչի՞ մասին ես մտածում։

– Հայրենիքի, ու կարծում եմ, որ ինքն էլ՝ իմ: Մենք շատ մոտ ենք իրար, պիտի չկորցնենք ո՛չ ես` իրեն, ո՛չ ինքը` ինձ:

– Ի՞նչ ես թողել անցյալում…

– Այս հարցազրույցի նախորդ հարցերը եւ ամեն բան, ինչ հիմա կամ հետո չէ:

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930