Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժման «հեղափոխության» աղետալի հետեւանքները տեսնում ենք ամեն օր. «Հայացք Երևանից»

Ապրիլ 09,2023 10:24

«Հայացք Երևանից» – 2018-ին տեղի ունեցած «հեղափոխությունը» մենք այդպես էլ ռեֆլեքսիայի չենթարկեցինք, այսինքն՝ չկարողացանք ինքնադիտարկման եղանակով գնահատել կատարվածը եւ համարժեք եզրակացությունների հանգել, ինչպես նաեւ վրիպումներից դաս քաղել:

Ի՞նչ է կատարվել 2018-ի ապրիլին: Մի կողմ թողնենք այն կարծիքները՝ գուցե եւ հիմնավոր, որ «հեղափոխությունը» կազմակերպված էր ներքին ու արտաքին որոշ կենտրոնների կողմից եւ ուներ աշխարհաքաղաքական երանգներ: Տվյալ պարագայում մեզ հետաքրքրում է ՀՀ բնակչությունը՝ ինչո՞ւ մարդիկ միացան ու պետության ճակատագիրը վստահեցին քաղաքական կենսագրություն եւ պետական կառավարման փորձ ու գիտելիքներ չունեցող, փողոցից եկած անձանց, ինչի՞ց էին նրանք դժգոհում եւ ի՞նչ սպասելիքներ ունեին:

Սրանք հարցեր են, որոնք պետք է դառնային հետագա տարիների քննարկումների, փորձագիտական ուսումնասիրությունների առարկա, եւ այդ քննարկումները լինեին նպատակային, թե ինչն էր սխալ արվել մինչ այդ, եւ ինչը չպիտի կրկնվեր հետագայում: Ցավոք, նման օրակարգ չձեւավորվեց, եւ դա հայաստանյան քաղաքական մտքի սնանկության արգասիք էր:

Սա շատ բարդ ու ծավալուն թեմա է, սակայն կփորձենք հակիրճ ուրվագծել ընդհանուր պատկերը: Սխալված չենք լինի, եթե տեղի ունեցածի գլխավոր պատճառներից մեկը վերագրենք նախկին իշխանություններին, որոնք մեջքով շրջված էին դեպի շարքային քաղաքացին: Սովորական մարդը, որին կարող էին ընտրությունների ժամանակ կաշառել՝ ստանալով նրա քվեն, իրեն արհամարհված ու անտեսված էր զգում պետության կողմից:

Փաստորեն պետության մեջ կային «երկրորդ կարգի» մարդիկ ու կային արտոնյալներ, որոնք, ըստ էության, սեփականաշնորհել էին պետությունը, եւ կատարվում էին անարդարություններ: Չէին գործում սոցիալական վերելակները, պատգամավոր կամ կառավարության անդամ դառնում էին ոչ թե ըստ համապատասխան արժանիքների (փորձ, կրթություն, գիտելիք, ունակություն եւ այլն), այլ ղեկավարին ցուցաբերվող անձնական հավատարմության, կոռուպցիոն գործարքներով նրա հետ կապվածության եւ բոլոր ժամանակներում հարգի՝ խնամի-սանիկ-բարեկամ սկզբունքներով: Այդ ամենը պետությունից վանում էր հասարակ մարդուն:

2018-ին էլ եկան պոպուլիստները՝ գլխավոր պոպուլիստի առաջնորդությամբ, ով «սիրում էր» ժողովրդին, «հպարտանում» նրանով, «խոնարհվում» բոլորի առջեւ եւ ասում էր, թե երկրում կա 3 միլիոն վարչապետ: Հետո խոստանում էր «կուլակաթափություն» սկսել եւ, առհասարակ, «ոսկե սարեր» էր խոստանում: Դա մարդկանց շատ հուզեց, գրավեց ու գայթակղեց, սակայն շատ ուշ գլխի ընկան, որ չարաչար խաբված են՝ երբ արդեն բախվեցին ազգային բազում փորձանքների, եւ պարզվեց, որ «թագավորը մերկ է»:

Եվ, չնայած պերմանենտ ողբերգություններին ու կորուստներին, ամբոխավարների ձախողած խմբակն այսօր էլ շարունակում է ստերով եւ մանիպուլյացիաներով պահել անձնիշխանությունը, իսկ գործող ընդդիմությունը՝ իշխանափոխության մի քանի անհաջող փորձերից հետո, մեղադրում է Դիմադրության շարժման ճակատում թույլ կազմավորվող զանգվածին կամ, լավագույն դեպքում, բավարարվում հայրենասիրական ճառեր արտասանելով:

Հայրենասիրությունը, իհարկե, կարեւոր է, սակայն ամենից առաջ պետք է կարողանալ խոսել մարդու հետ՝ նրան հասկանալի լեզվով եւ նրա խնդիրների մասին: Մերժման «հեղափոխության» աղետալի հետեւանքները տեսնում ենք ամեն օր: Պետք է հանրությանն առաջարկել իրատեսական լուծումներ ու հայեցակարգեր, ինչպես նաեւ՝ պետական մտածողությամբ օժտված, ղեկավարման արվեստին տիրապետող, մրցունակ եւ ձեռնհաս կառավարողների թիմ, մի խոսքով՝ վստահելի այլընտրանք: Հակառակ դեպքում իսպառ կկորցնենք պետության գահավիժման ընթացքը կանգնեցնելու հնարավորության վերջին փշրանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930