Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ց է վիրավորվել ԲԴԽ-ն, որ Հովհաննես Խորիկյանի վճիռի մեջ հայտնաբերել եմ իմ անունը և դա անվանել եմ գրագողությո՞ւն»․Գագիկ Համբարյան

Ապրիլ 07,2023 20:40

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պատճառը Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի գործունեության մասին։

Գագիկ Համբարյանը, ըստ քննչական կոմիտեի, «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ գրառում է արել ՝ կից տեղադրելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի լուսանկարը։ Եվ նրա գրառումը շրջանառության մեջ են դրել մի շարք լրատվական կայքեր։

«Հրապարակման մեջ, ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Լ.Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ Գ.Հ.-ն վիրավորական մի շարք արտահայտություններ է օգտագործել դատավորի հասցեին։ Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։

Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը»,-գրված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Գագիկ Համբարյանը պնդում է, որ մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրեն հարցաքննության հրավիրելու, լսելու, առանց իր ապացույցներին ծանոթանալու։

Նա ասում է․ «Քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ ես Լիլիթ Խաչատրյանի վճիռներից դժգոհ լինելով եմ գրառումներ արել, բացահայտ սուտ է և կեղծիք, քանի որ նախ Լիլիթ Խաչատրյանի վերաբերյալ առաջին քննադատական գրառումն արել եմ 2018 թվականի դեկտեմբերի վերջին, որի մասին նա տեղեկացվել է իմ կողմից 2019 թվականի նոյեմբերին։ Իսկ հետագայում բազմաթիվ են եղել նրա վերաբերյալ քննադատական, նրա գործունեությանը վերաբերող գնահատողական վերաբերմունք ունեցող իմ գրառումները։

Եթե ես դժգոհ լինեմ դատարանների կողմից կայացած վճիռներից, ինչպես որ Քննչական կոմիտեն է մեկնաբանում, ապա պետք է հիմա «վիրավորեի» նաև օրինակ՝ դատավորներ Գագիկ Հովհաննիսյանին, Դանիել Մխեյանին, Ջոն Հայրապետյանին և ալյոց, որոնց վճիռները ինձ չեն բավարարել կամ եղել են իմ դեմ»։

Գագիկ Համբարյանը միաժամանակ ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր՝ հիմնավորելով իր կարծիքը դատավոր Խաչատրյանի գործունեության վերաբերյալ։

«Գիտեք, որ ԲԴԽ-ն ուղղորդում է դատախազությանը և քննչական կոմիտեին՝ քրեական գործ հարուցելու իմ նկատմամբ, նաև Նաիրի Հոխիկյանի անունն է տրված։ Ես իբր թե վիրավորել եմ դատավոր Լիլիթ Խաչատրյանին։

2018 թվականի մարտի 15-ին Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը ինձ և գործընկերոջս՝ Հովհաննես Խորիկյանին, ազատեց աշխատանքից։ Մենք դիմեցինք դատարան և դատարանով վերականգնվեցինք։ Մեր երկուսի դատավորները եղել են տարբեր մարդիկ, իհարկե՝ մեզ ազատել են նույն հոդվածով, բայց դատական գործընթացները լրիվ այլ հունով և այլ բովանդակությամբ են ընթացել։

Իմ ու Հովհաննես Խորիկյանի դատերի ժամանակ հնչած ելույթներն ու պատճառաբանությունները որևէ աղերս չունեն միմյանց հետ, տարբեր են եղել, որովհետև իմ գործն ավելի «ծանր էր», քանի որ ես հանրային դեմք եմ, շատ էի ելույթ ունենում։ Հովհաննես Խորիկյանին այդ ամենի համար չէին մեղադրում, ինչ-որ պահանջներ նրանից չէին հայցում։

Բայց հետագայում շատ հետաքրքիր բան պարզեցի․ 2019 թվականին հոկտեմբերի 3-ին ես մանրամասնորեն ներկայացրել եմ Լիլիթ Խաչատրյանի վերաբերյալ իմ կարծիքը, որ նա գրագող է և շարունակում է իր գործունեությունը։ Հետաքրքիր է՝ ԲԴԽ-ն այդ ժամանակ այս գրառմանս ուշադիր չէր եղե՞լ։

Ես ոչ մի նոր բան չեմ գրել։ Գրել եմ «վճիռ գողացող», բայց բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ նա ինչ-որ տեղից այլ վճիռի մի մասը վերցրել է և ներկայացրել է իր վճիռի մեջ, «վճիռ գողացողը» դա գրագողն է։ Հիմա բացատրեմ, թե ես որտեղից եմ եկել այն եզրակացության, որ Լիլիթ Խաչատրյանը գրագող է։

Իմ վճիռը կայացել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանի կողմից՝ 2018 թվականի հուլիսի 28-ին, բացում ենք 24-րդ էջը, 5-րդ պարբերությունը (տես փաստաթղթում)։

 

Բացում ենք Հովհաննես Խորիկյանի վճիռը, որը կայացել է նույն դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի կողմից՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին՝ իմ վճիռը կայացնելուց մոտ 2 ամիս անց։ Բացում ենք 21-րդ էջը և շատ զարմանալիորեն նույն նախադասությունն ենք տեսնում՝ իմ անուն-ազգանունը պահպանված մեջը (տես փաստաթղթում)։

Մինչ դատավորին վիրավորելու մեջ ինձ մեղադրելը, ԲԴԽ-ին առաջարկում եմ մի հատ բացել այս երկու տարբեր վճիռները, «Դատարանի պատճառաբանությունները և եզրակացությունները» բաժինը ու ուսումնասիրել։ Հայտարարում եմ՝ «Դատարանի պատճառաբանությունները և եզրակացությունները» բաժնում իմ վճռի 90 տոկոսը թխած է Հովհաննես Խորիկյանի վճիռի մեջ։ Դատավոր Լիլիթ Խաչատրյանը մոռացել է անգամ իմ անուն-ազգանունը հանել, մյուս մասերում հանել է, բայց Հովհաննես Խորիկյանի վճռի 21-րդ էջում կարդում եմ․ «Այսպիսով աշխատանքային պայմանագրի պայմանները, ինչպես դրանցում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, այնպես էլ պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու արդյունքում պարզ է դառնում, որ իր աշխատանքին առնչվող ներքին իրավական ակտերի պահանջները Գագիկ Համբարյանը պարտավորվել է պահպանել աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատանքային գործունեության ընթացքում»։ Սա Հովհաննես Խորիկյանի վճռի մեջ է, թե ինչպես եմ ես հայտնվում Հովհաննես Խորիկյանի վճռի մեջ, տիկին Խաչատրյանը թող բացատրի։

Ինձ թող նաև իրավապահները և ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանը բացատրի, թե սա ինչ է։

Հիմա ընթերցեմ իմ վճիռը․ «Այսպիսով աշխատանքային պայմանագրի պայմանները, ինչպես դրանցում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, այնպես էլ պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու արդյունքում պարզ է դառնում, որ իր աշխատանքին առնչվող ներքին իրավական ակտերի պահանջները Գագիկ Համբարյանը պարտավորվել է պահպանել աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատանքային գործունեության ընթացքում»։

Գուցե Լիլիթ Խաչատրյանը իրեն պաշտպանելու համար ասի՝ նույն հոդվածով է եղել, այո, հոդվածը նույնն է, բայց վերջիվերջո ես 20 տարվա դասախոս եմ ու կարդալով վճիռները՝ շատ լավ հասկանում եմ՝ չեն կարող տարբեր դատավորները օրենքները շարադրելիս և դրանք մեկնաբանելիս՝ բառացիորեն նույնը գրել, էլ չեմ ասում, որ իմ անունը զարմանալիորեն հայտնվում է Խորիկյան Հովհաննեսի վճիռի մեջ։

Ավելին ասեմ, Հովհաննես Խորիկյանի վճիռում «Թիվ 52 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի հիմնավորվածության հարցը» նախադասությունը ևս թխած է, որովհետև Հովհաննես Խորիկյանի հրամանը թիվ 51-ն է։

Քոփի փաստ են արել ու մոռացել են ուղղել (տես փաստաթղթերում)։

Ո՞նց կարող են տարբեր դատավորներ նույն լեզվամտածողությամբ առաջնորդվել։ Նորից եմ կրկնում՝ հոդվածները նույնն են, բայց ամբողջ դատական գործընթացները տարբեր են, մենք ձայնագրություններն էլ ունենք։

Հիմա ինչի՞ց է վիրավորվել ԲԴԽ-ն, որ ես Հովհաննես Խորիկյանի վճիռի մեջ հայտնաբերում եմ իմ անուն-ազգանունը և դա անվանում են գրագողությո՞ւն։ Այո՛, սա գրագողության դասական օրինակ է, երբ որ անձը այլ դատավորի կողմից կայացված վճռի մի ամբողջ բաժին թխում է իր վճիռի մեջ և երկու տեղում մոռանում է ուղղել, մեկը իմ պահանջի մասն է, երբ որ ռեկտորի 52-րդ հրամանը պետք է անվավեր ճանաչվի, նույնը տեղափոխում է Հովհաննես Խորիկյանի վճռի մեջ, մինչդեռ նրա դեպքում թիվ 51 հրամանն է։ Երկրորդ այն է, որ Հովհաննես Խորիկյանի վճռի 21-րդ էջում որպես հայցվոր ներկայացվում է Գագիկ Համբարյանը, սա վճիռ գողանալու՝ գրագողության դասական ձև է։

Ես 20 տարվա դասախոս եմ ու չհամարձակվեն սա մեզ ներկայացնել որպես վրիպակ։ Սա վրիպակ չէ»։

Գագիկ Համբարյանն անդրադարձավ նաև դատավոր Լիլիթ Խաչատրյանի կայացրած մեկ այլ վճռի։

«Երբ ասում եմ Խաչատրյանը խայտառակ վճիռներ է կայացնում, ես կրկին ապացույցներ ունեմ։ Ասենք դուք քանի՞ դատավոր գիտեք, որ էնքան սխալներ է անում, որ լրացուցիչ երկու վճիռներ է կայացնում՝ նույն վճիռին վերաբերող։

Շիրակի պետական համալսարանը պետության և փիլիսոփայության ամբիոն ունի՞։ Դա տիկին Խաչատրյանի վճռի առաջին էջում է ( տես փաստաթղթում), ավելին ասեմ՝ տիկին Խաչատրյանի՝ 2018 թվականի սեպտեմբեր 24-ի կայացրած վճռում նույն ամբիոնը երեք տարբեր անուն ունի և նա դա բնութագրել է որպես վրիպակ։ Ես իրավունք ունեմ չէ՞ իմ ձևով մեկնաբանել, սա վրիպակ չէ, սա անգրագիտություն է։ Նոր որոշում է կայացվում, որպեսզի իր ընդունած որոշումը ստանա օրենքի ուժ, որովհետև Շիրակի պետական համալսարանում հրաժարվել էին կատարել վճիռը, որովհետև տիկին Խաչատրյանի վճռում Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնը երեք տարբեր անվանումներով էր գրված։

Ավելին, տիկին Խաչատրյանը ևս մեկ վճռով է ապացուցել, որ ինքն անփույթ է․ նա ընդունում է, որ Խորիկյան Հովհաննեսը դատական գործընթացի ժամանակ բուհին ներկայացրել է ֆինանսական պահանջներ, որովհետև ֆինանսական ծախսեր է տեսել։ Տիկին Խաչատրյանը իր երրորդ կայացրած վճռով նույն գործի վերաբերյալ, լրացուցիչ վճիռ է սա կոչվում, ընդունում է, որ այո՛, դատական գործընթացի ժամանակ պատասխանողը պատշաճ ներկայացրել է բոլոր ապացույցները իր ֆինանսական ծախսերի վերաբերյալ, բայց նրա կայացրած վճիռի մեջ ոչ մի ֆինանսական մաս չկա։ Գիտեք ինչո՞ւ չկա, որովհետև վճիռի վերջնական բովանդակությունը գրեթե կրկին թխված է իմ վճռից․ ես ֆինանսական պահանջ չէի ներկայացրել, իսկ տիկին Խաչատրյանն այնքան անլուրջ է վերաբերել իր գործին, որ մոռացել է՝ Հովհաննես Խորիկյանը պահանջ ներկայացրել է, իսկ՝ ես ոչ»,-ասում է մեր զրուցակիցը։

Գագիկ Համբարյանը նշեց, որ դատավորին իր գրառումներում «ստախոս» է անվանել այն պատճառով, որ դատավոր Խաչատրյանը հրաժարվել է իր ընկերական շրջապատից, մինչդեռ Գյումրիում բոլորն իրար ճանաչում են, գիտեն՝ ով ում հետ է շփվում։

«Տիկին Խաչատրյանը թիվ ՇԴ/1674/0219 գործով առաջին նիստի ժամանակ ասում է, որ ինքն այդ մարդուն չի ճանաչում, հիմա չեմ ուզում անունները տալ։ Ասաց՝ ես չեմ ճանաչում, վկաներն էլ կան, ձայնագրություններ էլ իմ մոտ կան, դատարանում էլ կան այդ ձայնագրությունները, չփորձեն մոնտաժել ու հանել, ես առանձին այդ ձայնագրություններն ունեմ։ Ինքը հրաժարվել է մի մարդու հետ ընկերությունից, որի հետ նրա մտերմության մասին ամբողջ Գյումրին գիտի։

Ես իմ կարծիքը շարունակում եմ պնդել և ապացույցներով ներկայացրեցի, որ Լիլիթ Խաչատրյանը գրագող է։ ԲԴԽ-ն փորձում է շանտաժի մեթոդներով, ուղղորդելով իրավապահ համակարգին իմ դեմ գործ հարուցե՞լ, այն դեպքում, երբ ես գնահատողական վերաբերմունք եմ հայտնել։ Ես գնահատել և իմ վերաբերմունք եմ հայտնել Լիլիթ Խաչատրյանի կողմից կայացված վճիռի վերաբերյալ, որտեղ հայտնվում է իմ անունը, մինչդեռ այդ գործի հետ ես որևէ առնչություն չունեմ», -ասում է Գագիկ Համբարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930