Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով կազմակերպված «Ուժը սեռ չունի» խորագրով միջոցառման ընթացքում, որի նպատակը նաեւ հասարակության մեջ կնոջ դերի ու նշանակության ոչ բավարար ընկալումները փոխելն է, խորհրդանշական մրցանակ եւ դրամական պարգեւատրում ստացան մեր շրջապատում ապրող 10 կանայք, որոնցից 7-ը ներկայացնում են մարզաշխարհը, իսկ երեքն ընտրել են կնոջ համար անսովոր համարվող մասնագիտություն՝ օդաչու, շինարար եւ հանքավայրի բեռնատար մեքենայի վարորդ: Ընդ որում, բոլորն էլ իրենց ոլորտում լավագույն արդյունավետություն եւ արդյունքներ են արձանագրում:
Կայացավ նաեւ պանելային քննարկում, որի ընթացքում վեր հանվեցին կնոջ մասին գոյություն ունեցող կարծրատիպերը, որոնք կան ոչ միայն հայկական իրականությունում, այլեւ ամբողջ աշխարհում, դրանց պատճառները, արվեցին առաջարկներ, թե ինչպես եւ ինչ քայլերով կարելի է այդ խնդիրն օրակարգից հանել:
Օրվա հերոսուհիները իրենց կյանքով ու ամենօրյա գործունեությամբ են ապացուցում, որ կինը ոչ մի բանով չի զիջում տղամարդուն ու նրա հետ հավասար ձեռքբերումների հասնում է անգամ խտրական մեկնարկային պայմաններում:
Գյումրեցի ծանրորդ Գրետա Վարդանյանը ներկայացնում է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն: Նա աշխարհի տարբեր երկրներում միշտ բարձր է պահում Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Վերջին նշանակալի հաջողությունը, որ Գրետան արձանագրել է, անցած տարի անցկացված աշխարհի գավաթի առաջնության հաղթողի տիտղոսն է, երբ նա Հայաստանի համար նվաճել է երկու ոսկե մեդալ: «Հպարտ եմ իմ հայրենիքով եւ նրանով, որ կարողանում եմ իմ երկրի դրոշը միշտ բարձր պահել: Ուժն իսկապես սեռ չունի: Ես կին եմ, մայր, ունեմ երկու դուստր: Իմ առօրյան բավականին ծանրաբեռնված է: Եվ աշխատում եմ, եւ մարզչական գործունեություն եմ ծավալում, եւ գործող մարզիկ եմ, եւ ղեկավարում եմ պարածանրամարտի ֆեդերացիան: Այս ամենը, համաձայնեք, դժվար է մեկ կնոջ համար: Բայց եթե գործդ սիրում ես եւ ցանկանում նաեւ հայրենիքիդ ինչ-որ չափով օգտակար լինել, ամեն ինչ հաղթահարելի է: Եվ ուժն արդեն սեռի հետ կապ չունի: Մարդը կարող է ցանկացած նպատակ դնել եւ հասնել դրան:
Ես ծանրամարտն ընտրեցի համոզմունքով, որ այն գյումրեցիների մարզաձեւ է: Ասես, մի ավանդույթ լինի ստեղծված, որ բոլոր գյումրեցիները պետք է մարզվեն ծանրամարտով ու հաղթեն: Ես բացառություն չէի: Իմ ուժը ներդնել փորձել եմ տարբեր մարզաձեւերում, բայց հասկացել, որ ծանրամարտով կարող եմ մեդալներ նվաճել, դրոշ բարձրացնել եւ ստիպել նաեւ մեր հանդեպ ոչ բարեհաճ երկրներին Հայոց օրհներգի հնչյունների ներքո ոտքի կանգնել»,-ասաց Գրետա Վարդանյանը:
Նադեժդա Բենկլյանն ընտրել է օդաչուի մասնագիտությունը: Նա առայժմ A-320-ի անձնակազմի հրամանատարի տեղակալն է: «Հայաստանում կին օդաչու լինելն արդեն իսկ նվաճում է: Սկզբնական շրջանում ինձ մի տեսակ այնքան էլ չէին վստահում: Սակայն ժամանակի ընթացքում այդ վերաբերմունքը փոխվեց: Մարդիկ սովորեցին, համակերպվեցին, որ ես ավիացիայում եմ, որ աշխատում եմ ու, կարծում եմ, վատ չեմ անում իմ գործը: 21-րդ դարում չկան այն կարծրատիպերը, թե ամեն ինչ կանխորոշվում է այն հնարավորություններով, որոնք մեզ թույլատրում են, կամ արգելում նպատակիդ հասնելու համար: Կարո՞ղ ենք մենք ֆիզիկական կամ մենթալ առումով հասնել մեր նպատակին: Կկարողանա՞նք՝ կհասնենք, չե՞նք կարողանա՝ չենք հասնի: Դրա համար ներքին եւ ֆիզիկական ուժի ջանքերը պետք է համատեղել: Բայց մի բան հստակ է. կինը կարող է ամեն բան, ինչ կցանկանա»,-վստահ է Նադեժդան:
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կոչ է անում բոլոր հայ կանանց՝ զբաղվել սպորտով: Սպորտը կօգնի լինել ուժեղ եւ այդ ուժը միայն կգեղեցկացնի ձեզ»,-վստահեցնում է Անին:
Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով խորհրդանշական եւ խրախուսական մրցանակներ ստացան նաեւ բռնցքամարտի Եվրոպայի Հայաստանի առաջին կին չեմպիոն Անի Հովսեփյանը, հրաձգության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Լիլիթ Մկրտչյանը, ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը, դահուկավազքի Հայաստանի չեմպիոն Կատյա Գալստյանը, բասկետբոլի Հայաստանի առաջնության լավագույն հարձակվող Լուսինե Սեդրակյանը, շինարար Անուշ Մարգարյանը եւ հանքավայրի բեռնատարի վարորդ Արինե Առաքելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ