Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը վեհ խոսքեր ասաց մոր սիրո մասին, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Աչքիս առաջ եկավ Ջոմարդյան Հայկազը, որը զոհվածների մայրերին Եռաբլուրում քարշ էր տալիս»

Ապրիլ 07,2023 12:51

Այսօր ԱԺ պաշտպանության եւ  անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստը սկսեց մայրերի մասին վեհ խոսքերով. «Մեր ժողովուրդը այս տոնի խորհուրդը պիտի դարձնի իր համար ամենակարեւորներից մեկը: Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում՝ որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Մայրանալը աստվածային շնորհ է, քանզի Աստված մարդկության նկատմամբ իր սերը տվեց աշխարհին մոր միջոցով, իսկ մոր կերպարը մեզ մարդ պահող թերեւս միակ գրավականն է: Այս երկնային ու երկրային խորհրդավոր, բայց միեւնույն ժամանակ պարզ ու հասարակ էակն է իր տիեզերական սիրով կերտում մեր մարդ տեսակը՝ տալով բանալին ամենազգացական դռների: Նրա վեհ սիրով ենք դառնում մենք ներող, սիրող, այդ սերն է մեզ դարձնում երջանիկ: Մոր կերպարի ուղեկցումն է զավակին տալիս հավատ կյանքի նկատմամբ, հավատ, որը նրան ամուր է պահելու ցանկացած արհավիրքի առաջ: Այդ սերը պաշտպանելու եւ նորից զգալու համար զավակը 100 մարտերում էլ տանուլ չի տալու: Այդ սերն է նրան դրդելու խիզախության եւ հայրենիքի պաշտպանության: Եվ իզուր չի ասված, որ ազգի ապագան մայրերի ձեռքում է: Մայրական սիրուց զատ ու մայրական սիրուց վեր ցանկացած զգացմունք թշվառ է ու անպետք: Ուստի անառիկ պահենք մորն ու նրա բացառիկ սերը»:
Սա լսելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Անդրանիկ Քոչարյանն այստեղ շատ բարձր խոսքեր ասաց մայրերի մասին, այդ գեղեցիկ բառերի հետ մեկտեղ աչքիս առաջ եկավ Ջոմարդյան Հայկազը՝ կարմիր բերետների ղեկավարը, այն կարմիր բերետների, որոնք զոհվածների մայրերին Եռաբլուրում քարշ էին տալիս ու ոչ միայն Եռաբլուրում: Մի կողմից գեղեցիկ խոսքերն են, մի կողմից՝ Ջոմարդյան Հայկազի ղեկավարած կարմիր բերետների անասնական անմարդկայնությունը»:
Հիմնական զեկուցող ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ցանկացած դեպքում ՝ցանկացած խախտում կամ ենթադրյալ իրավախախտում իրենց ուշադրության ներքո է գտնվում եւ եթե լինեն այնպիսի դեպքեր, որոնք պետք է ծառայողական վարույթի առարկա դառնան, ապա այդպես էլ լինում է. «Ձեր մատնանշած դեպքում էլ նույն սկզբունքն է ըստ էության աշխատել»:

Գեղամ Մանուկյանը չհամաձայնեց. «Ջոմարդյան Հայկազը շարունակում է ՀՀ ոստիկանի ուսադիրներ կրել՝ արատավորելով ՀՀ ոստիկանության հեղինակությունը ու ոչ միայն Հայկազ Ջոմարդյանը, այլ նաեւ նրա հետ ծառայող բազմաթիվ կարմիր, սեւ ու գունավոր բերետավորներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930