Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրյան միջանցքի» տալու մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր դեռ 2001-ին, երբ խմբագիր էր. Ավետիք Իշխանյան

Ապրիլ 08,2023 15:27

Բանակում 5-րդ շարասյան առկայության, 11 հազար դասալիքների եւ «Զանգեզուրյան միջանցքի» մասին Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

-Ադրբեջանի Միլի մեջլիսի լիագումար նիստում, իր ելույթում, պատգամավոր Զահիդ Օրուջն օրերս ասել էր. «…Հայաստանը համաձայնել է բացել «Զանգեզուրի միջանցքը», սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո: Իրանը նրանցից մեկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինյանին, որն ասաց․ «Ինչ ճակատագիր էլ ինձ սպասի, ես խաղաղության պայմանագիր կստորագրեմ», ուստի Իրանը Փաշինյանին վերջնագիր է ներկայացրել»: Փաշինյանին տապալել ցանկացող մյուս երկիրն, ըստ ադրբեջանցի պատգամավորի, ՌԴ-ն է: Նման հայտարարություն Փաշինյանն իսկապես արել էր՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում, ապա, նույն օրը երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, վերախմբագրել էր իր հայտարարությունն այն բանից հետո, երբ Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ հանրահավաք սկսվեց: Վերջին մի քանի ամիսների զարգացումների եւ Տեղ ու Կոռնիձոր համայնքներում ադրբեջանական զինված ուժերի անարգել առաջխաղացման, այժմ փաստացի սահմանագծման աշխատանքների իրականացման համատեքստում, ի՞նչ ենթադրություններ ունեք:

-Ցավոք, ավելի քան համոզիչ են ադրբեջանցի պատգամավորի խոսքերը։ Շեշտենք, որ թյուրքական աշխարհի համար, որի մաս է կազմում Ադրբեջանը, Սյունիքն ավելի կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քան Արցախը։ Այն, որ Արցախից հետո, Ադրբեջանի «ախորժակը» բացվելու է, կասկած չունեի։ Չէի կասկածում նաև, որ թեկուզ որևէ խաղաղ զիջմանը, զիջող կողմին, այն է՝ Հայաստանին ստիպելու էին գնալ այլ զիջումների։ Եվ այդ ճնշումները լինելու էին անվերջ, ինչին այսօր ականատես ենք լինում։ Իսկ, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքին» համաձայնել, նշանակում է հանձնել ողջ Սյունիքը։ Իսկ այն, որ վարչապետ կոչեցյալը համաձայնել է հանձնել Սյունիքը, իբր կոմունիկացիաների բացման անվան տակ, այն է «Զանգեզուրյան միջանցք» տալով թշնամուն, կան նաև այլ փաստեր։ Դեռևս 2001 թվականին, արդեն քաղաքական գործչի հայտ ներկայացրած «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, այսօրվա վարչապետ կոչեցյալը, հիացմունքով  գրում է միջանցքի «օգտակարության» մասին, բացահայտ նշելով, որ այն թյուրքական աշխարհի վաղեմի ցանկությունն է։ Եվ քանի որ և այն ժամանակ և այժմ նրա մտածողությունը ոչ թե պետական է, այլ միայն ու միայն շահույթ ստանալու, ապա կարելի է վստահաբար պնդել, որ գալով իշխանության, նա հետևողականորեն իրականացնում է այս դավադիր ծրագիրը։ Այստեղից կարելի է և այլ հետևություն անել․ չէ՞ որ առանց Արցախի հարցը լուծելու, այն է՝ հանձնելու, «Զանգեզուրյան միջանցքի» մասին նույնիսկ խոսակցություններ չէին կարող լինել։

Երկրորդը փաստը Հայաստանի իշխանության խոսափողներից Ստեփան Գրիգորյանի հարցազրույցն է, տված 2021թ․ թուրքական «Անադոլու» գործակալությանը։ Հարցազրույցում սույն գործիչը առաջարկում է տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով և դրական է համարում «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը։ Ինչպես նշեցի, Ստեփան Գրիգորյանը պատահական գործիչ չի, նա ցանկալի հյուրն է, ինչպես վարչապետ կոչեցյալի, այնպես էլ իշխանական լրատվամիջոցների։ Եվ նրա այս խոսքերին չհետևեց ոչ մի իշխանական պատգամավորի հակահարվածը (նրա վրա թքելով, լեզուն կկտրելով և այլն)։

Այնպես որ, իսկապես վարչապետ կոչեցյալը պատրաստ էր այդ համաձայնագիրն, այսինքն՝ հերթական կապիտուլյացիան ստորագրելու, եթե նրան չխոչընդոտեին առաջին հերթին Իրանն ու Ռուսաստանը, նաև 2022թ․սեպտեմբերի 14-ի ինքնաբուխ հավաքը։ Բնականաբար, և Իրանը և Ռուսաստանը դեմ են «Զանգեզուրյան միջանցքին»՝ ելնելով իրենց ազգային շահերից, որոնք  էլ համընկնում են Հայաստանի ազգային, բայց զարմանալիորեն՝ ոչ Հայաստանի իշխանության շահերին։ Ավելի հեռահար ապագայով պայմանավորված, միջանցքին դեմ են նաև Հնդկաստանը, Չինաստանը, ողջ արաբական աշխարհը։ Հիշեցնենք, որ 1919-1921թթ․ Լեռնահայաստանի հերոսամարտի ժամանակ, Գարեգին Նժդեհին օժանդակում էր Պարսկաստանը։ Ամենազավեշտալին այն է, որ Հայաստանի շատ հակառուս գործիչներ լուրջ դեմքերով խոսում են, իբր «Զանգեզուրյան միջանցքը» ռուս-ադրբեջանա-թուրքական ծրագիր է, մի պահ «մոռանալով» իրենց համախոհ և գործընկեր Ստեփան Գրիգորյանի անկեղծությունը։ Միջանցք տալ, նշանակում է ցամաքային կապ ստեղծել ողջ թյուրքական աշխարհի համար, վտանգելով Հյուսիսային Կովկասը, ապա ողջ Ռուսաստանը։ Ի դեպ, այդ մասին գրել է նաև վերոնշյալ հոդվածում նախկին լրագրող,  այժմ վարչապետ կոչեցյալը։

Եվ վերջապես, Հայաստանը ողջ աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում լուրջ գործոն էր, արցախյան հաղթանակներով, այժմ դադարել է լուրջ գործոն լինելուց։ Եթե Հայաստանը կորցնի Սյունիքը, ապա ընդհանրապես ողջ աշխարհում որևէ հետաքրքրություն չի ներկայացնի, կլինի բոլորի կողմից արհամարհված, մոռացված տարածք։ Իսկ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և դրդմամբ, հետևողականորեն, շարունակում է իր նկրտումները ողջ Հայաստանի, առաջին հերթին Սյունիքի ուղղությամբ, այն անվանելով արևմտյան Զանգեզուր և քայլ առ քայլ առաջ շարժվում Տեղ և Կոռնիձոր գյուղերի  ուղղությամբ, զարմանալիորեն՝ առանց հայկական կողմի դիմադրության։ Գուցե դիմադրության բացակայությունը  ևս մեկ անգամ ապացուցում է ադրբեջանցի պատգամավորի խոսքի ճշմարտությունը։ Եվ արդյոք այդ համատեքստո՞ւմ չէ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը։

-Կառավարությունը նաեւ որոշեց, որ ԱԱԾ սահմանապահ զորախումբը պետք է սահմանային հատվածներում ծառայություն իրականացնի՝ բանակի փոխարեն. սա՞ ինչ է նշանակում, Ձեր կարծիքով:

-Արդեն չգիտես ինչ գնահատական տալ։ Սահմանապահները, որպես կանոն, հսկում են հակամարտություն չունեցող երկու երկրների սահմանները, օրինակ՝ Հայաստան-Վրաստան։ Իսկ թշնամական հարաբերություններ ունեցող երկրի հետ սահմանները լինում են հատուկ ամրացված, կահավորված, համապատասխան զորքերի և զինտեխնիկայի առկայությամբ, կուտակումներով։ Այսօր հայ-ադրբեջանական, արդեն Ադրբեջանի կողմից խախտված սահմաններին բանակը փոխարինել սահմանապահ ծառայությամբ, պատկերավոր ասած, նշանակում է թշնամուն հրավիրել խեղճուկրակ գիքորական  «Էստի համեցեք» գոչելով։

 -Վերջին իրադարձությունների ֆոնին հատկապես ուշագրավ է դառնում իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ բանակում 5-րդ շարասյան առկայության մասին: Այդ հայտարարությունը, թեև շատ քննարկվեց, սակայն, արդեն ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումների ֆոնին, դա կարծես նոր իմաստ է ստանում:

-Անշնորհակալ գործ է նրա հայտարարությունները մեկնաբանելը, բայց փորձենք։ Վարչապետ կոչեցյալը, փորձում է իր բոլոր ձախողումները գցել այլոց վրա։ Բանակում, եթե նույնիսկ եղել է 5-րդ շարասյուն, ապա դրա պատասխանատուն գլխավոր, գերագույն հրամանատարն է, ուրիշ ոչ ոք։ Դու ես ստանձնել երկիրն ու բանակը ղեկավարելու պատասխանատվությունը, այնպես որ մի գցիր քո ծանր մեղքերը,  այն է՝ Արցախի 75%-ի և Հայաստանի տարածքների կորուստը, հազարավոր զոհերն ու անհետ կորածները, հաշմանդամ դարձածները, տասնյակ գերիների առկայությունը, այլոց վրա։ Եթե նույնիսկ բանակում եղել են դավաճաններ, ապա ու՞ր էին հետախուզական և հակահետախուզական հատուկ ծառայությունները։ Եվ վերջապես, այդ 5-րդ շարասյո՞ւնն էր կարգադրել պարտադիր զորակոչը փոխարինել կամավորական ջոկատներով, թե՞ 5-րդ շարասյունն էր մերժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները պատերազմը դադարեցնելու, թե՞ նույն 5-րդ շարասյունն էր արգելել կիրառելու «Իսկանդեր» հրթիռները։

-Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության տրամաբանական շարունակությունն էլ կարծես իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունն էր 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիքների մասին, մինչդեռ, 168.am-ին դատախազությունից փոխանցել էին, որ դասալքության հատկանիշներով 214 քրեական գործ է հարուցվել 44-օրյա պատերազմից հետո եւ, որպես մեղադրյալ է ներգրավվել է 59 զինծառայող: Այս ակնհայտ խեղաթյուրումն ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Նախ փաստենք, որ Հայաստանում իշխում է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժ, կուսակցություն կամ կոալիցիա, այլ մի ընտանիք՝ ամուսիններ, գուցե նաև դուստրեր։ Իսկ վարչապետուհու խոսքի  նպատակը նույնն է՝ սեփական ձախողումներն ու մեղքերը գցել այլոց վրա։

Սակայն, այս առիթով կցանկանայի զուգահեռներ անցկացնել  2016թ․ 4-օրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմների միջև։ Հիշում եմ, թե ինչպիսի անհանգստություն և միասնություն էր տիրում 2016թ․ 4-օրյա պատերազմի օրերին։ Փողոցում, խանութում, ամենուր այդ մթնոլորտն էր, ոչ մի կատակ, քեֆ-ուրախություն։ Այդ պայմաններում անհնար էր պարտվել։ Իսկ ինչպիսի մթնոլորտ էր տիրում Հայաստանում 44-օրյա պատերազմի օրերին․ ռեստորաններն ու սրճարանները լեփ-լեցուն, երիտասարդ տղաները ուրախ զվարթ կատակում էին։ Այս մթնոլորտին նախորդել էր իշխանությունների հակաարցախյան հռետորաբանությունը, ժողովրդի պառակտումը՝ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ և այլն։ Եվ չնայած այս իրավիճակին, ինքս չեմ հավատում վարչապետուհու ներկայացված թվերին, որը հերքվեց նաև իրենց ենթակա դատախազության կողմից։ Բայց հարց է ծագում, այդ ինչպե՞ս եղավ, որ վարչապետուհու և Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահի կողմից հայ դասալիքների մասին թվերը մեկը մեկին համընկան։ Ո՞վ է այդ թիվը փոխանցել Ադրբեջանի նախագահին, 5-րդ շարասյու՞նը։ Եվ ո՞վ է կրկնում Ադրբեջանի նախագահին, նույնպես  5-րդ շարասյու՞նը։

Իհարկե, ամեն երկրում, հատկապես պատերազմի ժամանակ, լինում են դասալիքներ։ Բայց եթե նրանց քանակն, իսկապես  շատ է, ապա պատասխանատուն տվյալ երկրի իշխանություններն են, որոնք չեն ապահովել համապատասխան  ազգային միասնականություն ապահովող մթնոլորտ։ Երկրորդ, եթե նույնիսկ ունեցել ենք մեծաքանակ դասալիքներ, ապա այդ մասին հնչեցնելն, այն էլ թիվն ուռճացնելով, առնվազն պետական անվտանգությանը սպառնացող վտանգ է։ Երրորդ, հետաքրքիր է, այդ ՔՊ կոչվող խմբակից քանի՞ հոգի են զորակոչվել, ներեցեք՝ կամավոր մեկնել ռազմաճակատ։ Հաստատ ոչ ոք։ Նրանք մաս կազմու՞մ են այդ դասալիքներին։

Եվ վերջապես, ով ով, վարչապետուհին իրավունք չունի խոսել դասալիքների մասին, չէ՞ որ իր «Նրանք զոհվում են հանուն ոչնչի» խոսքերով նա խրախուսել է դասալքությունը։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930