Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բերված խաչքարերը Ախթալայում տեղադրելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել

Ապրիլ 07,2023 22:10

Aravot.am-ի տեղեկություններով՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ, Տեր-Հովհան Եպիսկոպոս Հակոբյանի թույլտվությամբ ՝ Ախթալա հանրապետական նշանակության հուշարձանի մուտքի մոտ, դարպասի դիմաց և դարպասից ներս տեղադրվել է 6 խաչքար, ինչի համար նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ից հաղորդում է ստացվել, որ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության է խաչքարերը տեղադրվել, ինչի համար պահանջել են ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ խաչքարերը վանական համալիրի տարածքից հեռացնելու ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ խաչքարերի տեղադրման հետևանքով պետական պահպանության տակ գտնվող վանական համալիրն է վնասվել և համալիրի պատմական միջավայրի խախտումներ են արձանագրվել:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում  կատարվել է նշված տարածքի զննություն, հաստատվել է խաչքարերի առկայությունը, դրանք տեղադրելու հանգամանքների առնչությամբ գրություն է ուղարկվել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարան, պատճառված հնարավոր վնասի առնչությամբ նշանակվել է դատամշակութաբանական փորձաքննություն։

Տեր Հովհան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ խաչքարերի տեղադրման համար նախաձեռնված քրեական վարույթից տեղեկություն չունի.  «Խաչքար տեղադրելն ինչ կապ ունի պատմամշակութային աղճատման հետ, ո՞վ է նման բան ասում: Ես տեղյակ չեմ այդ վարույթի մասին» :

Իսկ ինչ խաչքարեր են տեղադրվել, Տեր Հովհանը բացատրեց.  «Ժամանակավոր ցուցադրության համար են խաչքարերը տեղադրված: Մշակույթի նախարարության համապատասխան բաժնի հետ էլ համաձայնեցված է: Այդ խաչքարերը եզակի նմուշներ են Արցախի այն շրջանից են, որի մասին արդեն չգիտենք՝ այդ խաչքարերը կան, թե՝ ոչ, որովհետեւ գերության մեջ մնացին, հանձնվեց այդ տարածքը: Հայ եկեղեցին էլ կազմակերպել է Արցախի ժառանգության վերաբերյալ գիտաժողովներ ամբողջ աշխարհով, գիտաժողովների մեծ մասն արդեն արվել է, անցած տարի օգոստոսին էլ արվեց Հաղպատավանքում: Արդյունքում խաչքարերը տեղադրվեցին եւ ամբողջ աշխարհից գալիս են տեսնելու այդ նմուշները: Հիմա դրա ի՞նչն է վատ»:

Տեր Հովհանը պնդում է՝ որ միայն  մասնագետները կարող են հստակ գնահատական տալ՝ խաչքարերի տեղադրումից ինչ վնաս է հասցվել համալիրին. «Ոչ ես կարող եմ ասել, ոչ՝ ուրիշը, թող մասնագետը գա, ասի: Մեր վանքերում այնպիսի սարսափելի բաներ են կատարվել մշակույթի նախարարության կողմից, Հնեվանքը ամենացայտուն օրինակն է, գնացեք, տեսեք՝ ինչ են արել պետական հովանավորությամբ: Այ բարբարոսությունը դա է, ոչ թե խաչքար դնելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930