«ՀՀ-ն գտնվում է ներքաղաքական ճգնաժամի մեջ: Թվում է, թե կա քաղաքական մեծամասնություն, որոշումներ են կայացնում, ինչ-որ բաներ են անում, բայց ճգնաժամն ակնհայտորեն չի վերանում: Խնդիրն այն է, որ ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները չունեն նպատակ, օրակարգ, թիրախային չեն, համարժեք չեն մեր պետության ներքին եւ արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին»,- այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ 2021 թվականի ընտրություններից հետո ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամը տարբեր դրսեւորումներ է ունենում:
Ազգային ժողովում տեղի ունեցող զարգացումները բանախոսը դժվարանում է նորմալ կառավարման գործընթաց որակել, իշխանության ներկայացուցիչ տարբեր մարդկանց վարքն էլ, ըստ նախկին պատգամավորի, ներքաղաքական, առավել եվս քաղաքակիրթ գործողությունների նպատակ չի հետապնդում: Զուգահեռաբար, կառավարության նիստերում, հարցերի 90 տոկոսը չզեկուցվող են, ինչը նշանակում է, որ դրանք անէական են, ՀՀ քաղաքացուն ոչինչ չտվող հարցեր են. «Այսինքն, այս աննպատակ կառավարումը, որի վրա հսկայական միջոցներ է սպառում հայ հարկատուն, ոչինչ չի տալիս ՀՀ-ին»: Մնացած բոլոր գործընթացները՝ աշխատավարձի վճարում, թոշակների վճարում, տարբեր տիպի համակարգերում ծառայությունների կազմակերպում, բանախոսի գնահատմամբ, ինքնահոսի են եւ որեւէ նպատակ, կարծիքների բախում, քննարկումներ, համաշխարհային մոտեցումներ, զարգացման ծրագրեր եւ այլն, գոյություն չունեն ՀՀ օրակարգում: Հայաստանում ներքաղաքական օրակարգը լցնելու փոխարեն, ըստ Արտակ Զաքարյանի, քաղաքական մեծամասնությունը զբաղված է «փողոցային խուլիգանությամբ»:
«Նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել էլ չգիտեն, չընտրել էլ չգիտեն»,- հեգնեց բանախոսը՝ հավելելով, որ շուրջբոլորն ահագնացող խնդիրների, սպառնալիքների ավելացման, սոցիալական բեռի, դեմոգրաֆիական խնդիրների պարագայում, քաղաքական իշխանությունն օրակարգ չունի, մինչդեռ այդ գլխավոր օրակարգից են կախված մնացյալ բոլոր օրակարգերը, ուստի, Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է, քաղաքական եւ հանրային կառավարումը իմիտացիա է:
Նրա խոսքով, այս վերջին 5 տարիները, մեր երկրի համար կորսված, դաժան գին վճարած տարիներ են եղել. բոլոր ոլորտներում՝ ոչ միայն արտաքին, ռազմական, արցախյան, դիվանագիտական, այլ նաեւ ներքին կյանքում՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած հանդուրժողականություն, նահանջ են արձանագրել նաեւ միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունները. «Մենք ամեն ինչ տվել ենք՝ հանուն ոչնչի: Խաղաղությու՞ն էինք ուզում, այդ խաղաղ կարգավորման գործընթացն այսօր եվս փակուղում է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ