«Սա, իհարկե, կարեւոր եկեղեցական իրադարձություն է, քրիստոնեության մեծագույն տոներից, իհարկե, Հարության պատմականության ժխտման բոլոր փորձերը դատապարտվել են ձախողման, բայց, այնուամենայնիվ, չափազանց դժվար է հավատել, որ մահացածների միջից կարող էր գտնվել մեկը, որ հարություն կառներ»,-Սուրբ Հարության տոնի առիթով Մայր Աթոռ այցելած լրագրողների հետ զրույցում նշեց Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Սրբազանի խոսքով. «Քրիստոսի Սուրբ Հարությամբ մենք եւս հնարավորություն ունենք հարություն առնելու: Իհարկե, սա մի հետաքրքրաշարժ պատմություն չէ, սա ուղղակի մեր ամենօրյա կյանքի մասի է կազմում: Այն ներգործական իրականություն է… Իմ կարծիքով այսօր բոլոր ճգնաժամերից ամենից կարեւորը նպատակի ճգնաժամն է, եւ նպատակի ճգնաժամի լուծման համար ամենաառանցքային դերն ունի Սուրբ Հարությունը, որովհետեւ այն հստակեցնում է մեր նպատակը, բովանդակություն եւ իմաստ է հաղորդում մեր կյանքին, եւ կյանքում բոլոր արժեքները վերափոխվում են…
Մարդկությունն իր անմահության ձգտումներին բավարարում է ստանում, հույս է ստանում՝ անմահություն ժառանգելու: Նորից եմ ասում՝ սա հեքիաթ չէ, առասպել չէ, իրական պատմում է, իրական հույս է: Շատ դժվար պիտի լինի մտածել, որ մարդու կյանքը սահմանափակվում է ծննդից մինչեւ մահ ընկած ժամանակահատվածով»:
Մայր աթոռի դիվանապետն ընդգծում է. «Մենք կյանքի ենք կոչվել ավելի մեծ առաքելության համար, հավիտենության համար: Դրա համար, երբ ամեն անգամ այցելություններ ենք ունենում ննջեցյալների արարողություններին՝ այս պատգամն ենք փոխանցում, որ սա ոչ թե վերջն է, այլ սկիզբն է մի նոր կյանքի, որը զերծ է կապանքներից, փորձություններից, զրկանքներից եւ ուրախություն է, որի մեջ որեւէ տխրություն խառնված չէ: Քրիստոս թող իր Հարությամբ այս հույսը ամրապնդի մեր մեջ եւ այս զորությունը պարգեւի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ