«Դատարանն ապօրինի է իրականացնում գործընթացը և նպատակ ունի րոպե առաջ երկարացնել Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստն էր։
Դատավորը, հիշեցնենք, կալանավորված է, իսկ Էրիկ Ալեքսանյանը վերջերս կալանքից ազատ է արձակվել։
Էրիկ Ալեքսանյանը, հիշեցնենք, մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատելով Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ին՝ Սերգեյ Գրիգորյանին։ Նա էլ մեղադրվում է դատարանի Կենտրոնի նստավայրի բակում այլ քրեական հեղինակությունների հետ ծեծկռտուք անելու համար։
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանը տեղեկացրեց՝ դատական նիստի ընթացքում պետք է ապացույցներն ըստ հերթականության քննարկեին, բայց դատարանը հայտարարեց՝ քանի որ ապրիլի 18-ին լրանում է Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը, խափանման միջոցի երկարաձգման վերաբերյալ հարցը պետք է քննարկվի այսօր։ Պաշտպաններն այս առիթով առարկել են դատավորին՝ պահանջելով, որ ըստ կարգի շարունակվի դատական նիստը, քանի որ դեռևս 11 օր կա այդ հարցի համար և կարող է հաջորդ դատական նիստին քննարկել։ Երեմ Սարգսյանը շարունակեց․ «Պաշտպանների առարկությունների և դատավորի պարզաբանումների ընթացքում գտանք, որ դատարանն ապօրինի է իրականացնում գործընթացը և որ նպատակ ունի րոպե առաջ կալանքի ժամկետը եզրակացնել»։
Հետաքրքրվեցինք՝ դատավորի այս քայլում ի՞նչ միտում եք տեսնում, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «Մենք ասում ենք՝ 11 օր շուտ մի սկսեք այդ գործընթացը, որովհետև դեռևս հիմա ընթացիկ նիստ կարող ենք անել՝ չորս-հինգ օր առաջ քննարկել, այդ ընթացքում էլ դատական գործընթացն առաջ կգնա և այդ հարցերը կարող էին էական նշանակություն ունենալ կալանքի երկարացման կամ չերկարացման համար»։
Երեմ Սարգսյանն ասաց՝ ի վերջո դատավորը մնացել է իր կարծիքին՝ որից ելնելով պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին։
Երեմ Սարգսյանին հարցրինք՝ դատավորն ի՞նչ էր պատճառաբանում՝ ցանկանալով Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը ժամկետից շուտ քննարկել, փաստաբանը պատասխանեց․ «Ասում է, որ հետո կարող է հանկարծ չհասցնենք, երկար տևի։ Իր կարծիքով՝ պետք է այս պահին անդրադառնայինք այդ հարցին։ Մենք էլ գտնում էիք, որ դեռևս կարող էինք քննությունը շարունակել, գործողությունները կատարել և հետագայում, քանի որ ժամանակ ունենք, այդ ժամանակ քննարկենք։ Դատավորն ասում է, որ պարտավոր է քննարկել, մենք էլ ասում ենք՝ այսքան շուտ նման պարտավորություն չկա»։
Հարցին՝ ի՞նչ միտում է սա դատավորի կողմից, Ձեր պրակտիկայում շատ ե՞ք հանդիպում, նա պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ՝ օրենսդրությունը նոր է փոխվել, և իհարկե, եթե կալանքի տակ անձ կա, այդ հարցը քննարկվում է։ Մենք կարծում ենք, որ եթե այդքան շուտ է քննարկվում, կարծես թե դատավորը սրանով ապահովագրում է րոպե առաջ կալանքի երկարաձգելը։ Մենք համոզմունք ունենք, որ երկարաձգելու է։
Այսինքն՝ ըստ էության պետք է դատարանն այնպես անի, որ քննությունն այնպես գնա, որ կալանքի հիմքերը վերանան, այլ ոչ թե հնարավորինս շուտ կալանքի ժամկետը երկարացնի։ Իսկ թե ինչու է այդպես արվում, արդեն միայն ենթադրություն կարող ենք անել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ