Լրահոս
Օրվա լրահոսը

Բույսերն էլ են «լաց լինում» սթրեսային իրավիճակներում

Ապրիլ 07,2023 09:30

Պարզվում է, որ բույսերն ամենևին էլ լուռ չեն «տառապում»․ այս մասին հայտնում են Cell ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները, որոնք բացահայտել են, որ բույսերը ջրի կարիք ունենալու, էտի, կտրվածքների դեպքում և սթրեսային տարբեր իրավիճակներում մեկ ժամում մոտավորապես 35 ձայն են արձակում։ Իսկ լավ վիճակում գտնվող, ջրված բույսերը ավելի լուռ են և ժամում ընդամենը մեկ ձայն են արտաբերում։

Ծարավից տանջվող բույսերն ուլտրաձայներ են արձակում, որոնց հաճախությունը 20 -100 կիլոհերց է, և մարդիկ այդպիսի ձայներն ի վիճակի չեն լսելու, իսկ այ որոշ կենդանիներ, օրինակ՝ չղջիկները, մկներն ու թիթեռները, ամենայն հավանականությամբ, կարող են։

Իսրայելի Թել Ավիվի համալսարանից Լիլաք Հադանին, որը հետազոտության հեղինակն է,  ուսումնասիրել է ծխախոտի (Nicotiana tabacum) ու լոլիկի (Solanum lycopersicum) ձայները՝ բույսերը տեղավորելով բարձրախոսներով պատված փոքրիկ արկղերի մեջ։ Բարձրախոսները որսացել են անգամ այն ձայները, որոնք լսելի չեն եղել հետազոտողների համար։ Բույսերի արտաբերած ձայները մե՛կ ցածրացել, մե՛կ ուժեղացել են՝ հիշեցնելով «պոպ-քորնի» ճայթյունները․ դա նման չէ երգի՝ ասում է Հադանին։

Բույսերը ձայնալարեր ու թոքեր չունեն, և ինչպես նշում է Հադանին, տեսությունը, որ բույսերը ձայներ են արձակում, հիմնված է բնափայտի՝ քսիլեմայի վրա։ Բնափայտը կամ քսիլեման ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ հյուսվածք է, որը փոխադրում է ջուրը և նրանում լուծված հանքանյութերը՝ արմատներից դրանք հասցնելով ճյուղերին ու տերևներին։

Ջուրը քսիլեմայում մնում է մակերևութային լարման հաշվին՝ ինչպես կարող ենք նկատել ըմպելիքների համար նախատեսված ձողիկների մեջ։ Երբ քսիլեմայում ձևավորվում կամ պայթում է օդային պղպջակը, կարող է փոքրիկ ձայնարձակում առաջանալ, իսկ պղպջակների առաջացումն ավելի հավանական է ջրի պակասից առաջացած սթրեսի դեպքում։ Սակայն ձայների առաջացման հստակ մեխանիզմները դեռ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն, ասում է Հադանին։

Հետազոտողների թիմը մեքենայացված ուսումնասիրության մոդել է ստեղծել, որի միջոցով բույսերի արձակած ձայներից մոտ 70 տոկոս ճշգրտությամբ կարելի է որոշել, թե բույսը կտրվել է արդյո՞ք կամ ջրի կարիք ունի, թե՞ ոչ։ Ենթադրվում է, որ այս մեթոդը կարող է կիրառվել գյուղատնտեսությունում բույսերի աուդիոմոնիթորինգի համար։ Այս մոտեցման գործնական կիրառությունը փորձելու համար հետազոտողները բույսերին ձայնագրել են ջերմոցում։ Համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ, որը մաքրում էր ֆոնային աղմուկը, հնարավոր է եղել լսել բույսերի ձայները։ Պիլոտային հետազոտությունը ցույց է տվել, որ ծխախոտն ու լոլիկը բացառություն չեն։ Անջրդի ցորենը, եգիպտացորենն ու խաղողը նույնպես ձայներ են արձակել։

Տվյալ հետազոտության հեղինակների նախորդ աշխատանքը ցույց էր տվել, որ բույսերը նաև արձագանքում են կենդանիների կողմից արձակվող ձայներին։

Նախկինում Հադանիի թիմը ուսումնասիրել էր, թե կարո՞ղ են արդյոք բույսերը «լսել» ձայները և հայտնաբերել, որ գնարբուկներն, օրինակ, ավելի քաղցր նեկտար են արտադրում թռչող մեղուների ձայների ներքո։

Արդյո՞ք բույսերի ձայներն էկոհամակարգի կարևոր բնութագրերից են, որոնք նույն կերպ են ազդում բույսերի ու կենդանիների վարքագծի վրա։ Սիդնեյի համալսարանի՝ թոշակի անցած կենսաբան Գրեհեմ Փայքի խոսքով՝ այդ տեսությունը հաստատող ապացույցներ դեռևս չկան։ Նա կասկածում է, որ կենդանիները լսում են բույսերի սթրեսային ձայները։ «Քիչ հավանական է, որ կենդանիներն իսկապես լսում են այդ ձայներն այդպիսի հեռավորությունից», -ասում է նա։ Հետագա հետազոտություններով գուցե պարզաբանվեն այդ հարցերը։ Բայց գիտնականը նշում է, որ լիովին համաձայն է այն գաղափարի հետ, որ բույսերը «ճչում են» սթրեսից։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Nature

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930