Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարման անընդհատ բարձրացումը, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բախումային զարգացումները տարածաշրջանը դարձնում են ավելի խոցելի եւ մեծացնում վտանգը, որ տարածաշրջանային որեւէ պետություն՝ Ադրբեջանը կամ Իրանը կարող են ներքաշվել ռազմական էսկալացիայի մեջ, իսկ դա ՀՀ-ին դարձնում է ավելի խոցելի, քանի որ այդ պարագայում ՀՀ տարածքն անմասն չի մնա բախումներից. այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում աշխարհաքաղաքական զարգացումների մասին խոսելիս՝ կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նախկին պաշտոնյան ցավով է նշում, որ Հայաստանը դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական առումներով պատրաստ չէ դիմակայության: Նա նկատում է, որ գործող իշխանությունն արցախյան խնդրի լուծման առումով զարգացումներն արդեն մտցրել է փակուղի՝ չունենալով որեւէ լուծում, որը հնարավորություն կտա գոնե եղածը պահել. նա նկատի ունի ստատուս-քվոն եւ խաղաղությունը, որի ձգտումը արդեն իսկ դարձել է առեւտրի միջոց, որի օբյեկտը ՀՀ-ն եւ Արցախն են՝ հանուն գործող թիմի իշխանության պահպանման:
Բանախոսի գնահատմամբ, ռուս-ուկրաինական պատերազմը որքան ձգվի, այնքան թուլանալու է Հայաստանի անվտանգային միջավայրը, ինչն այս պահին բացառապես ռուսական գործոնով է պայմանավորված: Արտակ Զաքարյանի խոսքով, գործող իշխանությունն անընդհատ խորացնում է Ռուսաստանի դեմ թշնամանքը, օգնում ՌԴ-ին տարածաշրջանից դուրս բերելու քայլերին, բայց փաստն այն է, որ թե Արցախի, թե Հայաստանի անվտանգության արտաքին ապահովման միակ երաշխավորն այս պահին բացառապես Ռուսաստանն է եւ եթե ուկրաինական զարգացումներով պայմանավորված ՌԴ-ի դերակատարումը Հարավային Կովկասում թուլանա, դա արդեն ՀՀ անվտանգության համար բացահայտ սպառնալիք կլինի: Բացի այդ, գործող իշխանության տարբեր մեղքերի պատճառով, ՀՀ-ի նկատմամբ մեծացել են արտաքին ազդեցության գործոնները՝ բոլոր ուղղություններով. «Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի թե ինքնիշխանությունը, թե ինքնուրույնությունը կորսվել է եւ բովանդակային եւ տարածքային իմաստներով: Իհարկե, մեր արտաքին անվտանգության ամենամեծ սպառնալիքներն այս իշխանություններն են: Հարցն այն չէ, թե ի՞նչ սպառնալիքներ կան դրսում, հարցն այն է, թե որքանո՞վ ես դու պատրաստ՝ դրանք դիմագրավելու: Ամեն ինչ դրված է ինքնահոսի տարբերակով՝ ինչ կլինի, թող լինի, իրենց գործն էլ խաբեության ու կեղծիքի միջոցով հասարակության զգոնությունը, գիտակցական մակարդակը բթացնելն է՝ պարզ խաբեության, էական եւ անէական խնդիրները խառնելու միջոցով»:
Կարդացեք նաև
Ստեղծված կիրավիճակում Արտակ Զաքարյանը թիվ մեկ լուծումը համարում է իշխանափոխությունը, որը հնարավոր է միայն ընդդիմության միավորման դեպքում: Իշխանափոխությունից հետո, նա սպառնալիքների արդյունքում առկա հնարավորությունները ՀՀ-ի եւ Արցախի օգտին ծառայեցնելու տարբերակներ է տեսնում:
Անդրադառնալով Տեղ եւ Կոռնիձոր համայնքներում տեղի ունեցողին էլ, նախկին փոխնախարարը համաձայնեց, որ դա հայտարարված կամ չհայտարարված սահմանազատում է, հակառակորդն էլ ռազմական դիրքավորման հստակ աշխատանք է իրականացնում, ինչը նշանակում է, որ հետագայում ցանկացած սահմանազատում կրկին ՀՀ-ի ինքնիշխան տարածքի հաշվին է լինելու՝ կամ ռազմական բախման, կամ՝ արտաքին շատ մեծ ուժի կիրառման արդյունքում:
Նա կարծում է, որ գործող իշխանությունն այնպես է անում, որ հաջորդ իշխանությունն անվտանգային առումով շատ մեծ դժվարությամբ կարողանա ինչ-որ բան բարելավել ու այս իմաստով, իշխանափոխությունն ուշանում է. «Կարող է ինչ-որ պահ գալ, երբ արդեն իշխանափոխությունն էլ իմաստ չի ունենա: Սրանց նպատակը դա է, եւ դա թուրք-ադրբեջանական շահերի օգտին է:
Ընդդիմությունը երեք անգամ դա փորձել է, մեր հասարակությունն, առնվազն երեք կազմակերպված հնարավորություն՝ իշխանափոխություն անելու, բաց է թողել: Ընդդիմությունը պետք է աշխատի ժողովրդին մոտիվացնելու ուղղությամբ: Երբ գիտակից քաղաքացին կհասկանա, որ ինքը պետք է երաշխավորի իր վաղվա օրը, իշխանափոխություն կլինի: Արտագաղթելու փոխարեն՝ պետք է մտածել իշխանություն փոխելու մասին: Իշխանափոխության պահանջը պետք է դառնա հանրային պահանջ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ