Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին երեք ամսում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Ապրիլ 07,2023 15:03

Մայիսի 27-28-ին Երևանում կկայանա «Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որին ներկայացված են լինելու բոլոր մարզերի զբոսաշրջային կարողությունները, ցուցադրվելու են յուրաքանչյուր մարզին բնորոշ առանձնահատկությունները: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Նրա խոսքով, մարզերը ունենալու են իրենց առանձին տաղավարները, ներկայացնելու են իրենց մշակույթը, խոհանոցը, գինին, արկածային և բնության հետ կապված ուղղությունները. «Նրանց մեջ կլինի մրցակցություն: Մեր ֆեյսբուքյան էջում մասնակիցները կարող են գրանցվել, այդ երկու օրվա ընթացքում նաև խաղարկություններ են լինելու, և գրանցվածները կարող են մասնակցել: Մրցանակները տարբեր տուրեր են լինելու: Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացվելու է հայկական խոհանոցը և մի առանձին տաղավար էլ նվիրված է լինելու մեր երկրի արկածային զբոսաշրջությունը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որպեսզի հենց մեր հայրենակիցները ճանաչեն, թե Հայաստանը ինչ արկածային զբոսաշրջության հնարավորություններ ունի»,- նշեց Պօղոսեանը:

Նա տեղեկացրեց, որ 2022-ին՝ 2021-ի համեմատ, ներքին զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 20 տոկոս աճ: Կոմիտեի կայքում ցուցադրված են Հայաստանի զբոսաշրջային յուրահատուկ վայրերը: Նախատեսում են մինչև տարվա վերջ աջակցել 10 նոր բիզնեսների, որոնք 10 նոր տուր-պրոդուկտ են ստեղծելու:

«Մարտին ունեցել ենք 160 հազար զբոսաշրջիկ Հայաստանում, որը լավ թիվ է մեզ համար: 2019-ին ունեցել ենք 119 հազար զբոսաշրջիկ: Առաջին երեք ամսում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ, մինչդեռ 2019-ի առաջին եռամսյակում 360 հազար զբոսաշրջիկ ենք ունեցել: Ակտիվությունը մեծ է այս պահին Ռուսաստանից, նաև Իրանից: Օրերս իրենց Նովրուզն էր: Բավական շատ զբոսաշրջիկներ ենք ունեցել Իրանից, նաև Վրաստանից՝ այս պահին: Բավական մեծ աշխատանք ենք իրականացրել Դուբայի հետ և արդեն արդյունքը տեսնում ենք: Բավական մեծ հոսք կա Դուբայից առաջին 3 ամսում: Իտալիայի երեք քաղաքների հետ ուղիղ չվերթներ ունենք, որը ապահովում է զբոսաշրջիկների հոսք նաև Իտալիայից: Մեր թիրախային շուկաներն են՝ Ռուսաստան, Իրան, Վրաստան, Ամերիկայի հայկական սփյուռքը, նաև աշխատում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Դուբայի շուկաների ուղղությամբ»-տեղեկացրեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը::

Հարցին, թե Հայաստան եկող զբոսաշրջիկներին ինչն է հետաքրքրում, Սիսիան Պօղոսեանը պատասխանեց. «Տարբեր են, օրինակ, գերմանացի զբոսաշրջիկներին հետաքրքրում են արշավները, բայց Դուբայից եկողներին ավելի շատ հետաքրքրում է ձմեռային տուրիզմը, նրանք ավելի շատ գալիս են ձմռանը, քանի որ Դուբայում ձմեռ չունեն»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930