Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ատեստացիային գալու են, մենք տեսնելու ենք փայլուն ծառայողներ, ասելու ենք՝ ապրես, տղա ջան, շատ լավն ես ու մոռանանք հաջորդ օրը, վերջ». Արմեն Խաչատրյան

Ապրիլ 07,2023 14:08

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախատեսվում է ինչպես ոստիկանների դեպքում, փրկարարների համար նույնպես կամավոր ատեստավորման համակարգ ներդնել:

Արփինե Սարգսյան

Փոխնախարարն ասաց, որ ատեստավորումը նպատակ ունի ստուգել տվյալ պաշտոնում աշխատակցի համապատասխանության հարցը, ըստ այդմ, հավելավճար հաշվառել: ՆԳՆ-ն հնարավորություն կտա փրկարար ծառայողներին վերապատրաստում անցնել ու հաջող պատրաստվել ատեստավորմանը: Այն ծառայողները, որոնք չեն կարողանա հաղթահարել շեմը, 3-րդ տարվա ավարտին կազատվեն զբաղեցրած պաշտոնից եւ փրկարար ծառայությունից: Այն ծառայողները, որոնք կանցնեն ատեստացիան, երկրորդ տարվանից սկսած պետք է վերաատեստավորվեն, որպեսզի կրկին շարունակվի հավելավճարի հաշվարկի իրականացումը արդեն ծառայողների համար:

Հավելավճարի հաշվարկումը աշխատավարձի կրկնակիի չափով է լինելու ու այս ծառայությունը ավելի գրավիչ է դառնալու: Ատեստավորումը մի քանի փուլով է անցկացվելու, նախ IQ թեստով ստուգելու են անձի ընդհանուր զարգացվածությունը, բայց բուն մասնագիտական թեստերը լինելու են 50 հարցերից բաղկացած հարցաշարի տեսքով: 30 հարցի, այսինքն՝ 60%-ին ճիշտ պատասխանելու դեպքում կկարողանան հաղթահարել ատեստացիան:

Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց. «Ո՞րն է այն անվտանգության բարձիկը, որ պրոֆեսիոնալը, որը չգիտի օրենքի այսինչ կետը, դուրս չմնա»: Փոխնախարարը պատասխանեց. «Ի սկզբանե, երբ ատեստավորման պրոցեսը նախանշում էինք, փորձում էինք հասկանալ՝ ինչպես կարող են այս խողովակով անցնել մեր ծառայողները, այն մտահոգությունը կար, որ որակյալ կադրեր կան, որոնք կարող են օրինակ հրդեհաշիջման աշխատանքները շատ լավ կատարել, բայց իրավական ասպեկտով գուցե եւ այնքան փայլուն չեն, որ կարողանան հարցաշարը ճիշտ լրացնեն: Մենք դրա համար երկու լուծում ունենք, կփորձենք շեշտը դնել պրակտիկ խնդիրների վրա: Տարբեր իրավիճակային հարցեր կան, որոնք թույլ կտան, որ եթե կոմպետենտ փրկարար է, ճիշտ պատասխանի: Բայց իրավական որոշակի հարցադրումներից խուսափել չենք կարողանա, որովհետեւ առնվազն պետք է մինիմալ իրավական բազայի անձը տիրապետի, որպեսզի կարողանա գիտելիքների ու հմտությունների համալիրն ապահովել: Այս դեպքում օգնության կգան վերապատրաստումները»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ այսօր զինված ուժերի հարցաշարը 2000 հարցից ավելի է ու դժվար է պատկերացնել, թե քանի զինծառայող կարող է այդքան հարց սերտել: Արդյունքում՝ մի կողմից ունենում ենք լավ PR, թե տեսեք, աշխատավարձը բարձրացնում ենք,մյուս կողմից ունենում ենք պրոբլեմ, թե քանի՞ հոգի կանցնեն ատեստացիան:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը առաջարկություն ներկայացրեց. «Մենք ատեստացիայի ժամանակ ծառայողին կանչում ենք հարցազրույցի, թեստավորում, ֆիզիկական տվյալների ստուգում ենք անում եւ այլն, բայց ամբողջությամբ չենք փաստագրում նրա տվյալները: Ափսոս է: Կադրային ռեսուրսի մասին մեր պատկերացումները չենք փաստագրում: Եթե այդքանն անում ենք, պետք է նշել՝ բավարարում է զբաղեցրած պաշտոնին եւ կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ, որպեսզի մեր կադրային ռեսուրսի մասին իմանանք՝ ինչքանն են, որ շատ լավն են, ինչքանն են, որ բավարարում են: Սա նաեւ կճնշի այն խոսակցությունները, կասկածները, որ ոստիկանությունում եւ ընդհանրապես ուժային մարմիններում մարդիկ կան, որ լավ պրոֆեսիոնալ են, լավ ծառայում են, բայց 20 տարի մնում են նույն պաշտոնում: Սա գաղտնիք չի, սա եղել է եւ հիմա էլ կա եւ եւս լինելու է: Բայց երբ որ մենք ատեստացիայով մաքսիմում տեղեկատվություն ստանանք, իմանանք՝ լավերն ովքեր են, վատերն ովքեր են, ճիշտ կլինի: Հիմա ատեստացիային գալու են, մենք տեսնելու ենք փայլուն ծառայողներ, ասելու ենք՝ ապրես, տղա ջան, շատ լավն ես ու մոռանանք հաջորդ օրը, վերջ: Սա պիտի անձնական գործերի մեջ մտցվի, որ դիտարկվի նրա հետագա առաջխաղացման հարցը»: Արփինե Սարգսյանն ասաց, որ այդ առաջարկությունը կառավարության որոշման շրջանակներում ընդունելու են ու ձեւավորվելու է կադրային բանկ:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ ատեստացիայի գաղափարը շատ լավն է, ընդդիմությունը քվեարկեց ձեռնպահ: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930