«168․am» – Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում՝ ոչ միայն ֆրանսահայ, այլ նաև ֆրանսիացի օգտատերերի շրջանում։
Arte-France հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։
Դժգոհություն արտահայտող բազմաթիվ նամակներին ի պատասխան «Arte» հեռուստաընկերությունը ստիպված է եղել հանդես գալ ռեպորտաժի վերաբերյալ պարզաբանմամբ` մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «Arte Reportage» հաղորդաշարով մինչ օրս հեռուստաընկերության կողմից պատրաստվել և հեռարձակվել են հայկական կողմի վկայություններով մի քանի ռեպորտաժներ, որոնք հասանելի են հետևյալ հղումներով:
Հեռուստանըկերությունը նաև հավաստիացրել է, որ երբևիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը: