Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղայական մակարդակով են ուզում ցույց տալ, որ իրենք իշխանություն են»

Ապրիլ 10,2023 14:00

Տեղ-Կոռնիձոր ճանապարհի գործարկումից հետո ստեղծված իրավիճակում դեռեւս մարտի 30-ին Ադրբեջանը հայտարարեց, թե վերահսկողության տակ են վերցրել մի շարք բարձունքներ։ ՀՀ ԱԱԾ-ն էլ նախ հայտարարեց, թե  ադրբեջանական ուժերն այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել (Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք), ապա ասաց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Մինչդեռ Տեղի բնակիչները մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել են, որ ադրբեջանցիներն ամրանում են իրենց դաշտերում։ Օրերս Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե իրավիճակի որոշ բարելավում կա: Սակայն պարզ չէ՝ ի՞նչ բարելավման մասին է խոսքը։ «Առավոտն» այս եւ այլ հարցերի մասին զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

– Պարոն Օհանյան, Ձեր վերլուծությամբ՝ որո՞նք են կատարվածի խորքային եւ տեսանելի պատճառները։

– Իշխանության առաջնահերթ խնդիրն է՝ ճիշտ գնահատել անվտանգային միջավայրը, արտաքին եւ ներքին սպառնալիքները ու որոշումներ կայացնել։ Երկու տարի է անցել, եւ չի կատարվել պաշպանական-ռազմավարական վերանայում։ Անհրաժեշտ էր ամբողջությամբ վերանայել ՀՀ-ի եւ Արցախի առաջ եղած խնդիրները։ Չեն կատարվել ուժերի, միջոցների հարաբերակցության հաշվարկներ։ Հիմա անգամ կարող են ասել, թե այդ տարածքն ադրբեջանական է, եւ նրանք առաջ են եկել։ Իրականում ես չգիտեմ, որովհետեւ քարտեզի վրա մանրակրկիտ պետք է աշխատել, բայց, ամեն դեպքում, անընդունելի է նման բան ասելը, որովհետեւ Ադրբեջանը մխրճվել է ՀՀ-ի տարածք։ Ամեն թիզ հող պետք է օգտագործվի՝ հետագայում  սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում։ Այս երկու տարվա փորձը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ իշխանությունը չի կարողանում որոշել գերակայությունները, որոնց պետք է արագ արձագանքել։ Մարդը երբ իր տան պարիսպն է կառուցում, առաջնահերթ ինքն է որոշում ընդունում եւ ոչ մի բան չի զիջում։ Էլ չասած, երբ հարցը վերաբերում է պետությանը։ Օրինակ՝ Ադրբեջանը, լինելով ագրեսոր, հանցագործ եւ իր հետեւում չունենալով բնակեցված բնակավայրեր՝ ավելի արագ է բարձրացել մեր ռազմավարական բարձունքներն ու սահմանները՝ տեր դառնալով ռազմավարական համապատասխան կետերին ու ճանապարհներին։ Իսկ մենք մեր սահմանային բնակավայրերի բնակիչներին մենակ ենք թողել ադրբեջանցիների դեմ։ Մինչդեռ ունենք բնակիչներ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ, ու չենք կարողացել արագ բարձրանալ եւ ամրապնդվել ռազմավարական կետերում։ Պետությունն այդ ներուժն ունի։ Կամ չեն հասկանում, կամ սա միտումնավոր է, կամ համատարած անգրագիտություն է, կամ թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» խաբկանքի մեջ են։ Մինչդեռ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, թեեւ խոսքերով այդպես է ասում, բայց զուգահեռ օղակը սեղմում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի շուրջ։

– Վերջերս խորհրդարանում ծեծկռտուք էր եղել ձեր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ից պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ։ ՔՊ-ից Անդրանիկ Քոչարյանն այս առիթով ասաց, որ ընդդիմությունը նույնքան «մարտական տրամադրված»՝ չի գալիս պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերին՝ անվտանգային խնդիրների վերաբերյալ ասելիքն իրացնելու։

– Ընդդիմությունն այս տարիներին բարձրաձայնել է երկրի առաջ ծառայած կարեւոր հարցերը՝ անվտանգության, պաշտպանության, արտաքին հարաբերությունների, Արցախի վերաբերյալ։ Ընդդիմության բոլոր նախաձեռնությունները քաղաքական մեծամասնությունը մերժել է։ Մեր պատգամավորները վերջին ժամանակահատվածում մասնակցում են հանձնաժողովների աշխատանքին եւ անընդհատ բարձրաձայնում, որ անվտանգային խնդիրները կարող են իրականացնել այն մարդիկ, որոնք լծակներ ունեն։ Այսօր մեր անվտանգության համար պատասխանատու է իշխանությունը՝ իր պետական-ռազմական ողջ համակարգով։ Ուստի իրենք պետք է ընտրեն առաջնահերթություններն ու աշխատեն, մինչդեռ այսօր ամենակարեւոր խնդիրն Արցախն է եւ Սյունիքի սահմանները։ Թող իշխանությունը գնա, մեր ընդդիմադիր պատգամավորներին էլ ընդգրկեն խորհրդարանական վերահսկողության շրջանակում, եւ իրենց հետ գնանք։ Բայց Տեղ համայնքում դիրքային փոփոխություններից հետո մեր պատգամավորներն առաջինն են հայտնվել այնտեղ՝ պարզելու համար իրավիճակը։ Ինչ վերաբերում է ծեծկռտուքին, ապա այս վերջին տարիներին տեսել ենք մեկ բան, որ իշխանական մեծամասնությունը, հատկապես ԱԺ-ի ղեկավարությունն առաջնահերթ ոչ թե աշխատանքով, այլ տղայական մակարդակով են ուզում ցույց տալ, որ իրենք իշխանություն են։ Անգամ խոսույթի մեջ են այդպես ցույց տալիս, մինչդեռ իրենք պետք է հավասարակշիռ լինեն, օրինազանցություն չանեն։ Բայց  տարբեր քննարկումների ժամանակ իրենց թույլ են տալիս ձայնը բարձրացնել, գոռգոռալ, հարթված կոնֆլիկտը, որը կանգնեցված էր, գալ եւ նորից հրահրել, սադրել…իրենց պահվածքը տեսեք ԱԺ-ում եւ հասարակական վայրերում։ Դա անընդունելի է։

– Աննա Հակոբյանն օրերս կրկնեց Ադրբեջանի նախագահի թեզերից մեկը, թե 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 11 հազար դասալիք։ Ձեր կարծիքով՝ քաղաքացիական անձին որտեղի՞ց նման տեղեկություն, ի՞նչ նպատակով է նման պնդում հանրայնացվում։

– Երբեւէ չեմ անդրադարձել այլ անձանց ընտանիքի անդամների, կանանց եւ զավակների ասածներին։ Նիկոլ Փաշինյանին է պետք հարցնել՝ որտեղի՞ց այդ տեղեկություններն այդքան դասալիքների մասին, որովհետեւ այդ ուղղությամբ աշխատում են իրավապահ մարմինները, եւ ենթադրաբար ՊՆ-ն եւս աշխատել է։ Դասալիքներ չլինելու համար պետության ողջ ներուժը չի օգտագործվել։ Իշխանության երեք թեւերը պատերազմի ժամանակ գործառույթներ ունեն անելու եւ պարտականությունները չեն կատարել։ Իսկ այսօր կտրիճ են ձեւանում՝ շինծու գործեր ու հետապնդումներ հարուցելով։ Բայց նման թվեր հնչեցնելը եւ տղամարդկանց մասին խոսելը նշանակում է եւս մեկ շեղող գործողություն իրականացնել պետության ներսում՝ ցույց տալով, թե մեր ժողովրդի մի մասը վախկոտ է։ Այդ վախկոտների առաջին շարքում առաջնորդողը պետության այսօրվա ղեկավարն է։ Իրենք փորձում են ողջ սլաքները տանել բանակի վրա, մինչդեռ պետությունն ամբողջապես է մարտնչում պատերազմի ժամանակ։ Ուստի սլաքները հիմնական կազմակերպիչներից դեպի միայն բանակի վրա շեղելն անընդունելի է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930