Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհեր ոգու ամրոցների մասին

Ապրիլ 08,2023 12:00

«Գրական գործիչներն ազգային ճարտարապետության մասին» արժեքավոր ուսումնասիրությունը Ռոբերտ Դավթյանի 32-րդ գիրքն է, որը տպագրվել է ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ: Գրքում լուսաբանվում են գրողների եւ ճարտարապետների ստեղծագործական առնչությունները, ազգային ճարտարապետության մասին հայ գրողների մտքերը, խոհերը, հուշերն ու բանաստեղծությունները: Հեղինակն անդրադարձել է այն գրողներին ու արվեստի գործիչներին, ովքեր իրենց արձակ եւ չափածո ստեղծագործություններում, քննադատական եւ բանավիճային հոդվածներում, հրապարակային ելույթներում, նամակներում անդրադարձել են քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերին: Ռ.Դավթյանը նշում է, որ հայ գրողները քարի նկատմամբ ունեցել են պաշտամունք, քարին վերաբերվել են սիրով ու քնքշանքով: Քարը եւ քարաշեն կառույցները հայի համար գոյության հիմք են եղել: Կառուցել են տներ, պալատներ, վանքեր, եկեղեցիներ, կրթական օջախներ: Նրանցում հայ գրողը հառնելու գաղափար է տեսել, այդ փոքր ձեւերի մեջ գոյատեւելու գաղափար է տեսել: Ճարտարապետական արվեստն էլ իր հերթին ներշնչման, պատկերավոր մտածողության եւ հայրենասիրության աղբյուր է եղել գրողների ու գրական գործիչների համար, հայոց ճարտարապետությունը բովանդակում է ազգային հատկությունները՝ ուժը, համառությունը, դիմադրությունը, հայոց քարը եւ լույս է, եւ ստվեր: Ռ. Դավթյանն ընդգծում է, որ հայ ճարտարապետության համար Ալ. Թամանյանը պատմական անհրաժեշտություն էր, ինչպես Կոմիտասը՝ երաժշտության, Աճառյանը՝ բանասիրության, Համբարձումյանը՝ աստղագիտության մեջ:

Սերունդների ու նրանց ստեղծած ժառանգությունը նորերին փոխանցելու պարտականությունը դրված է արդի գիտնականների վրա, ովքեր պետք է կատարեն այդ սուրբ պարտականությունը: Ուշագրավ է գրքի «պատգամը»՝ մենք պատմություն սիրող ժողովուրդ ենք եղել, որովհետեւ ունեցել ենք պատմություն՝ դժվար, ծանր, ողբերգական, ինչը հիշեցնում է, որ մնանք պատմությունը սիրող զգոն մարդ: «Հայի հանապազօրյա գիրքը» բաժնում մեջբերվում են Սայաթ-Նովայի, Րաֆֆու, Ար. Արփիարյանի, Ավ. Իսահակյանի ասույթները եւ Չարենցի ու Սահյանի բանաստեղծությունները:

Ուշագրավ է «Պատմության էջերից» բաժինը, որտեղ անդրադարձ կա Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին:

«Հայոց արեւի ու քարի քաղաք» բաժնում տեղ է հատկացված 2011թ. Անին մայրաքաղաք հռչակվելու 1050-ամյակին եւ Լեոյի «Անի» աշխատությանը:

Ռ. Դավթյանը բավականաչափ տեղ է հատկացրել «Թամանյանն ազգային ճարտարապետության մասին», «Չարենցը եւ հայ ճարտարապետությունը», «Ավ. Իսահակյանը եւ հայ ճարտարապետությունը», Մ. Սարյանի, Դ.Դեմիրճյանի, Հովհ. Շիրազի, Ռ. Զարյանի, Լ. Հախվերդյանի խոհերին, ճարտարապետության շուրջ:

«Վերջին խոսք»-ում ասվում է. «Փորձեցի ծովից վերցնել մի կաթիլ, քանզի ծովը խորն է, լիքը՝ շողշողուն մարգարիտներով: Այդ ծովը հայ ճարտարապետության հարուստ հուշարձաններն են, տաղանդավոր ճարտարապետներն ու կառուցող մասնագետները:

Իմ կարծիքով, հնադարյան հուշարձաններից պետք է վերցնել օդի ու ջրի պես կարեւորը՝ ապագա մասնագետներին թողնելով հնի կատարելության պատմությունն ու սխեման: Փորձեցի շատ վերցնել, բայց չկարողացա… Ափսո՛ս, հազար ափսո՛ս, որ ճարտարապետ չեմ»:

Գիրքն ավարտվում է «Ֆոտոպատմություն»-ով, որտեղ հեղինակը ներկայացրել է «Անի»-ի պատմությունը:

Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930