Լրահոս
Օրվա լրահոսը

«20-ից ավելի դատավորի լիազորություններ անօրինական կերպով են դադարեցվել»․Դավիթ Հարությունյան

Ապրիլ 07,2023 19:55

«Ծանուցումներ չեն ուղարկվել բոլոր դատավորին, ում պետք է ուղարկվեր, դրանով որոշակիորեն խաթարվել է արդար ընտրություն կատարելու հնարավորությունը: Այդուհանդերձ, համոզված եմ, որ այսօր կընտրվի արժանի թեկնածու, որոնք կստիպեն խախտել այդ միանձնյա կոնսենսուսը, որն, իմ կարծիքով հարիր չէ Սահմանադրական խորհրդակցական մարմին»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

ԲԴԽ-ի որոշումների վերաբերյալ Հարությունյանն ասաց՝ ԲԴԽ-ում առկա է բացարձակ կոնսենսուս այն մարմնում, որտեղ կա տասը անդամ։

Այսօր դատավորների ընդհանուր ժողովում ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Մինչ ընտրությունների ավարտը, Հարությունյանն ասաց՝ քվեարկելու է Արշակ Վարդանյանի օգտին․«Նա ապացուցել է իր բազմամյա աշխատանքով, որ ի վիճակի է ինքնուրույն, անկախ եւ օբյեկտիվ որոշումներ կայացնել»։

Ըստ Հարությունյանի, վերջին մեկ տարվա ընթացքում Դատավորների միությունը հանդես է գալիս դատավորների անկախության, դատական իշխանության պաշտպանության դերերից, այն ինչ պետք է աներ ԲԴԽ-ն․«Եթե ԲԴԽ-ն պատշաճ չի կատարում այդ ամենը, դա էլ կարող է լինել հակասության, տարբեր դիրքորոշումների կամ լարվածության առիթ»։

Արդյոք քաղաքական իշխանության կողմից կոնկրետ ուղղորդում նկատո՞ւմ է ԲԴԽ գործունեությունում, հարցին ի պատասխան դատավորն ասաց՝ անկախ ուղղորդումից, երբ ԲԴԽ-ն ասում է, որ իրենց մոտ բացարձակ կոնսենսուս է, այդպես չի կարող լինել․«Եթե բացարձակ կոնսենսուս կա, դա նշանակում է, որ ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է։ Իսկ այդպես չի կարող լինել։ Օրինակ՝ մեր գործընկերներից մեկը հարցազրույցում նախարարի ու ԲԴԽ նախագահի հարաբերությունները որակել էր այնպիսի մտերմիկ, որ նույնիսկ միասին խաշ են ուտում։ Եթե ընդունենք 10 հոգով գնում են խաշ ուտելու, հնարավո՞ր է պատկերացնել, որ բոլորն էլ նույն նախասիրությունն ունենան խաշի շուրջ, բոլորն էլ միս ուզենան ուտել, բոլորը յուղ ուզենան, չգիտեմ՝ լավաշը փրթեն այդ խաշի մեջ։ Բնականաբար՝ ոչ։ Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։ Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ այդ տասը հոգին չունենան սեփական կարծիքը եւ աշխատեն բացարձակ կոնսենսուսի պայմաններում։ Ասում են՝ իրենք վիճում են, հետո մի որոշման են գալիս։ Այդպես չի կարող լինել, եթե վիճում են, պետք է ամեն մեկը, կամ տասից գոնե մեկը պետք է այլ կարծիք ունենա»։

Հարությունյանի կարծիքով՝ դատավորի լիազորությունների դադարեցումը, հատկապես վերջին վեց ամիսներին բացասական ազդեցություն է ունեցել համակարգի վրա, ․« 20-ից ավելի դատավորի լիազորություններ, տարբեր եղանակներով, ըստ իս՝ անօրինական կերպով դադարեցվել են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930