Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ կարևորություն կարող են ունենալ հատկապես ՀՀ տարածքում նախատեսվող զորավարժությունները․ «Փաստ»

Ապրիլ 08,2023 09:35

Մինչ ՀՀ իշխանությունները շարունակաբար հավաստիացնում են, թե հավատարիմ են խաղաղության օրակարգին, որից չեն շեղվելու, Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած խաղաղությունը ենթադրում է հայաստանյան տարբեր տարածքների բռնազավթում։ Բաքուն առանց քողարկելու ներկայացնում է իր մտադրությունները։ Միևնույն ժամանակ՝ բանակցային գործընթացի վրա ազդելու նպատակով Ադրբեջանը փորձում է կիրառել նաև ուժի ցուցադրության իր լծակները։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն շաբաթ զորավարժություններ է անցկացնում երկրի ներսում։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը որպես հայկական կողմին ուղղված ուղերձ է դիտարկում Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը։

Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ հայկական կողմը, ներգրավված լինելով միջազգային զորավարժությունների շրջանակում, կարող էր մատնանշել, որ մեկուսացված չէ և աջակցություն ունի այլ երկրների կողմից։ Եվ հատուկ կարևորություն կարող են ունենալ հատկապես ՀՀ տարածքում նախատեսվող զորավարժությունները։ Այս տարի Հայաստանում նախատեսվում էր ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը, բայց հայկական կողմը նպատակահարմար չհամարեց Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելը։ Իսկ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժություն չի արվում, քանի որ դրանով կարող է առիթ ստեղծվել թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի դեմ սպառնալիք ստեղծելու համար, իսկ մյուս կողմից էլ դժգոհեց, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացմանը։

Բայց առանց ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացման փաստի էլ թուրք-ադրբեջանական տանդեմը հակված է տարբեր առիթներ օգտագործել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան զարգացնելու համար։ Հետաքրքրական է, որ օրերս Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հաստատեց, որ Հայաստանի զինվորականները մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») զորավարժություններին։ Բայց ժամեր անց ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվեց «Պաշտպան 23» զորավարժության մասին հոդվածը, և Հայաստանը հանվեց մասնակիցների ցանկից։ Հանրության համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է Հայաստանը հանվել մասնակիցների ցանկից։

Հասկանալի է՝ կա՛մ զորավարժությունների կազմակերպիչներն են հանել Հայաստանին, կա՛մ էլ Հայաստանն է հրաժարվել մասնակցությունից՝ ինչ-ինչ ազդակների կան հանգամանքների բերումով: Ճիշտ է, ՀՀ պաշտպանության նախարարությունը նշեց, որ ընթացիկ տարում պլանավորում են մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին, բայց այդպես էլ որևէ տրամաբանական պատասխան չհնչեց, թե ինչու է հանվել Հայաստանի անունը Defender-23-ից:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930