Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը
ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՃԸ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍԿՍԵԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ
2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչը Արցախում ապրող մարդկանց համար ծնել է բազմաթիվ խնդիրներ: Նման իրավիճակները սկսում են մարդկանց դրդել իրենց առջև ծառացած խնդիրների լուծման տարաբնույթ քայլերի, այդ թվում անօրինական: Իսկ նման արարքների խիստ պահանջարկը ունակ է գտնելու նաև հանցակից, օժանդակող:
Վերջին շրջանում շուկայում ձևավորվել էր մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճ, ինչը պայմանավորված էր մի խումբ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված անօրինական գործողություններով:
Կարդացեք նաև
Այդ անընդունելի երևույթին վերջ տալու համար Արցախի Հանրապետության կառավարությունը և իրավապահ մարմինները բավականին մեծ աշխատանք են կատարել, որին միացել են նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերը, այդ թվում նրանց կազմում ընդգրկված ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Այս առումով մեր համագործակցությունը արդեն բավականին արդյունքներ է ապահովել, համատեղ մշակվել և շարունակաբար մշակվում են հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու քայլերը:
Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ծառայողների ջանքերը, որոնք էականորեն նպաստեցին իրավիճակի համեմատական կարգավորմանը:
Այս ուղղությամբ համատեղ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և տևելու են այնքան ժամանակ, մինչև մեզանում ամբողջությամբ արմատախիլ արվի այդ արատավոր երևույթը: