Լրահոս
Օրվա լրահոսը

Սերիկը գիտեր, որ կյանքը ստվեր չէ, այլ լո՜ւյս

Ապրիլ 08,2023 13:00

Անմոռաց հանդիպում

Արվեստաբան Սերիկ Դավթյանի մագադանյան աքսորի վերադարձի հետ կապված, հետաքրքիր հուշ է պահպանվել, որն առաջին անգամ պատմել է 1967թ. աշնանը, Էջմիածնում՝ տեղի երկրորդ աստիճանի դպրոցում (1927թ. շրջանավարտների 40-ամյա հավաքի ժամանակ¤: Կարճ ժամանակ՝ Սերիկը դասավանդել է մանկավարժական թեքում ունեցող այդ դպրոցում, եղել քաղաքի լուսբաժվարը: Այդ կրթօջախում են դասավանդել շատ անվանիներ՝ արվեստի եւ գիտության երախտավոր Տարագրոսը, մանկավարժ-հոգեբան Գուրգեն Էդիլյանը, բժիշկ Եղիշե Մկրտչյանը, հայագետ, բանասեր Երվանդ Տեր-Մինասյանը:

Սերիկը հիշել է դպրոցի աշակերտներից մեկին՝ Նորիկին, ում բոլորն էին սիրում: Նա մի լուսավոր հետք ու նվիրական հուշ էր թողել Սերիկ Դավթյանի կյանքում, դարձել թանկ ու սիրելի դեմք, դարձել հենարան: Դեպքը պատահել էր 1946թ. նոյեմբերին:

Ո՞վ էր շատերի կյանքում բարի անուն թողած, իրենց հպարտություն Նորիկը… Սերիկը միշտ հիշում էր հռետորական ակներեւ կարողություններով օժտված այդ կրակոտ պատանուն, որը հավասարապես սիրում էր բոլոր առարկաները, բայց ամենից շատ պատմություն: Կարծում էին, որ պատմաբան կդառնա, բայց Նորայրն ընտրում է կենսաբանի մասնագիտությունը:

Կարդացեք նաև
Խղճի պարտք…

Խոսքն աշխարհահռչակ գիտնական, ԽՍՀՄ եւ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, կենսաքիմիկոս, ԽՍՀՄ-ում տիեզերական կենսաբանության հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդակցական կոմիտեի (1956-59թթ.) եւ գործադիր խորհրդի (1959-64թթ.) անդամ, Տիեզերագնացների միջազգային ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ (1965թ.), միջազգային տիեզերագիտական ֆեդերացիայի կենսատիեզերագիտական կոմիտեի նախագահ, տաղանդավոր հետազոտող եւ կազմակերպիչ՝ Նորայր Սիսակյանի մասին է:

Հանդիպման այդ սրտառուչ օրը, Սերիկը խախտելով տարիների լռության խոհը՝ հիշում է Նորայրին եւ նրա մասին խոսք ասում: Պատմում է իր եւ մեծ գիտնականի կյանքից: Ճակատագիրը Նորայր Սիսակյանին երջանկություն էր նվիրել՝ միշտ լինել առաջինը, միաժամանակ՝ շնորհելով գիտական մտքի մեծ տաղանդ: Անկրկնելի է նրա կարճ կյանքի անցած իմաստալից ճանապարհը, մարդու եւ գիտնականի կերպարը: Շատերի մտապատկերում նա մնաց իր ձայնով, ժպիտով եւ գլխի այն թեք շարժումով, որն իրեն էր միայն հատուկ, եւ, թե ինչպես էր միշտ ուրախանում կամ բարկանում՝ պատմելով իր կյանքի ուրախ եւ տխուր իրադարձությունների մասին: Հաճախ այդ ամենը դժվար է լինում նկատել եւ զգալ գիտական աշխատությունների խիստ արտահայտությունների տողատակերից: Բայց մարդու արտաքինը ապրում է նրան ճանաչող մարդկանց հիշողության մեջ:

Կարճ է ապրել Սիսակյանը, բայց ապրել ու գործել է անդադար, տքնել է միշտ: Արեւելյան իմաստությունն ասում է. «Երբ մեռնում է գիտնականը, մեռնում է ողջ աշխարհը»: Սիսակյանն էլ իր հետ տարավ մի աշխարհ, որն աներեւույթ, բայց մեծ էր, լի բազում առեղծվածներով: Եվ այդ նույն իմաստությունը նաեւ ասում է. «Մարդը ապրում է, քանի դեռ նրան հիշում են»:

Սիսակյանը ծնվել է 1907թ., Աշտարակում: Հայրը՝ Մարտիրոսը, քաղաքում հարգված մարդ էր, տոհմիկ գինեգործ, մեծ տնտեսության ղեկավար: Սիսակյանների տոհմը սերում էր Սյունյաց իշխաններից: Մայրը՝ Սաթենիկը, որը 25 տարով փոքր էր ամուսնուց, տնային տնտեսուհի էր: Երկուսով համատեղ ունենում են երեք զավակ՝ Աշոտ, Նորայր եւ Մարիա:

Միջնակարգ կրթությունը Սիսակյանը ստանում է մինչեւ 20 տարեկանը՝ Օշականում եւ Էջմիածնում, քանի որ հնում Աշտարակում կար միայն նախնական ծխական-եկեղեցական դպրոց, որտեղ սովորել է 1914-16թթ.:

Փոքր տարիքից Նորայրը սիրում էր այգեգործական աշխատանքում օգնել հորը, հետաքրքրվել ամեն ինչով: Մի անգամ մանկության ընկերներից մեկի՝ Վաղարշակ Մարգունու (ժողովրդական դերասան) տանը նվեր է ստանում Դարվինի գիրքը, որը գրավում է հետաքրքրասեր պատանու միտքն ու երեւակայությունը, առաջին սերն արթնացնելով ուսման եւ գիտության նկատմամբ:

Լիովին գրել, կարդալ եւ հաշվել սովորում է միայն 16 տարեկանում: Սիսակյանի անվամբ խառնարան է անվանակոչված լուսնի վրա, միջնակարգ դպրոց՝ Աշտարակում, փողոցներ՝ Երեւանում եւ Աշտարակում: Մոսկվայում՝ Ա. Բախի անվան կենսաքիմիայի անվան ինստիտուտի մուտքի մոտ՝ Սիսակյանի հուշատախտակն է: Սիսակյան ազգանունը հավերժացած է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի շենքի պատին, իսկ հատուկ ծառուղում փոքրիկ ցուցանակը հուշում է, որ ծառերից մեկը տնկվել է նրա ձեռքով: 1999թ. Աշտարակում բացվել է տուն-թանգարանը (ներկայումս չի գործում¤, իսկ 1981թ. կանգնեցվել կիսանդրին:

Ի՞նչ կապ կարող էր լինել Սերիկի եւ Սիսակյանի միջեւ:

Սերիկը, ում կյանքում ճակատագրական շատ տառապանքներ եւ առօրյա մանրուքներ վաղուց մոռացվել էին, հոգում մի հուշ, մի շա՛տ թանկագին հուշ, բյուրեղացել ու զուլալվել էր, ինչպես գինին ազնվագույն կավից թրծված կարասում: Եվ նա այդ օրը հուզված պատմել է իր կյանքում տեղ գտած սրտառուչ մի դիպված:

– Իմ մեծ բարեկամ, ակադեմիկոս Նորիկ Սիսակյանը մեզ հետ չէ, բայց ջերմ ու խոր հետք է նա թողել իմ կյանքում: Հայ ժողովրդի այդ մեծ զավակը իսկապես բնատուր շնորհ է ունեցել՝ ահռելի տաղանդի հետ միաժամանակ օժտված լինելով անսահման եւ աներեւակայելի բարեսրտությամբ, մերձավորի նկատմամբ մեծ կարեկցանքով,- հիշել է Սերիկը: – Նորայրի մարդկային տեսակը փաստվել է այն ժամանակ, երբ ընկերը դժվարության մեջ է եւ նա մի՛շտ օգնության էր հասնում, կարեկից լինում, բաժանում դժվարությունները եւ շատ անգամ նրա համար պատասխանատվությունը վերցնում իր վրա: Նա զոհում էր ինքն իրեն…

Երբ Սերիկը Մագադանից հասնում է Մոսկվայի գնացքի կառամատույց, որտեղից հետո պետք է մեկներ Հայաստան, զարմանքով տեսնում է իրեն դիմավորելու եկած եղբոր ընկերոջը` Նորայրին եւ տիկնոջը՝ Վարվառային (Վարյա): Այլ դիմավորողներ չկային… Բայց Սերիկը դրանից չի զարմանում. իմաստուն կին լինելով՝ հասկանում էր, որ իրեն ճանաչողները խուսափում են անցանկալի անախորժություններից ու հանդիպումներից, վախենալով նույնիսկ դիմավորել իրեն: Իսկ Նորայրը չէր վախեցել… Անշուշտ, հուզիչ հանդիպում է եղել, տարիները ճերմակ էին շաղ տվել Սերիկի մազերին, նիհարել էր, դեմքին կնճիռներ ու ակոսներ ավելացրել: Ամենը վկայությունն էր անհանգիստ, տագնապներով ու հուզումներով լի կյանքի:

Ո՞վ գիտե, ի՞նչ է մտածել ու զգացել Սերիկը հանդիպման այդ պահին, բայց մի բան հաստատ է, որ չվատնած հոգու ամբողջ ուժով նա սպասել է ողջագուրվել սիրելիների հետ, մտածելով՝ ո՞ւմ կտեսնի: Երկա՜ր ու ձիգ տարիներ, որ կարող էին օտար դարձնել նույնիսկ ամենաարյունակից հարազատին, բարեկամին ու ընկերոջը: Սարսափելի դժվար է մտածել ու պատկերացնել այդ մասին:

Նա վերադառնում էր այնտեղ, ուր թողել էր իր երիտասարդությունը, հարազատներին, անցյալն ու հուշերը: Հետ էր վերադառնում տասնամյա մղձավանջից, որով ներծծված էր իր կյանքը, որը պետք է մոռացության տար մեծ տքնանքով եւ ստեղծագործական արվեստով:

Սերիկը խորասուզված մտածել ու չի գիտեցել, կպոռթկա՞, արդյոք, երբեւէ սրտից լիաթոք ծիծաղ, դեմքին կլինի՞ սրտաբուխ ժպիտ: Մի՞թե նորից կնայի շուրջն ու կտեսնի մառախուղ… Պետք է զորավոր լիներ, պետք է իր միջից դուրս մղեր բացասական ու տհաճ ամեն զգացում, պայքարեր գեղեցիկին առնչվող սիրելի գործով, հոգու լույսով, կյանքով ու դրա հանդեպ ունեցած լավատեսական շնչով: Եվ հենց այդ սերը, նրա հոգուց եւ էությունից դուրս մղեց բթացած ու կարծրացած ցավը, որը բույն էր դրել այդ հզոր կնոջ էության մեջ, բերեց կյանքի աղբյուր լույսը, այն շաղախելով հայկական ձեռագործ նախշերին ու երանգներին, մռայլը դարձրեց գունեղ: Սերիկը գիտեր, որ կյանքը ստվեր չէ, այլ լո՜ւյս… Այն վայրը, որտեղից նա վերադառնում էր, չուներ ո՛չ մի գեղեցկություն… Չկար ոչ մարմնական, ո՛չ հոգու, ո՛չ առարկաների ու ոչ էլ շենքերի գեղեցկություն: Նույնիսկ մագադանյան բնության մեջ՝ տասը տարի, նա գեղեցկություն չէր գտել ու տեսել, ամեն ինչ մռայլի մեջ էր:

Անշուշտ, հետագայում ունեցել է հոգու անձկության պահեր, մտավախություն, որ նորից պետք է աքսորվի եւ ճամբար վերադառնա, իրեն գտնի քնատախտակին: Բարեբախտաբար, եկավ պահը, երբ ժամանակները փոխվեցին:

Նորայր Սիսակյանի եւ նրա տիկնոջ հետ աշնանային հանդիպման այդ օրը՝ հուզիչ է եղել: Ազնվագույն մի հայ մարդ, բարի մի սիրտ` արհամարհելով այդ ազնիվ կնոջ անվան շուրջ եղած անվստահությունն ու բամբասանքը, եկել էր նրան իր օջախ, իր տուն տանելու: Այդպես միայն վարվում են մեծ հոգու տեր ուղղամիտ մարդիկ: Պատկառելի եւ ճանաչում ունեցող գիտնականի առջեւ կանգնած էր մի կին, որն իր ուսուցչուհին էր եղել, իր ուսանողական տարիների մտերիմ ընկերոջ՝ Գագիկի ավագ քույր Սերիկը: Կին, որին կյանքը շատ բան էր տվել, շատը՝ վերցրել: Այն իր մատնահետքերն էր թողել Սերիկի մազերի ճերմակում, որոնք մշտապես մի մեծ փնջով գեղեցիկ հավաքած էր լինում ծոծրակին:

Մարդկային այդ արարքը Սերիկի հիշողության թանկ մատյանում երբեք չմշուշվեց: Գիտեր, որ կարգին մարդու էությունը չի քանդվում, ամուր է մնում: Այդ քայլը նրան խորապես հուզում եւ չի մոռանում: Ինչ-որ կերպ երախտահատույց եւ շնորհակալ լինելու համար՝ Հայրենիք վերադառնալով, Սերիկն ասեղնագործում է Սիսակյանի ծննդավայրի` Աշտարակի միջնադարյան կամուրջի պատկերը, այն ուղարկելով Մոսկվա: Մարդկային վեհանձնությանը պատասխանում է վեհանձնորեն: Տարիներ շարունակ, մինչեւ մահ, գիտնականն այդ ձեռագործից անբաժան էր, որը կախել էր աշխատասենյակի պատին:

Սերիկի ընտանեկան արխիվում, նրա ձեռագրերի մեջ, ութ թերթանի գրառումների պատառիկ գտա, որը պահպանվել է պոկված նոթատետրից: Զգուշորեն ու խնամքով թերթում եմ: Վերնագրել է՝ «Նորայր Սիսակյան»: Գրառումներին առնչվող խոսքն ասվել է Աշտարակում՝ Նորայր Սիսակյանի անունը կրող դպրոցում: Արագ եւ խիստ համառոտ է գրել, շարադրելով ամենակարեւոր մտքերը, որոնք սկզբնաղբյուրի դեր ունեն: Արվեստագետը հիշում է, որ Նորայրն ու Գագիկը մտերիմ ընկերներ են եղել: Սերիկի եղբայրն անվանի ագրոքիմիկոս, ակադեմիկոս, ԵՊՀ ռեկտոր Գագիկ Դավթյանն էր, ով իր գիտական հայտնագործություններով մեծ ճանաչում ուներ: Կարդում եմ. «…Հանդիպում Մոսկվայում: Վարյա Պետրովնայի ընդունելությունը ջերմ, հարազատ եւ ես որոշեցի մի ձեռագործ ասեղնագործել, նվիրել… Աշտարակի կամուրջը… Նորից ու նորից իմ նկարածն անհաջող էր: Խնդրեցի նկարիչ Վանիկ Շարամբեյանին: Նկարեց կամուրջը եւ խաղողի ողկույզ: Գործեցի: Նորիկին շատ դուր եկավ, երեխայի պես հրճվեց:

Եղան մի քանի հանդիպումներ, ամեն անգամ Մոսկվայում: Եղա եւ նրանց նոր բնակարանում Լենինի պողոտայի վրա: Նրա ստացած նվերները, կիրառական արվեստի, ինքն էր ինձ ցույց էր տալիս, կարծիքս հարցնում, ամեն հանդիպման նվերները շատացած էին լինում տարբեր երկրներից (Աֆրիկա, ԱՄՆ, Ֆրանսիա եւն¤ եւ միշտ պատին փակցված էր մնում իմ նվերը՝ Աշտարակի կամուրջը:

Նրա ամբողջական կյանքը օրվա պլանավորում էր. ժամանակին ճաշը հասցնել, վաղ առավոտյան օտար լեզուներ պարապել, ակադեմիա գնալ ոտքով… Աշխատասիրություն՝ աշխատելու բարձր կարողություն, հանգիստ, շա՜տ լուրջ, հայրենանվեր: Նա այս փոքր Աշտարակից, հին գյուղից հասել էր գիտության անասելի բարձունքին՝ տիեզերքը հետազոտող, տիեզերքը հաղթող մարդու եւ տիեզերագնացի անձի մասին էր հոգ տանում, գիտությունը ի սպաս էր դարձնում մարդուն:

Վերջին անգամ նրանց տանը Վարյա Պետրովնան ինձ տարավ Նորիկի սենյակ, նստեցինք եւ նա պատմեց, պատմե՜ց ու ցույց տվեց այն բոլոր ցավակցական հեռագրերը, որ ստացել է Նորիկի մահվան առթիվ: Շատ էին, երկրագնդի շատ վայրերից, հայտնի գործիչներից: Նորից ցույց տվեց Նորիկի ստացած նվերները, հետո մոտեցանք այն պատին, որին կախված էր Աշտարակի կամուրջի նկարը.

– Նորիկը շատ էր սիրում այս նկարը: Կանգնում էր, նայում, իր Աշտարակը հիշում…

Պատին ես տեսա պարուհու նկար եւ զարմացած հարցրի դրա մասին.

– Այո, նա ուսումնասիրում էր պարուհուն, եւ ասում էր, որ «վպՉպրՏՎՏրՑՖ»-ի (անկշռություն¤ հարցում՝ պարուհին ինչ-որ նմանություն ունի տիեզերագնացի հետ:

Այստեղ էլ զարմանալի էր Նորայրի ստեղծագործական մտքի որոնումները»:

Նորայր Սիսակյանը վախճանվել է 1966թ. մարտին:

Սերիկի եւ Սիսակյանի մոսկովյան առաջին հանդիպման դրվագում ինձ մի բան ապշեցրեց. Սիսակյանի քաջությունը եւ անձնվիրությունը՝ Սերիկին դիմավորելու եւ իր տուն տանելու քայլում, հատկապես այն դեպքում, երբ այդ դժվար եւ դեռեւս ստալինյան սարսափի մեջ ապրող երկրում, նա կարող էր հիմնապես կորցնել ամեն ինչ: Խոսքս զուտ ենթադրություն չէ. Նորայր Սիսակյանը համարվում էր «ժողովրդի թշնամու» եղբայր: Նրա ավագ եղբայրը՝ Աշոտ Սիսակյանը ձերբակալվել եւ գնդակահարվել էր 1937թ.: Սերիկի ցավը նա կարող էր հասկանալ, նրան մարդկայնորեն եւ հարազատաբար կարեկից լինել, լսել համբերությամբ:

Իսկապես, կյանքում բառ, արարք, խոսք ու վարմունք կա, որ մի աշխարհ է: Եվ կա մարդ, ով գեթ մեկ արարքով, բայց մեկընդմիշտ մտնում է սրտիդ մեջ որպես սեր, հույս, հավատ, որպես ազնվության, մաքրության ու պատվախնդրության օրինակ: Այդպիսի արարք էր Սիսակյանի քայլը, այդպիսին էր ինքը՝ հրաշալի մարդ եւ գիտնական Նորայր Սիսակյանը:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Սերիկ Դավթյանի կենսագիր

«Առավոտ» օրաթերթ
07.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930