Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ». Աննա Վարդապետյան

Ապրիլ 08,2023 16:40

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 7-ին մասնակցել է Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին, որն իրականացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ:

Համաժողովի բացման ընթացքում Աննա Վարդապետյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով խելացի, ազատ և պատասխանատու կնոջ կերպարի հետ անհամատեղելի երևույթին՝ ատելության խոսքին, հանրային և մասնավոր տիրույթում դրա բացառմանը:

Հանրապետության գլխավոր դատախազն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ տիկին Հակոբյան,

Հարգելի՛ կանայք,

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Ապրիլի 7-ի կապակցությամբ:

Այսօր ցանկանում եմ խոսել այն մարտահրավերների, իրավունքների և պարտականությունների մասին, որոնք ուղեկցել են ինձ՝ որպես կին, և կարծում եմ՝ ուղեկցում են յուրաքանչյուր կնոջ իր աշխատանքային գործունեության ընթացքում:

Նախորդ ելույթս նվիրված էր իմ իդեալին՝ խելացի, ազատ և պատասխանատու կնոջը: Այսօր կանդրադառնամ այդ կնոջ կերպարի հետ անհամատեղելի մի երևույթի՝ ատելության խոսքին: Ինչո՞ւ եմ որոշել ատելության խոսքի մասին խոսել իմ մեծ հայրենիքի փոքր մասնիկ Տավուշում: Պատճառն այն է, որ իմ կյանքի ամենակարևոր փորձառություններից մեկը ձեռք եմ բերել Աչաջրում, որտեղից սերում են իմ նախնիները: Փորձառության արդյունքում ձևավորվեց մի հատկանիշ, որն իմ մեջ սկսեց դրսևորվել հասուն տարիքում, երբ սկսեցի աշխատել իրավական ոլորտում, որը շատ «տղամարդկային» ու «տղամարդամետ» ոլորտ է: Այդ հատկանիշը հանդուրժողականությունն է, հարգանքը և ապրումակցումն է այլ կնոջ նկատմամբ:

Ինչո՞ւ այդ հատկանիշը ձևավորվեց հենց Աչաջրում իմ ապրելու տարիներին, որովհետև յուրաքանչյուր ամառ՝ մինչ իմ 20 տարին բոլորելը, պապիկիս խստագույն դրդմամբ և հայրիկիս լուռ համաձայնությամբ, բոլոր թոռներով գնում էինք Աչաջուր՝ տատիկի հետ ամառն անցկացնելու: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ գիտեմ գյուղական աշխատանքի բոլոր անհրաժեշտ նրբությունները՝ սկսած հավանոցն ու գոմը մաքրելուց, վերջացրած հոն հավաքելով, թութ թափ տալով, կենդանիներին խնամելով, օջախի վրա ջուր տաքացնելով:

Ասել, որ ես չեմ ընդվզել այս երևույթի դեմ, նշանակում է ստել և բոլորիդ հետ լինել ոչ անկեղծ, որովհետև ես չէի հասկանում, թե ինչու պետք է սովորեմ գյուղական կյանքին: Հետագայում, սակայն, երբ սկսեցի աշխատել Դատական դեպարտամենտում, հասկացա, որ Աչաջրում անցկացրած տարիներն իմ մեջ ձևավորել են այլ կնոջը հասկանալու, այլ կնոջ «մաշկի մեջ մտնելու» կարևոր և անբացատրելի հատկանիշ՝ փորձել հասկանալ, թե, օրինակ, ինչո՞ւ որևէ կին կոնկրետ պահի ինձ ինչ-որ բառ, ինչո՞ւ որևէ կին այդ պահին ոչ բարյացակամ ինձ նայեց. ոչ թե նեղանալ և հակադարձել, այլ՝ փորձել հասկանալ: Հասկանալու հարցում ինձ օգնեցին մի շատ խելացի և իմաստուն կնոջ՝ Նարինե Աբգարյանի գրքերը, որոնք ես հիմա էլ հաճախ եմ կարդում: Օրինակ՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» «Զուլալի» և «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» գրքերը: Այդ գրքերում ես հանդիպել եմ բոլոր այն կանանց, ում ճակատագրերին ու կենցաղին առնչվել եմ Աչաջրում: Այդ հանգամանքն ինձ ավելի հաստատակամ է դարձնում յուրաքանչյուր աղջկա համար լինել այն «ուսն» ու «հենարանը», ով առաջին հայացքից շատ ամաչկոտ ու երկչոտ գալիս է Դատախազություն և ասում, որ ուզում է մեզ հետ աշխատել: Յուրաքանչյուր աղջիկ, ով այդ նախադասությունն ասում է, ստանում է պատասխան. «Բարով ես եկել, բայց մենք մի կանոն ունենք, շատ ենք աշխատում և պատասխանատու ենք վերաբերվում մեր աշխատանքին: Ուստի, եթե դու համաձայն ես այդ կանոններին, իմ ուսը հենման կետ է՝ քո ճակատագիրը կառուցելու համար»:

Ինչո՞ւ եմ ես այսօր դա շեշտում, հիմա և այստեղ: Վերջերս, իմ մասնագիտության և աշխատանքի բերումով, շատ եմ առնչվում ատելության խոսքին: Եվ երբ հնչում է դասագրքային «ատելության խոսք» եզրույթը, թվում է, թե դա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ուրիշ մարդու վերաբերող ձևակերպում է: Յուրաքանչյուրս վստահ է, որ մեր խոսույթում ատելության խոսք չկա, բայց, ցավոք, դա այդպես չէ: Ուստի, իմ աշխատանքում բացի նրանից, որ ես ձգտում եմ օգնել, խրախուսել, «հենման կետ» և «ուս» դառնալ խելացի աղջիկների համար, ես ձգտում եմ ինձ շրջապատող բոլոր աղջիկներին և կանանց իմ իսկ օրինակով սովորեցնել մի բան. «Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ»:

Երբ նշանակվում էի գլխավոր դատախազի պաշտոնում, իսկ մինչ այդ ՀՀ վարչապետի օգնականն էի, ՀՀ վարչապետն ինձ կարճ հարց տվեց. «Ի՞նչ Դատախազություն ես թողնելու Հայաստանի Հանրապետությանը պաշտոնավարումիցդ հետո»: Պատասխանեցի, որ ես թողնելու եմ պրոֆեսիոնալ, ազնիվ, հանդուրժող և կանանցով մի փոքր ավելի հագեցած Դատախազություն: Դրա հետ մեկտեղ, ես միշտ խնդրում եմ բոլոր աղջիկներին, ովքեր գալիս են Դատախազություն, չմանիպուլացնել, չշահարկել սեռը և լինել ազնիվ: Կանայք ունեն մի վտանգավոր գործիք՝ դա մանիպուլյացիան է, և ես հաստատ որոշել եմ, որ դա չեմ անելու՝ չեմ մանիպուլացնելու, «առաջին գծի» վրա եմ կանգնելու ու հստակ ասելու եմ.  «Ես այսպիսին եմ: Եթե որոշել ես ինձ հետ ամուսնանալ՝ ես այսպիսին եմ, եթե որոշել ես ինձ հետ ընկերություն անել՝ էլի այսպիսին եմ: Այսինքն՝ ես քեզ չեմ խաբում ու չեմ մանիպուլացնում, որպեսզի հետո անկեղծ նայենք իրար ու չմեղադրենք, որ ինչ-որ մի բան այնպես չստացվեց»:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ես այսօր ուզեցի շատ պարզ պատմել Ձեզ մի աղջկա մասին, ով ծնվել է Երևան քաղաքի ծայրամասում, երջանկություն է ունեցել ապրելու մեծ գերդաստանում, ով հանդգնել է դառնալ իրավաբան, հանդգնել է լինել Հայաստանի գլխավոր դատախազը և ասել, որ դրա մեջ քաջագործություն չկա. կա ինքնադիտարկում և ինքն իր հետ ազնիվ լինելու ձգտում՝ ամենօրյա ձգտում:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ իմաստնության ճանապարհը սկսվում է ինքնադիտարկումից և այլոց՝ հատկապես այլ կանանց հանդեպ ունեցած հարգանքի ու ապրումակցման կարողությունից: Երեկոյան, երբ գնում եմ տուն, ես ռեֆլեքսիա եմ անում. ես սկսում եմ հիշել իմ օրը և նշել այն կետերը, որտեղ սխալվել եմ ու ինքս ինձ հետ աշխատել, որ հաջորդ օրն այդ սխալները չկրկնեմ: Դա ես արել եմ միշտ:

Նախորդ անգամ ելույթս ավարտելիս՝ նշեցի, որ ազատության ճանապարհը սկսվում է գիտելիքով, այսօր ուզում եմ շարունակել միտքս և ասել, որ իմաստնության ճանապարհը սկսվում է հարգանքով և ապրումակցելու կարողությամբ: Եվ, եթե տիկին Հակոբյանը որոշի հաջորդ անգամ ևս նման միջոցառման ինձ հրավիրել, ես որոշել եմ խոսել ասույթներում և լեգենդներում կնոջ կերպարի մասին: Ես վստահ եմ, որ մեզնից առաջ ապրած իմաստուն կանայք, ինչպես սուֆիներն են ասում, իրենց անցած ճանապարհի բարձունքից վերադառնում են և սկսում օգնել մեզ՝ սովորական, երիտասարդ, փխրուն կանանց՝ անցնելու իմաստնության ճանապարհը:

Ես կարծում եմ, որ իմ փորձառությունը մի աղջկա համար, որն այս պահին Աչաջրի նման մի գյուղում հավանոցն է մաքրում և ժամանակ չունի լսելու, թե ես այսօր այստեղ ինչ եմ խոսում, գուցե հենց այդ աղջկա համար մի օր իմ փորձառությունը կլինի ուղենիշ, և ինքն իր ճանապարհն անցնելու ավելի մեծ վստահություն կունենա, քան ես եմ ժամանակին ունեցել:

Վստահ եմ՝ իմաստնությունը մեր՝ կանանց, անբաժանելի մասն է, և եթե մենք մի օր որոշում կայացնենք, որ իմաստուն ենք և ոչ թե մանիպուլյատիվ, հաստատ այդ օրը տիեզերքում մի կարևոր բան կփոխվի»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930