Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ պետք է ուժեղ լինենք եւ պատերազմին պատրաստ». Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 08,2023 17:45

«Առաջին հերթին երիտասարդները պետք է պատասխանեն՝ ինչպե՞ս են տեսնում իրենց ապագան Արցախում»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախի երիտասարդների ապագան Արցախում:

Արդեն երկրորդ շաբաթն է, Ռուբեն Վարդանյանը պատասխանում է իրեն ուղղված քաղաքացիների հարցերին, որոնք, իր կարծիքով, առավել արդիական եւ հետաքրքրական են:

Ռուբեն Վարդանյանի կարծիքով, երիտասարդներն իրենք պետք է իրենց ձեռքը վերցնեն սեփական ապագան եւ ինչպես ժամանակին իրենց ծնողներն ակտիվ մասնակցությամբ կերտեցին Արցախյան հաղթանակը, նույնը իրենք հիմա պետք է անեն. «Այս ճգնաժամի կարեւոր հարցերից մեկն է՝ ինչպե՞ս իրենք կարող են մնալ հաջողակ, երջանիկ՝ ապրելով իրենց հայրենիքում: Ոչ ոք իրենց համար դա չի կարող ապահովել, եթե իրենք իրենց մեջ չզգան այդ պատասխանատվությունը»:

Ռուբեն Վարդանյանը նկատում է՝ Արցախում բնակվող տասնյակ հազարավոր կրթված, խելացի երիտասարդներ ունենք եւ կոչ է անում նրանց՝ չվախենալ պատասխանատվությունից. «Պատասխանելով կարեւոր հարցին՝ ինչպե՞ս են իրենք տեսնում իրենց ապագան եւ այդ ապագան սկսեն կերտել իրենց ձեռքերով, իրենց քայլերով, իրենց որոշումներով: Մենք պետք է ապահովենք իրենց համար շատ լավ կրթություն, իրենք պետք է լինեն մրցունակ, մի քանի լեզու իմանան եւ վստահ լինեն, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի իրենք շարունակեն իրենց կյանքը»:

Հաջորդ հարցին՝ արդյո՞ք մեր գլխավոր խնդիրը կամ խնդիրների գլխավոր պատճառը իսկական էլիտա չունենալն էր, արդյո՞ք Լեւոն Հայրապետյանը կարող էր լինել այդպիսի էլիտայի կորիզը. արդյո՞ք մենք դեռ ունենք ժամանակ՝ այդպիսի էլիտա ձեւավորելու համար, Ռուբեն Վարդանյանը պատասխանում է, որ վերջին 35 տարիների ընթացքում մենք ունեցել ենք եւ լավ օրինակներ, եւ վատ, սակայն, վատն ավելի լավ է հիշվում, քան լավը: «Ես վստահ եմ, որ Արցախում կան շատ իմաստուն, խելացի, կրթված, ուժեղ մարդիկ, որոնք իրենց մեջ այդ ուժն ունենալով եւ պատասխանատվությունը զգալով՝ կարող են դառնալ ճիշտ էլիտան. այն էլիտան, որը ոչ թե փողով ամեն ինչ առնում է, ոչ թե պաշտոնով ուղղակի նշանակվում է, այլ մարդիկ, որոնք ընդունվում են հասարակության կողմից, որպես իրենց վրա պատասխանատվություն վերցնող»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ ինքը վստահ է՝ էլիտայի ձեւավորումը շարունակվում է եւ շարունակվելու է, ավագ սերունդն էլ հանձնառու է՝ անել ամեն ինչ, որպեսզի այդ էլիտան դառնա այն շարժիչ ուժը, որը կբերի ճիշտ փոփոխությունների:

Երրորդ հարցին՝ բանակցություններով կկարողանա՞նք Արցախի հիմնախնդիրը լուծել, թե՞ անպայման պետք է պատերազմենք, նախկին պետնախարարը պատասխանում է. «Ես միշտ եղել եմ կողմնակից, որ ամենածանր, ամենադժվար բանակցությունները ավելի լավն են, քան պատերազմը: Ես վստահ եմ, որ բանակցության միջոցով մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Բայց, այդ նույն ժամանակ, նայելով պատմության էջերը, ես վստահ եմ, եթե մենք ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր միջի այդ ոգին եւ կամքը չցուցադրենք թշնամուն, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Ավելին, բանակցությունները, պայմանավորվածությունները, կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ իմանա՝ իրենք իրավունք չունեն խախտելու պայմանավորվածությունները»:

Օրինակները, երբ հզոր պետությունները պայմանագրեր են կնքում ու մի քանի ամիս անց պատերազմ է սկսվում, ըստ Ռուբեն Վարդանյանի, շատ են. մենք էլ հիմա նման իրավիճակի մեջ ենք եւ եթե ցանկանում ենք, որ այն, ինչը մեզ համար ընդունելի է եւ կպայմանավորվենք՝ ցանկանալով, որ դա իրականացվի երկարաժամկետ կտրվածքով, միշտ պետք է ուժեղ լինենք եւ պատերազմին պատրաստ: Ինքը, համենայնդեպս, վստահ է՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա՝ խուսափել պատերազմից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930