Ապրիլի 9-ին Աստանայում (Ղազախստան) մեկնարկում է շախմատի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի եւ չինացի Դին Լիժենի միջեւ:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը 2 մլն. եւրո է, որի 60 %-ը բաժին կհասնի չեմպիոնի տիտղոսը նվաճողին: Իսկ եթե հաղթանակը ձեռք բերվի թայ-բրեյքում, հաղթողը կստանա 55 %:
Մրցամարտի կանոնադրության համաձայն կողմերին չի թույլատրվում ոչ-ոքի առաջարկել մինչեւ 40-րդ քայլը ներառյալ:
Երեկ կայացել է մրցամարտի բացման եւ մեկնարկային պարտիայում խաղաքարերի գույնի ընտրության վիճակահանությունը: Առաջին տուրում սպիտակները բաժին են հասել Նեպոմնյաշչիին:
Կարդացեք նաև
Մրցակիցները խաղալու են 14 պարտիա: 7:7 հաշվի դեպքում կանցկացվի 25 րոպե տեւողությամբ արագ շախմատի 4 պարտիա: Հավասարության պարագայում կկազմակերպվի 5 րոպեանոց երկու պարտիա, որից հետո անհրաժեշտության դեպքում եւս 2-ը, այնուհետեւ 3+2 կայծակնային պարտիաներ, մինչեւ առաջին հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ