Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներով` կառավարությունը երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, որոշեց «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Կոտայքի մարզի Գառնի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող «Գալակտիկայի» անշարժ գույքը 60,0 հա մակերեսով հողատարածք է եւ 13546.6 քմ մակերեսով շենք-շինություններ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023 թ. մարտի 14-ի գրության համաձայն՝ «Գալակտիկայի» տարածքում վարձակալական հիմունքներով գործունեություն են ծավալում ռազմարդյունաբերական համալիրի վեց ընկերություն: ՏԿԵՆ-ը վստահ է, որ ընկերության պետական սեփականության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահելը կնպաստի ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծմանը. «Ռազմարդյունաբերական կլաստերի ստեղծումով ՀՀ զինված ուժերի ու այլ ուժային կառույցների պահանջմունքի բավարարման համար գիտատեխնիկական զարգացման կանխատեսման հիման վրա կմշակվեն եւ կիրականացվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլաններ, հիմնարար հետազոտական եւ գիտատեխնիկական, ինչպես նաեւ նորարարական աշխատանքներ»:
Հետագայում ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ավարտից հետո (ավարտական փուլում է արդեն) «Գալակտիկայի» տարածքում նախատեսվում է ստեղծել դաշտային փորձարկումների RMM կայանք։ Ինչպես նաեւ՝ նշյալ ՊՈԱԿ-ի փորձնական արտադրամաս, որտեղ իրենց փորձարկումները կիրականացնեն նաեւ ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտները: Անհրաժեշտ է նշել, որ ընկերությունն ունի հազվագյուտ օպտիկական սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության համալիրի ռեեստրում ընդգրկված ընկերությունների կողմից: Ռազմարդյունաբերական կլաստերի ստեղծումը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակ կլինի:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: