ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպի հետքերով ապրիլի 6-ին, ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում էին քննիչները՝ դեպքի ականատեսների առերեսում իրականացնելու նպատակով։
«Բազմաթիվ քննչական գործողություններ պետք է կատարվեն, որոնց մասնակիցները խորհրդարանում են։ Որեւէ արտառոց բան չկա»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մհեր Սահակյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ առերեսումներ կատարվում են այն դեպքերում, երբ կան էական հակասություններ՝ նախապես հարցաքննված մասնակիցների միջեւ․ «Սա ենթադրում է, որ նրանք արդեն հարցաքննվել են, եւ կան որոշակի հակասություններ։ Բովանդակության մասին այս պահին նպատակահարմար չէ խոսել։ Մենք բազմաթիվ ապացույցների ենք տիրապետում եւ հետեւություններ ենք անում։ Մեր դիրքորոշումը չի փոխվել»։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ եթե քրեական հետապնդման միջնորդությունից զատ՝ Մհեր Սահակյանի հանդեպ լինի կալանավորման որոշում, ապա մասնագիտական տեսանկյունից դա շատ տարօրինակ կլինի․ «Թեեւ վտանգ կա, որ օբյեկտիվ իրականությունից շեղվող հանգամանքներ կարող են բերել։ Մենք ի սկզբանե ընդունել ենք հարվածի առկայությունը։ Մհեր Սահակյանն ասել է, որ եթե թույլ է տվել ինքնապաշտպանության սահմանների անցում, ապա նա պատրաստ է պատասխան տալ։ Մենք չենք զարմանա, եթե գլխավոր դատախազը հանդես գա միայն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։ Բայց կալանավորման միջնորդությունը, եթե լինի, շատ տարօրինակ կլինի նման պայմաններում»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ