Ինչպես հայտնի է, մի շարք ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կասկադում քաղաքացու երեսին թքելու միջադեպի հետ կապված: Նրանք պահանջել էին անհապաղ ձեւավորել ԱԺ էթիկայի հանձնաժողով եւ քննել Ալեն Սիմոնյանի վարքագիծը:
Հետո ԱԺ նախագահը ֆեյսբուքյան իր էջում ներողություն խնդրեց քաղաքացիներից, իր ձեւակերպմամբ՝ իրեն ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս գալու համար:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», ի թիվս այլ ՀԿ-ների, նույնպես ստորագրել էր հայտարարության տակ ու պահանջել քննել Սիմոնյանի վարքը, ուստի Aravot.am-ը կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանին հարցրեց՝ բավարարվա՞ծ են արդյոք այդ ներողությամբ, թե՞ հայտարարության մեջ նշված պահանջը մնում է ուժի մեջ: Նա պատասխանեց, որ այդ միջադեպը պետք է քրեական գործ հարուցելու հիմք դառնար. «Կարծում եմ, ինչպես քրեական գործ պետք է հարուցվի տվյալ դեպքի առիթով, նաեւ էթիկայի հանձնաժողով ձեւավորվի՝ դեպքը քննելու համար, որպեսզի նման միջադեպերը հետագայում բացառվեն: Մինչեւ անհրաժեշտ գնահատական չստանա իշխանությունների կողմից այս վարքագիծը, նման դեպքերը կարող են կրկնվել ու դառնալ հարցերը լուծելու նախընտրելի տարբերակ»:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրել է ՀՀ քաղաքացիներից, բայց ոչ այն կանադահայ քաղաքացուց, որի երեսին թքել էր: Այսինքն, ներողությունը հասցեական չէր:
Կարդացեք նաև
Եվ հետո Ալեն Սիմոնյանից բացի, միջադեպին մասնակից էին դարձել նաեւ նրա անվտանգության աշխատակիցները, որոնք վճարվում են պետբյուջեի միջոցներով: Փաստացի տեղի էր ունեցել պաշտոնական ռեսուրսների չարաշահում, որովհետեւ այդ ծառայությունը միտված է անվտանգության ապահովմանը, մինչդեռ կոնկրետ այդ դեպքում նրանք քաղաքացուն նվաստացնելու գործընթացի մեջ են ներգրաված եղել, ապահովել են, որ այդ գործընթացն ավելի փափուկ, հանգիստ իրականացնի ու չի եղել որեւէ պատասխանատվություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ