Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, կան երկրներ եւ տարածքներ աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարզապես ելք չունի»

Ապրիլ 07,2023 00:50

«Սպորտի միջազգային օրվա» կապակցությամբ այսօր տեղի ունեցավ թեմատիկ քննարկում ոլորտի հիմնախնդիրների շուրջ, որի նպատակն էր ստեղծել համագործակցային հարթակներ սոցիալապես պատասխանատու բիզնեսի, պետական կառույցների, կրթական հաստատությունների, միջազգային, տարածքային, ազգային մարզական  կազմակերպությունների, ԶԼՄ-ների եւ շահագրգիռ այլ կողմերի միջեւ։

Բանախոսներն էին ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հիմնադիր, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։

Ելույթ ունեցողներն անդրադարձան իրենց ոլորտներում առկա խնդիրներին, դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, արեցին կոնկրետ առաջարկներ։

Ելույթների ավարտին Aravot.am-ը հարցեր ուղղեց բանախոսներին։ Մասնավորապես, Տիգրան Հարությունյանից, որպես բիզնեսմենի,  հետաքրքրվեց, թե արդյո՞ք վտանգ չկա, որ սպորտ մուտք գործելով, բիզնեսը իր շահերից ելնելով կարող է վնասել սպորտին, ինչին ի պատասխան պարոն Հարությունյանը նշեց, որ նման վտանգ, այո, կա, դա գոյություն ունի ամբողջ աշխարհում եւ այդ հարցի պատասխանը ոչ- ոք չունի, ամբողջ աշխարհում այդ խնդրի վերջնական լուծում չի գտնված։ Սակայն դրա համար կան միջազգային կառույցներ, ֆեդերացիաներ, որոնք ապահովում են արբիտրաժային ինստիտուտները, կոչված են այդ խնդիրները կանխել կամ նվազագույնի հասցնել։ Նրա համոզմամբ բիզնեսմենը չպիտի ունենա այնքան հնարավորություն եւ իրավունք, որ կարողանա ներազդեցություն ունենալ նման ինստիտուցիոնալ մակարդակում։

Մեզ հետաքրքրեց նաեւ, թե արդյո՞ք, հակասություն չկա սպորտի զարգացման կառավարության միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերում, որտեղ մարզական լրջագույն բարձունքներ նվաճելու նպատակներ են սահմանված, սակայն դրան զուգահեռ  բուհերի խոշորացման նախագիծ են ձեռնարկում, որով երկրի միակ մարզական բուհը, մարզական կադրերի դարբնոցը մտադիր են միավորել մանկավարժական համալսարանի եւ օտար լեզուների ինստիտուտի  հետ, ինչի արդյունքում  սպորտը այդ միավորման մեջ կգոյատեւի լավագույն դեպքում ամբիոնի կարգավիճակում։

Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը գոհունակություն հայտնեց, որ ինստիտուտի ճակատագիրը շարունակում է մտահոգել լրագրողներին։ Նշելով, որ կառավարության ռազմավարությունը մշակվել է մինչեւ 2030 թվականը, տեղեկացրեց, որ բուհերի խոշորացման պրոցեսը նախանշված է 2027 թվականից։ Եվ  ինստիտուտը իր ռազմավարության մեջ ունի հստակ մատնանշված քայլեր, որով 2027 թվականին բուհը կունենա զարգացման այնպիսի ցուցանիշներ, որը պետությունը հաշվի կառնի։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդից, որը օրվա խորհրդի առումով խոսել էր երեխաների ոչ միայն սպորտով զբաղվելու, այլեւ խաղալու իրավունքի մասին, Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Արցախի երեխաների ոտնահարվող իրավունքների մասին։ «Այո, կոնվենցիան գլոբալ է եւ վերաբերում է բոլոր երկրներին եւ տարածքներին։ Այսինքն, երեխաների իրավունքները ունիվերսալ են։ Բայց ցավոք կան երկրներ եւ տարածքներ աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարզապես ելք չունի, չի կարող գործել, հրավիրված չէ այնտեղ աշխատելու եւ գործելու։ Եվ սա վերաբերվում է ոչ միայն վերջին տարիներին, այլ կա խնդրի ծագման օրից։ Սա խնդիր է, որի շուրջ մենք տարիներ շարունակ աշխատում ենք ոչ միայն ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ հարցին լուծում տալու համար, այլ նաեւ ներսում ենք տարբեր աշխատանքներ տանում հնարավոր այլ լուծում գտնելու համար»,-պատասխանեց Քրիստինե Վայգանդը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930