Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը հետեւողականորեն, քայլ առ քայլ գնում է սահմանների վերագծմանը». «Առերեսում»

Ապրիլ 08,2023 15:00

Կառավարության մարտի 30-ի նիստում խոսելով Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մտադիր են տվյալ հատվածի պահպանությունն իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով. «Նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ»:

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը սա անտրամաբանական էր համարել. «Սահմանը սահմանապահները հսկում են այն ժամանակ, երբ պատերազմական իրավիճակ չի լինում։ Սահմանների ճշգրտում արե՞լ է, հիմա էլ սահմանապահ զո՞րք է կանգնեցնում, սահմանազատում ու սահմանագծում է արե՞լ։ Պատերազմական իրավիճակում բերում է, երկու հոգու կանգնեցնում է 13 պոստի դիմաց, որ ի՞նչ անի, դրա անունը ի՞նչ է դնում, ո՞վ է նման բան տեսել»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը շարունակեց այդ հարցադրումները. «Խնդիրը ոչ միայն այն է, որ հայկական կողմը փորձում է այնտեղ սահմանապահներ տեղակայել… Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմից սահմանապահներ չեն… Այստեղ էլ պետք է հասկանանք, թե դեպի ուր են տանում եւ ինչ է իրականում կատարվում: Անհամապատասխանություն կա, թե ինչ է անում ադրբեջանական կողմը եւ ինչպես է արձագանքում Հայաստանը»:

Իսկ գուցե բանակի փոխարեն սահմանապահներ տեղակայելու որոշման կայացման համար վճռորոշ է եղել այն հանգամանքը, որ հակառակորդի սեպտեմբերյան գործողությունների ժամանակ Սյունիքի հատվածի՝ ԱԱԾ սահմանապահների պահպանությանը հանձնված ուղղությունները չէին թիրախավորվել, չէր հնչել ոչ մի կրակոց, չէր եղել ոչ մի վիրավոր: Այսինքն, թշնամին թիրախավորել էր այն հատվածները, որի պաշտպանությունն իրականացնում են ՀՀ զինված ուժերը: ԱԱԾ-ն գրությամբ հաստատել էր «168 ժամի» այս տեղեկությունը. «Տեղեկացնում ենք, որ 2022-ի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների օրերին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանվող տեղամասերի ուղղությամբ հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Հայկական պատմաաշխարհագրական միության» նախագահ, «Պրոֆիլ մեդիայի» տնօրեն Արմեն Մինասյանն ասաց, թե Հայաստանի իշխանությունները իրավիճակը հենց այդպես են պատկերացնում, թե այն տարածքները, որոնք իրենք կուլիսային պայմանավորվածությունների հետեւանքով փոխանցում են՝ դրանց վերաբերյալ Ադրբեջանն այլեւս ախորժակ չունի. «Բայց ես դրան չեմ հավատում, քանի որ վստահ եմ՝ Ադրբեջանը հետեւողականորեն, քայլ առ քայլ գնում է սահմանների վերագծմանը: Ժողովրդական բանահյուսության մեջ կա կկվի հեքիաթը. եթե որեւէ դիմադրություն չկա՝ հաջորդ ձագը տանելու հետ կապված ոչ մի խնդիր չկա: Բացարձակ կապ չունի, թե ինչ շեւրոն (թեւքանշան. խմբ) են կրում այդ հենակետում կանգնած զինվորականները՝ կլինեն զինված ուժերը, սահմանապահ զորքերը, թե «Մանուշակ» մանկապարտեզը՝ սկզբունքորեն տարբերություն չկա, եթե չդիմադրելու հրաման կա»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930