Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքը կործանումն է, որին Արցախի ժողովուրդը պատրաստ չէ». Արթուր Հարությունյան

Ապրիլ 08,2023 16:03

«Այդ դեպքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը ներկայացվող թեզը, որ իբրեւ ճանապարհը բաց է, քաղաքացիական անձինք  կարող են տեղաշարժվել, կեղծ է: Այդ դեպքն էլ լրացուցիչ ապացույց է, որ ճանապարհը փակ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմը խախտելով ռուս խաղաղապահների հետ ձեռք բերված համաձայնությունը՝ արգելել էր 27 արցախցիների մուտքը Արցախ, որոնք Հայաստանում էին մնացել Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով:

Ավելի ուշ էլ, Արցախի պետնախարարի խորհրդական մանրամասներ հրապարակեց՝ հայտարարելով, որ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։ Այդ առիթով Արցախի իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասում է. «Նախապայմանը, որի մասին ասում եք, եթե ընդհանուր համատեքստում վերցնենք, վերջին զարգացումներում, իրենց կողմից առաջ քաշված «ինտեգրացիայի» օրակարգն է, որը ոչ թե ինտեգրացիա է լինելու, այլ  բռնակցում»:

Մեր զրուցակիցը հավելում է. «Մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, որ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ թե իրենց կողմից ներկայացված օրակարգով կամ նախապայմաններով, պարտադրանքի պայմաններով, այլ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափով, միջազգային երաշխիքներով: Մենք պատրաստ ենք, որպես բանակցային լիիրավ կողմ ճանաչվել, բանակցություններ վարել՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք նաեւ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի ցանկանում այդ օրակարգով առաջ շարժվել, այլ փորձում է ճնշումների ճանապարհը՝ շարունակվող շրջափակմամբ, ենթակառուցվածքների խափանումներով, ճանապարհի փակ լինելով, տարբեր սադրանքներ իրականացնելով՝ ապացուցում է, որ որեւէ կառուցողական քայլ չի կարող լինել եւ այն օրակարգը, որը որ իրենք բերել են հիմա, բռնակցման փորձ է»:

Դիտարկմանը՝ որ այդ միջադեպը նաեւ ցույց տվեց, որ խաղաղապահների գործոնը կայուն չէ ու այդ միջադեպով Ադրբեջանը փորձեց ի ցույց դնել խաղաղապահների գործոնի նվազ լինելը, մեր զրուցակիցն արձագանքեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո, Ադրբեջանը սկսեց այդ գործընթացը. «Այն բազմաթիվ դեպքերը՝ սկսած Խծաբերդի, Հին Թաղերի գրավումից, այնուհետեւ Փառուխի գրավումը, Քարագլխի գրավումը, Լաչինի միջանցքում օգոստոսին տեղի ունեցած դեպքերը, տարբեր սադրանքները գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների նկատմամբ եւ այլն, ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ են տեղավորվում: Ադրբեջանն անընդհատ փորձում է ռուս խաղաղապահների դերը նվազեցնել եւ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամանակը լրանալուն պես կամ մինչ այդ էլ խոսի նրանց ոչ արդյունավետ աշխատանքի մասին: Բայց դա այդպես չէ, քանի որ հենց խաղաղապահ առաքելության ներկայությունն է Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների միակ զսպող մեխանիզմը»:

Պատասխանելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը վերաբերվող հարցին, մեր զրուցակիցն ասաց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը թույլ է տալիս ասել, որ սադրանքներ հնարավոր են, որոնց հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Նա նաեւ պնդեց՝ Արցախը պատրաստ է դիմակայել ցանկացած զարգացման եւ վերջին 30 տարիների պայքարը շարունակելուն. Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարն այլընտրանք չունի, այլընտրանքը կործանումն է, որին Արցախի ժողովուրդը պատրաստ չէ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930