Լրահոս
Օրվա լրահոսը

Լիճքեցիները կո՞ղմ են հանքի շահագործմանը․ Մեղրիում տեսակետները բախվում են

Ապրիլ 09,2023 12:45

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտ է ներկայացրել շահագործելու  Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրը։ Նախօրեին՝ մեղրեցիները ձախողեցին օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային  լսումը՝ փակելով Մեղրիի համայնքապետարանի մուտքը: Մասնակիցները չկարողացան մտնել համայնքապետարան եւ լսումը տեղի չունեցավ։

Լիճքի հանքավայրը գտնվում է Մեղրի եւ Այրիջուր գետերի միջեւ, Լիճք գյուղից ուղիղ գծով 200 մետր հեռավորության վրա է եւ  ունի 58 հա տարածք։ Բողաքար արգելավայրից ուղիղ գծով մինչեւ 100 մ, իսկ Արեւիկ ազգային պարկից՝ 800մ հեռավորության վրա է գտնվում: Այսօր գյուղում 52 մարդ է ապրում, հաշվառված է 26 տնտեսություն։

Բողոքավորները պնդում են՝ Լիճքը  հանքավայր չպիտի դառնա, այն զբոսաշրջության, հյուրատնային բիզնեսի, են՝ գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման բնակավայր է, եւ ըստ նրանց՝ այս ուղղություններով պիտի զարգանան բնակավայրն ու համայնքը։

Տարիներ առաջ Լիճքի պղնձի հանքը շահագործել է «Թաթսթոուն» ՍՊ ընկերությունը,  բայց 2021թ․ ապրիլին, կառավարությունը ընկերության կողմից թույլ տրված խախտումների հիմքով հարուցել է  վարչական վարույթ, իսկ նույն թվականի մայիսին դադարեցվել է Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը։ Մեղրիի «Կանանց ռեսուրս կենտրոնի» համահիմնադիր, ընտանեկան բժիշկ-մանկաբույժ Նվարդ Խաչատրյանը հիշում է՝ երբ 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ Մեղրի, 3500 ստորագրությամբ դիմում տվեցին, որ մեղրեցիները դեմ են հանքի շահագործմանը։ «Մեղրին հայտնի է եղել  իր մրգերով, բնությունով՝ դրախտավայր է։ Ու այսօր Մեղրին մեծ հանքավայրի վերածել՝ ոչ մեկի սրտովը չի։ Եվ ընդհանրապես չի կարող լինել մեկ հայ, որ կուզենա Մեղրին դատարկվի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Նվարդ Խաչատրյանը։

Հանքի շահագործմանը դեմ է նաեւ Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Նա նույնպես մասնակցել  է հանրային լսումը չեղարկելու պահանջին։ Մեղրու բնակիչները օգտվում են  հանքավայրին մոտ գտնվող գետերի ջրերից, ու Արմեն Հայրապետյանի անհանգստությունը նաեւ ջրային պաշարների հետ է կապված։ Ավագանու անդամն առանձնացնում է նաեւ զբոսաշրջության զարգացումը։ «Ամբողջ աշխարհից վերջին տարիներին զբոսաշրջիկների  հոսքը դեպի Լիճք ավելացել է։ Ու բացառվում է այնտեղ, որտեղ հանք  շահագործվի՝ տուրիստներ գան»,– ասաց Արմեն Հայրապետյանը։

Ավագանու անդամի տեսակետը չի կիսում Լիճք բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Հովհաննիսյանը։ «Հանքը փակվելուց հետո, ես չեմ տեսել, որ հարյուրավոր  զբոսաշրջիկներ գան։ Մեկ-երկու հոգի զբաղվում են այդ բիզնեսով, տարեկան մի երկու անգամ 10-12 մարդ հազիվ է գալիս»,-մեզ հետ զրույցում նշեց Հայկ Հովհաննիսյանը։

Մեղրու ավագանու  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արարատ Թումանյանը բողոքի ցույցին մասնակցել է, բայց նա կողմ է հանքի շահագործմանը։  Ըստ նրա՝  մոտ 20-25 մարդ է մասնակցել ցույցին։ Չի կարելի այդ ցույցով եզրահանգել, որ  մեղրեցիների մեծամասնությունը դեմ է հանքի գործարկմանը։   Արարատ Թումանյանը  մտադիր է տեղական հանրաքվե անցկացնելու նախագիծ ներկայացնել ավագանու քննարկմանը։ Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, ապա կառավարող ուժի ներկայացուցիչը  համոզված է, որ հանքը շահագործող ընկերությունը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներ, որպեսզի բնությանը հասցրած վնասը հասցվի նվազագույնի։

Լիճքի վարչական ղեկավարը հիշում է՝ նախկինում, երբ «Թաթսթոուն» ընկերությունն էր հանքը շահագործում, գյուղը զբաղվածության խնդիր չուներ։ «Բողոքավորներն հիմա ասում են՝ գյուղը կդատարկվի։ Բայց գյուղից ոմանք գնացին, այն ժամանակ, երբ հանքը փակվեց ու կորցրեցին աշխատանքը»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը։ Վերջինս նաեւ նշում է, որ «Թաթսթոուն» ընկերությունը գյուղի  գիշերային լուսավորության հարցն է լուծել, եկեղեցու տանիքն է նորոգել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինության հետ Լիճքի վարչական ղեկավար Հայկ  Հովհաննիսյանը դեռ չի քննարկել, թե ինչ սոցիալական ծրագրեր են իրականացնելու գյուղում եւ համայնքում։ Ամենակարեւորը՝ զբաղվածության խնդիրն  է լուծվելու։

«Գյուղի 70 տոկոսը դեմ չի։ Ես նորից զրուցել եմ այսօր գյուղացիների հետ։ Շահագրգռված են, որ այո՛,  բացվի, առաջին հերթին՝ աշխատանք ունենան, որպեսզի չլքեն գյուղը։  Գյուղում էլ հարցեր կան, որ ԶՊՄԿ-ն կարող է օգնել լուծենք»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ հանրային լսումը ձախողելուց հետո հայտարարություն է տարածել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ «Հանքավայրի տարածքում իրականացվել են զգալի աշխատանքներ, այնուհետեւ, առանց պատշաճ փակման դադարեցվել է շահագործումը։ Առանց պատշաճ փակման լքված հանքավայրերը զգալի բնապահպանական վտանգ են ներկայացնում։  Շրջակա միջավայրի բաղադրիչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) պատշաճ կառավարմամբ շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլեւ կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան։ ԶՊՄԿ-ն  նախատեսում է հանքաքարի մշակումը իրականացնել Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայում՝ բացառելով Մեղրիի տարածաշրջանում արտադրական միավորների եւ պոչամբարի կառուցումը»,-մասնավորապես ասված է հայտարարությունում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930