Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդը որոշ տեղերում հեռացել է, բայց բարելավումը այն է, որ մեր դաշտերը տան մեզ, իրենք էլ գնան այնտեղ, որտեղից եկել են»․ Մասիս Զեյնալյան

Ապրիլ 07,2023 18:45

«Իմ ցորենի դաշտը մնացել է ադրբեջանցիներին, ինժեներական աշխատանքներ են արել, վրան են խփել, տեղավորվել: Բայց այսպես չենք թողնի․ սպասենք՝ տեսնենք կառավարությունից ինչ արձագանք կա, ողջ ժողովուրդը սաղն էլ պատրաստ են: Ավելի լավ է մեռնես՝ հերոս դառնաս, քո երեխան քեզնից հետո ազատ ապրի, քանի էդ կարգավիճակով ապրես»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը:

Նրա բնութագրմամբ՝ սեփական հողում դարձել են կալանավոր։

Չնայած ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով համայնքի որոշ արոտավայրեր անցել են հակառակորդին, բայց ավագանու անդամը հույս ունի, որ սահմանազատման եւ սահմանագծումից հետո վերջնական փոփոխություններ կլինեն։

Հիշեցնենք, ըստ Ազգային անվտանգության ծառայության մարտի 30-ի հաղորդագրության, ադրբեջանական կողմը խախտելով պայմանավորվածությունները, հինգ կետերում տեղակայվել են սահմանից 100-300 մետր ավելի առաջ։

Մասիս Զեյնալյանը անհնար է համարում հակառակորդի հետ բարեկամություն անելը։

Զարմանում է՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, որ Մեղրիի միջանցք են ուզում, իսկ մեր կառավարությունը հերքում է։ «Եթե բանակցում ենք, ինչո՞ւ պետք է վերջին օրը ադրբեջանցիներից իմանանք, որ իրենք տեղավորվել են: Թող նախօրոք ասեին, մենք մեր հողը կպաշտպանեինք: Դա բուֆերային գոտի էր, մեր եւ նրանց կողմից զորք չկար, Ճանապարհը վերահսկում էին ռուս խաղաղապահները»,-ասաց Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 12 կմ հատվածից 7 կմ-ում՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել ու բարելավում կա՝ Տեղ համայնքի ավագանու անդամը հաստատում է։ «Այո՛, տեղեր կան ադրբեջանցիները հետ են գնացել։ 2020թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրով, որտեղ որ կանգնած են եղել, հեռացել են այդ բարձունքները։ Նորից եմ ասում, քանի որ դա բուֆերային գոտի էր, 2,5 կմ այս կողմում եւ 2,5կմ իրենց կողմում՝ զորք չկար։ Այդ ճանապարհը վերահսկում էին ռուս խաղաղապահները: Բայց բարելավումը այն է, որ մեր դաշտերը տան մեզ, իրենք էլ գնան այնտեղ, որտեղից եկել են»,-նշեց Մասիս Զեյնալյանը:

Իսկ Տեղ համայնքում մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով․ խուճապ չկա, մարդիկ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930