Նախօրեին Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում տեղի է ունեցել համերգ` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
Միջոցառմանը ներկա են եղել Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, գրողներ, հասարակական գործիչներ, հյուրեր:
Հնչել են դաշնամուրային և վոկալի բաժնի, «Արարա» պարային համույթի սաների գեղարվեստական կատարումները, էտյուդներ, դասական և ժամանակակից բանաստեղծություններ: Միջոցառումն ուղեկցվել է կերպարվեստի բաժնի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքով:
Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Փանոսյանի խոսքով` ցուցահանդես-վաճառքն իր և գործընկերների ու մշակութային գործիչ ընկերների գաղափարն է, որ նպատակ է ունեցել աշակերտներին ոգևորելու, ուսման բարելավմանը նպաստելու, նրանց մանկական կյանքը մշակութային դարձնելու:
«Օրվա խորհուրդը գարնան զարթոնքի հետ է կապված և շատ ավելի հայկական է: Մեր Վազգեն Սարգսյանն ասել է. «Մարտի 8-ը չգիտեմ` ումն է, բայց Ապրիլի 7-ն իմ մայրիկի տոնն է»: Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, հայ աղջիկներին, նաև` իմ սիրելի կնոջը` Վանուհուն», – հավելել է նա:
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ