Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դուք ողջ կրքով իրար նախշելով եք զբաղված, թշնամին երկիր է մտնում․ «Ազգ»

Ապրիլ 07,2023 11:52
zinvor

Դուք ողջ կրքով իրար նախշելով եք զբաղված, թշնամին երկիր է մտնում: Դրա համա՞ր է պետք շոուների շարքը, որ մարդիկ բթանան, ներքաշվեն ապուշ քննարկումների, դրանց մասին լուրեր կարդան ու մոռանան, որ հայրենի սահմանների բարենպաստ դիրքերն առանց կռվի թշնամուն են տրվում (ինչ բարելավման եւ մեր տարածքի ներսում քարտեզներով ճշգրտման մասին է խոսում վարչապետը), որ Արցախի ճակատագրով էլ ոչ մեկն էլ չի զբաղվում: Արցախի պետնախարարը միայն կարող է հեռուստաբողոքներ ներկայացնել, թե ադրբեջանցիք փակել են ճանապարհը եւ Արցախ վերադարձ արցախցիներին կթույլատրեն միայն ադրբեջանական անձնագրերով:

Գիտե՞ք՝ մանրամասն հունցվող այդ շոուներն արդեն իրենց թատերային նշանակությունն անգամ կորցրել են ու նմանվում են փողոցային շրջիկ դերասանների էժան ռեպերտուարին: Որ քաղաքական գործչից ու հանրությանն անհայտ մեկից (փոխդատախազից) ուզում եք մարդու իրավունքների պաշտպան դուրս բերել՝ դեպի ապաքաղաքական ու հանրային վստահություն պահանջող պաշտոն անհապատասխան մարդկանց հրելու իշխանության եւ ընդդիմության մրցումն անգամ այլեւս դիտարժան չէ: Զգացողությունը, որ բոլորս մի մեծ, լավ մշակված, ֆարսի ժանրով կառուցված ներկայացման հանդիսատեսն ենք, որտեղ բոլոր դերերը, անգամ երկրորդականներն ու չորրորդականները լավ բաշխված են, անցած շաբաթ, այդպիսով, ավելի առարկայացավ: Գումարած՝ Վլադիմիր Վարդանյան-Մհեր Սահակյան, Ալեն Սիմոնյան-կանադահայ պարտիաները: Բոլորը թմրած, վտանգի զգացողությունը կորցրած, երկրին (Արցախին եւ Հայաստանին) ներկայանալիք սպառնալիքները չպատկերացնելով՝ իրենց բաշխված դերի գծի մեջ են՝ հարց տվողներով, պատասխանողներով, Կասկադում սուրճ խմողներով ու չխմողներով, թքող ԱԺ նախագահով, ծեծող ու ծեծվող, հոխորտացող ու քլնգող, սրամտող ու քարվան կտրող պատգամավորներով, իրենց տեղերում չգտնվող առաջիններով ու վերջիններով: Ե՞րբ գլխի կընկնեն ֆարսի մասին վերեւից մի գիծ ներքեւ գտնվողները, որոնք դեռ ամբողջական սցենարը չեն տեսնում, այն ժամանակ, երբ պետականություն չե՞նք ունենա: Թե ասա՝ հիմա պիտի ձեր աշխատասենյակներից 24 ժամ դուրս չգայիք, տքնեիք ու տքնեիք՝ ելք փնտրելով, քանի որ Արցախն ու Հայաստանն են վտանգված, քիթ սրբելու ժամանակ պիտի չունենայիք, ուր մնաց Կասկադում սուրճ խմելու գնայիք ու թքեիք կամ երկար ճառախոսելու ժամանակ գտնեիք…

Կամ ի՞նչ խոսույթ է 11 հազար դասալիքի մասին թեզն ասպարեզ նետելը, գիտե՞ք, թե ի՞նչ թվից եք խոսում, դա, պետական գաղտնիք չեմ բացահայտում, ողջ տարածաշրջանում գիտեն, մեկ տարվա զորակոչի թիվ է, այդքան դասալիք՝ նշանակում է մի տարվա ողջ հունձքը, բայց եւ՝ նրանց ղեկավարող հրամանատարի անպետքությունն ու անգործունակությունը նախ, քանի որ բանակին բանակ, եւ ոչ թե դասալիք, սարքում են նրա հրամանատարները: Երկրորդ՝ նշանակում է բանակի խոտանում, երրորդ՝ հայրենասիրության գաղափարի արժեզրկում, չորրորդ՝ հոգեբանական հարված հայրենիքի պաշտպանին: Մի հատ կողմնորոշվեք, դուք թշնամու զինակի՞ցն եք, թե՞ հայ զինվորի, որին նախ հարկավոր է ձեր հոգեբանական աջակցությունը, իսկ դուք հակառակն եք անում: Այդքան դասալիք ունենայինք՝ թուրք-ադրբեջանցի-ահաբեկիչ եռանկյունու դեմ ոչ թե 44 օր կկռվեինք, այլ 4 օր:

Այս իշխանությունը եկավ մեր կյանքը եւ երկրի կաշառահեն հյուսվածքը փոխելու խոստումով, բայց նրանում ընդգրկված պաշտոնյաների որակները ոչ այդ խոստումներին են համապատասխանում, ոչ առկա անվտանգային մարտահրավերներին, ոչ էլ շատ խնդիրների լուծման համար հավասարապես անհրաժեշտ հայրենասիրության ու պրոֆեսիոնալիզմի միահյուսման հրամայականին: Լրագրողներ, պատահական մարդիկ, արկածախնդիրներ, զանազան աղջիկներ՝ կարճ ժամանակում քարտուղարուհուց մինչեւ առաջին էշելոնի պաշտոնյա դարձած, ահա այս հինգ տարիների պաշտոնեական դեմքը, որոնց ներկայացվող գլխավոր պահանջը մի քանի ամիս Ֆլետչերի դպրոցում սովորած լինելն է:

Հարցն օդում է՝ կառավարման որակը պետք է փոխվի եւ համապատասխանեցվի ներկա մարտահրավերներին, բայց պարզ չէ, թե ով է հարցի տերը:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930