«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-25թթ. ծրագիրը նախանշվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անմիջական ներգրավմամբ եւ նրանց կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Դեռեւս 2022թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել են տարբեր քննարկումներ՝ ներառելով մարդու իրավունքների տարբեր ոլորտներ»,-նշեց ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը՝ «Հոդված 3» ակումբի «Մարդու իրավունքներն առաջիկա երեք տարում. Ինչ է անում կառավարությունը եւ ինչ դեռ պետք է անի» թեմայով քննարկման ժամանակ:
Հավելեց, որ նախ ելակետային տվյալներ են մշակվել, ուղարկվել են համապատասխան գերատեսչություններին եւ դրանց հիման վրա ամփոփումներ են կատարվել, նախանշված գործողությունների ամբողջ ծրագիրը ամփոփվել է առանձին նախագծում եւ շրջանառվել է: ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետի խոսքով, այնուհետեւ տեղի են ունեցել հանրային քննարկումներ ներգրավելով տարբեր կողմերի՝ ապահովելով լայն ներկայացվածություն: Անահիտ Աբրահամյանն ընդգծեց, որ մեծագույն առաջընթաց է ռազմավարության գործողությունների ծրագիրը նախանշել ու մշակել այն հիմնական չափանիշների հիման վրա, որոնք նախատեսում են միջազգային գործիքները:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասաց, որ ողջունում է պետության այն մոտեցումը, որ սկզբից փորձել են հավաքագրել այն բոլոր կարծիքները եւ անգամ փորձը, որ կուտակվել է քաղաքացիական հասարակության մոտ տարիների ընթացքում, նոր՝ փորձել են գրել գործողությունների ծրագիր եւ ռազմավարություն: «Ամփոփվել են նաեւ այն բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնել ենք ժամանակին՝ թե մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից (կյանքի իրավունք, խոշտանգում եւ այլն), թե փակ հաստատությունների եւ բանակի հետ կապված»,-հավելեց նա: «Ինձ համար շատ խնդրահարույց է ռազմավարության գործողությունների ծրագիրը հատկապես կանանց եւ երեխաների մասով, որովհետեւ այդ առումով բավականաչափ քիչ է ներկայացված: Միգուցե մտածել են, որ գույություն ունեն գենդերային կամ այլ ոլորտների ռազմավարություններ, որոնց շրջանակներում կշարունակեն աշխատել:
Կառուցվածքային իմաստով արժե ունենալ մեկ համապարփակ փաստաթուղթ՝ մարդու իրավունքների ռազմավարություն, որի մեջ բոլոր բաժիններն ամփոփված կլինեն: Կանանց իրավունքների մասով բավականին առաջարկություններ ենք ներկայացրել՝ մասնավորապես կյանքի իրավունքի մասով: Ցավոք, պետությունը մինչ այժմ չի ճանաչում կնասպանությունը որպես, գենդերային բռնության առավել ցայտուն եւ խնդրահարույց երեւույթ»: Նա փաստեց, որ արդեն 16 սպանված կին կա, ինչը պետք է պետության համար ազդակ լինի, որ կնասպանությունը ճանաչի որպես կյանքի իրավունքի խնդիր եւ արձանագրվի, որպեսզի դրա դեմ կատարվեն գործողություններ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ