Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստոսի Հարությանը հավատացողները հայրենիքը չեն դիտարկում սոսկ որպես բնակավայր». Արշակ Սրբազան

Ապրիլ 08,2023 22:30

Սուրբ Գայանե վանքում այսօր մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ներկայացնում ենք հատված նրա քարոզից:

…Քրիստոսի Հարությանը հավատացողները քրիստոնեությունը դարձնում են ոչ թե զբաղմունք, այլ էություն ու բովանդակություն: Քրիստոնեայի համար հարստությունը դառնում է միջոց բարեգործության, պաշտոնը՝ ճանապարհ ծառայության և ոչ աթոռապաշտության: Քրիստոսի Հարությունը՝ աշխատանքը վերածում է օրհնության և ոչ միջոց այլոց կեղեքման, նվաստացման և սեփական ագահության բավարարման: Քրիստոսի Հարությանը հավատացողները հայրենիքը չեն դիտարկում սոսկ որպես բնակավայր, այլ ինքնության սրբազան մասունք, և աստվածսիրությունը միահյուսում են հայրենասիրությանը: Քրիստոսի Հարությանը հավատացողի համար ուրախություն է եղբայրների ու բարեկամների համար զոհաբերվելը և ոչ թե նրանց զոհաբերելը, նվիրաբերվելը, քան թե նվեր ընդունելը: Հարության հույսով ապրողի համար նույնքան արգահատելի մեղք է սեփական ինքնության նկատմամբ հարձակումներից չպաշտպանվելը, որքան այլոց կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելը:

Հարության հույսից զրկված են բոլոր նրանք, ովքեր երկրավոր կյանքը դարձրել են մրցավազք միայն ու միայն հագեցնելու նյութական ու զգայական իրենց կարիքները: Հարության ավետիսը չի հասել նրանց, ովքեր ամեն ինչից ավելի ու ամեն ինչից վեր «Մոլությունների մեհյանում» խնկարկում են սեփական Ես-ի անարվեստ կուռքին: Այո, Հարության ավետիսի ժառանգորդը նրանք են, որոնց հույսը կապված է հավիտենությանը: «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ապա ողորմելի ենք քան բոլոր մարդիկ»  (Ա Կորնթ. ԺԵ:19),- այս է պատգամում առաքյալը:

Արդ, սիրելի քույրեր և եղբայրներ, գոտեպնդվենք ու զորանանք, հեռացնենք մեզանից տագնապներն ու վախերը, քանզի մենք հույս ունենք Հարության, խոստում ունենք Տիրոջից, որ անմահությունն է մեր ժառագությունը, վկայություն ունենք, որ խորտակված է մահվան զորությունը: Պատգամ ունենք Տիրոջից, որ անիմաստ ու աննպատակ չէ մեր կյանքը: Միայն պետք է գործե՜լ, պետք է գործել՝ հայացքն ուղղած Քրիստոսի սուրբ Հարության հրաշափառ ու ճշմարտապատում Լույսին՝ զինված հավիտենական կյանքի հույսով և ապավինած Աստուծո մշտնջենական զորակցությանը, քանզի Տիրոջ Հարությունը ոչ թե միայն պատմական իրողություն է, այլ  իրական ու չընդատվող ներգործություն, որով հաղթահարելի են դառնում բոլոր փորձությունները՝ ի փրկություն Քրիստոսին հավատացող հոգիների և ի փառս Աստծո, որին գոհություն և փառք բարձունքներում հավիտյանս հավիտենից ամեն:

Շնորհք, Սեր և Ողորմություն ընդ ձեզ և ընդ մեզ և ընդ ամենեսին. Ամեն:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930