Ինչքան էլ ազգովի ծանր ժամանակաշրջանում ենք ապրում՝ հայտնվելով աշխարհաքաղաքական անկանխատեսելի մարտահրավերների կիզակետում, այնուհանդերձ, շարունակում ենք հպարտանալ մեր շուրջը ապրող ու արարող այն արվեստագետներով, ովքեր լույս եւ պայքարի ուժ են հաղորդում մարդկանց իրենց ստեղծագործություններով: Նման արվեստագետներից է տաղանդավոր քանդակագործ, Արցախյան ազատամարտի մասնակից Համլետ Գինոսյանը, որի ծննդյան 70-ամյակը նշվեց Զովունիի մշակույթի կենտրոնում:
Դահլիճում ներկա էին նրա մարտական ընկերները, քանդակագործներ, ռազմա-հայրենասիրական կազմակերպությունների անդամներ: Բեմից հնչեցին ոչ միայն մեծարանքի ու գովեստի ջերմ խոսքեր, այլեւ քանդակագործը պարգեւատրվեց նախ ՀԱԲ-ի ռազմական խորհրդի կողմից «Ռազմիկ Վասիլյան»-ի հուշամեդալով, այնուհետեւ Հայաստանի կազակների գնդի հրամանատարի՝ Արսեն Ֆիդանյանի որոշմամբ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով: Ելույթներից հետո ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադեւոսյանի նախաձեռնությամբ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ քանդակագործի ստեղծագործական ուղու մասին: Հիսուն տարի շարունակ ստեղծած Գինոսյանի խաչքարերի, հուշաքարերի մի մասը սփռված է ոչ միայն Արցախի ու Հայաստանի բազմաթիվ վայրերում, այլեւ արտասահմանյան մի շարք երկրներում: Նրա տաղանդը ժամանակին բարձր են գնահատել անվանի քանդակագործներ Թերեզա Միրզոյանը եւ Արա Հարությունյանը: Նշենք, որ Գինոսյանի քանդակների մեջ իր ուրույն տեղն է գրավում զորավար Անդրանիկի կիսանդրին, որը տարիներ առաջ տեղադրվել է Բուլղարիայի Վառնա քաղաքում Հովսեփյան եղբայրների աջակցությամբ: Չէ՛ որ Անդրանիկը եւ Նժդեհը մասնակցելով Բալկանյան առաջին պատերազմին, կռվել են բուլղարական բանակում եւ թուրքերից պաշտպանելով Բուլղարիան՝ դարձել են նրանց ազգային հերոսները: Գինոսյանի կերտած կիսանդրին մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում, քանի որ Անդրանիկը որպես զորավար ահ ու սարսափի մեջ էր պահում թուրքերին:
Բազմավաստակ քանդակագործը հրաշակերտ գործեր է ստեղծել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Արցախյան կռիվների ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Հիանալի է կերտված Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշաքարը: «Կյանքը մշտապես պայքար է եւ մենք մշտապես պիտի տեր կանգնենք մեր արժեքներին ու մեր բացակա ընկերները պիտի ապրեն մեր ստեղծագործությունների մեջ: Իսկ թե ինչպես ենք դրանք ստեղծում եւ ինչքանով են պիտանի, մեզ ժամանակը կգնահատի»,-համեստորեն մտորում է Գինոսյանը:
Նա ինքնատիպ ոճով հուշարձան է կառուցել՝ նվիրված Լաչինի ազատագրման 20-ամյակին: Ցավոք, թուրքերը նաեւ մշակութային ցեղասպանություն են վարում հայերի դեմ, եւ քանդակագործը համոզված է, որ գրավելով մեր հայորդիների արյամբ շաղախված այդ տարածքները, անկասկած, ջարդուխուրդ են արել, ոչնչացրել իր ստեղծածը, այդ թվում՝ Հադրութի Տումի գյուղում երեսուն հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Բայց նա հավատացած է, որ մեր հերոս քաջորդիները շուտով ետ կվերադարձնեն այն ամենը, ինչ հազարամյակներ շարունակ պատկանել է հայ ժողովրդին: «Մենք պիտի հզոր բանակ ունենանք, ժամանակակից զինտեխնիկա, ռազմական բարձր պատրաստվածություն ու ճիշտ մարտավարություն, որ հաղթելով թշնամիներին, կարողանանք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը: Պիտի անպայման գիտակցենք, որ պատերազմը շարունակվում է»,- վերջում իր խոսքն ավարտեց հայրենասեր հոբելյարը:
Կարդացեք նաև
Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու, գրող
«Առավոտ» օրաթերթ
08.04.2023