Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ անկախ եվրոպացիներից
2022 թվականի հոկտեմբերի 7-ից հետո, երբ Պրահայում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայկական ընդդիմադիր և ռուսական որոշ շրջանակներում սկսեց շրջանառվել թեզը, թե հայկական կողմի դեմ Ադրբեջանի ոտնձգություններին Ռուսաստանի արձագանքի բացակայությունը պայմանավորված է հակամարտության կարգավորման գործընթացում եվրոպական կողմի միջամտություններով:
Ինչ է տեղի ունեցել
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ըստ էության միակ միջնորդը դարձավ Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահները պատերազմի ավարտից հետո տեղակայվեցին Արցախում և Լաչինի միջանցքում: Հակամարտությունում Ռուսաստանի դիրքերն ամրագրվեցին պատերազմին վերջ դրած՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ՝ ՌԴ նախագահ Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ստորագրությամբ, 2021 թ․-ի հունվարին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ, 2021 նոյեմբերի 26-ին և 2022 թ․ հոկտեմբերի 31-ին երեք երկրների ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած բանակցություններով և հայտարարություններով:
Կարդացեք նաև
Սակայն 2021 թ․ դեկտեմբերի 14-ին 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը եվրոպական՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Դրանից հետո՝ 2022 թ․ ընթացքում տեղի ունեցան այդպիսի մի քանի հանդիպումներ ևս, մասնավորապես՝ ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին: Արդեն հոկտեմբերի 7-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ՝ Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպումը:
Խախտումներն ու ագրեսիան
Ի հեճուկս պնդումներին և թեզերին, թե Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական ոտնձգությունների առիթը եվրոպական միջնորդությունն է, 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նման գործողությունները տեղի են ունեցել դեռ պատերազմի ավարտից շատ չանցած, երբ 2020 թ․ դեկտեմբերի 11-ին ադրբեջանցիները գրավել էին հայկական վերահսկողության տակ գտնվող՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը՝ սպանելով, վիրավորելով ու գերեվարելով հայ զինծառայողների:
Հաջորդ խոշոր ոտնձգությունը տեղի էր ունեցել արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, երբ 2021 թ․ մայիսին ադրբեջանցիներն առաջ էին եկել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի և Սյունիքի մարզի Սև լճի հատվածում: Թեև Հայաստանն այդ ժամանակ դիմել էր Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ոչ Մոսկվան, ոչ ՀԱՊԿ-ն անհրաժեշտ քայլեր չէին ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները վերացնելու և նմանատիպ զարգացումները կանխելու ուղղությամբ: Դրան հետևեցին նույն տարվա ամռանը Երասխում և նոյեմբերին Սիսիանում Ադրբեջանի սանձազերծած էսկալացիաները: Ինչ վերաբերում է Արցախին, որտեղ ռուսական կողմն իրականացնում է խաղաղապահ առաքելություն, ապա 2022 թվականի մարտին ադրբեջանցիները գրավել էին Փառուխ գյուղը՝ հարակից բարձունքով հանդերձ, ինչը ևս անպատասխան էր մնացել Մոսկվայի կողմից: Բացի դա, սկսած 2022 թ․ դեկտեմբերից ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ի հեճուկս նրա, որ դրա վերահսկողությունը պետք է իրականացներ ռուսական կողմը:
Ամենախոշոր ագրեսիան, սակայն, տեղի էր ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր գործել Սյունիքի,, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում: Այդ ժամանակ ևս Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ օգնությանը, սակայն ապարդյուն: Ադրբեջանական ագրեսիան կանգնեցվել էր միայն հայկական բանակի և միջազգային դերակատարների, մասնավորապես՝ ԱՄՆ ջանքերով:
Հետևություն
Տարբեր ձևաչափերով ու միջնորդներով բանակցությունների և Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտման ու ագրեսիայի վերաբերյալ վերոնշյալ փաստերը, ըստ այդմ, վկայում են, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններն անպատասխան են մնացել Ռուսաստանի կողմից մշտապես՝ անկախ այն բանից՝ բանակցե՞լ են կողմերն այդ պահին եվրոպական միջնորդների հետ, թե ոչ: Հետևաբար և սին են պնդումներն ու թեզերն այն մասին, որ Ռուսաստանը եվրոպական միջնորդության պատճառով է, որ չի կատարում Հայաստանի ու Արցախի առջև իր ստանձնած պարտավորությունները:
Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ
Իրազեկ քաղաքացիների միավորում