Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորների ծնողներ․«Տեղ գյուղում հայկական կողմը մեզ առաջ գնալ չէր թողնում, որ չտեսնենք նախորդ այցից հետո մեր տարածքում հայտնված ադրբեջանական նոր անցակետը»

Ապրիլ 07,2023 23:07

ԱԺ մուտքի մոտ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքի ժամանակ 44-օրյա պատերազմում հերոսացած զինվորների ծնողները հայտարարեցին, որ շարժման անդամների հետ նորից մեկնում են Տեղ գյուղ՝ մեկ անգամ եւս սեփական աչքերով տեսնելու ստեղծված իրավիճակը, սատարելու, ոգեւորելու գյուղի բնակիչներին, որոնց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք տիկին Նաիրայի խոսքով,  համաձայն չեն այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը։

Նրանք արդեն վերադարձել են։ Նաիրա Մելիքյանը, եւ Ջիվան Միքայելյանը, «Հայելի» ակումբում պատմեցին իրենց տեսածի մասին։ «Մենք գնում ենք մեր միջոցներով եւ ոչ մեկի օգնության կարիքը չունենք։ Մեզ երկնքից օգնում են մեր երեխաները։ Հասանք տեղ եւ, բարեբախտաբար, մարտի 31-ին տեղակայված անցակետը նորից չէր տեղափոխվել՝ նրանք առաջ չէին եկել։ Այնտեղ կանգնած էին Սիսիանի ոստիկանները։ Կրկին եկավ, այսպես կոչված, ոստիկանական վարչության պետի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը ու սկսեց նույն երգերը երգել, թե մեզ անցնել թույլ տալ չեն կարող, որ դա մեր անվտանգության համար է, հավատացնում էր, որ բոլորն այնտեղ են եւ իրականացնում են բնակչության անվտանգության հետ կապված աշխատանքներ»։ Այդ ոստիկանը, ինչպես պատմեց տիկին Նաիրան, այդպես էլ մինչեւ վերջ չի պատասխանել իրենց հետաքրքրող եւ ոչ մի հարցի այն մասին, թե կոնկրետ անվտանգային ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, որոնց մասին վստահեցնում է։ Նաիրա Մելիքյանը պատմեց նաեւ, որ գյուղապետարանի դուռը կողպված է եղել ու իրենք ոչ մեկին չեն կարողացել հանդիպել, չնայած, որ ավելի վաղ հայտարարվել է, թե աշխատում են  24 ժամ։ «Դրա փոխարեն, անցակետի մոտ խմբված էին մոտ 10 անհասկանալի երիտասարդներ, որոնք ոչ գյուղի բնակիչներ էին, ոչ ճանապարհաշինարարներ։ Եվ այդ երիտասարդների խոսքով իրենք եկել են իրենց ճիշտ տեղը, որ սովետի ժամանակ դա իրենց հողն է եղել։ «Այդ ժամանակ մենք հասկացանք, որ դրանք ֆեյք տականքներն են,-եզրակացրեց Նաիրա Մելիքյանը։

Նահատակված Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը հավելեց․ «Ոստիկանները բոլորիս պատասխանում էին նույն բառերով․ բարձրաստիճանները, թե ծառայում են համակարգին եւ ոչ թե երկրին ու ապահովում բնակչության անվտանգությունը, իսկ ցածրաստիճաններն ասում էին, թե ի՞նչ կարող են անել»։

Այնուամենայնիվ, զոհված զինվորների ծնողներին առաջ գնալ հաջողվել է։ Նաիրա Մելիքյանը պատմեց, որ նախորդ անգամվա այցից հետո Հայաստանի տարածքում գտնվող ճանապարհի վրա ադրբեջանական նոր անցակետ է հայտնվել եւ ենթադրեց, որ հայկական կողմի՝ իրենց առաջ գնալուն ամեն կերպ խոչընդոտելը ունեցել է մեկ նպատակ․ որ իրենք չտեսնեն, թե իրականում ինչ է կատարվում Սյունիքում։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930